Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանի զարգացումներով

Հունիս 04,2005 00:00

Իսկ
Ադրբեջանի ընդդիմությունն այսօր նորից դուրս է գալու հանրահավաքի «Եվրամիությունը
անհանգստացած է մայիսի 21-ին Բաքվում տեղի ունեցած միջադեպերով եւ ոստիկանության
կողմից իրականացված բռնություններով, որոնց թիրախ են դարձել ընդդիմությունն ու լրագրողները
այդ օրը տեղի ունեցած ակցիաների ժամանակ»,- ասված է այդ կազմակերպության հայտարարության
մեջ: «Եվրամիությունը կրկնում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր դիմումը,
որտեղ կոչ էր արվել ապահովել ժողովներ անցկացնելու ազատությունը՝ այն հույսով, որ
հետագա քաղաքական ակցիաները չեն ցրվի»: «Եվրամիությունը նաեւ հույս է հայտնում,
որ ընդդիմությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի ցույցերն ու հանրահավաքները
անցնեն խաղաղ պայմաններում: ԵՄ-ն ուշադրությամբ հետեւում է իրադարձությունների զարգացումներին»,-
ասված է ԵՄ հայտարարության մեջ: Մայիսի 21-ին Բաքվում ընդդիմության նախաձեռնած
ցույցից հետո եղել էին ձերբակալվածներ, բայց Հելսինկյան քաղաքացիական միջազգային
ասամբլեայի Ադրբեջանի համանախագահ Արզու Աբդուլլաեւան երեկ «Առավոտին» հայտնեց, որ
նրանք բոլորն էլ ավելի ուշ ազատ են արձակվել: Տիկին Աբդուլաեւան մեզ հետ զրույցի
ժամանակ գոհունակություն հայտնեց, որ Բաքվի դատարաններից մեկում, որտեղ դատում էին
ցույցի մասնակիցներից մի քանիսին, դատավորն աննախադեպ որոշում է ընդունել եւ հենց
դատարանի դահլիճից նրանց ազատ է արձակել՝ հայտարարելով, որ ինքն այդ մարդկանց արարքի
մեջ օրինախախտում չի տեսնում: Այդուհանդերձ, եղել են մարդիկ, ովքեր ընդդիմության
ցույցին մասնակցելու համար խուլիգանության, հասարակական կարգը խախտելու մեղադրանքներով
ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տուգանքների կամ 3-10 օրվա վարչական կալանքի,
թեեւ, մեր զրուցակցի ասելով, նրանցից ոչ ոք իր պատիժը իրականում չի կրել: Իհարկե,
ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից ոչ մեկը չի մասնակցել մայիսի 21-ի ցույցին:
Ա. Աբդուլաեւայի փոխանցմամբ, ընդդիմադիր կուսակցությունների նախընտրական դաշինքի
համակարգող խորհուրդը որոշում է կայացրել, որ առաջնորդները առաջիկա հանրահավաքներում
հանդես չգան՝ դա բացատրելով իշխանությունների նկատմամբ անվստահությամբ եւ ընդդիմադիր
առաջնորդների ձերբակալության վտանգով: Չնայած եվրոպական կառույցների հորդորներին,
Ադրբեջանի ոստիկանությունը երեկ դարձյալ հայտարարել է, որ կասեցնելու է ընդդիմության
չարտոնված հանրահավաքները, որոնցից մեկն էլ այսօր պետք է տեղի ունենա: Ընդդիմությունն
էլ իր հերթին է հայտարարել, թե՝ մտադիր չէ հրաժարվել իր այդ նախաձեռնությունից: «Թեեւ
ոստիկանությունը վճռական է տրամադրված, բայց դա ժողովրդին չի կանգնեցնում»,- վստահեցրեց
Ա. Աբդուլաեւան: Նա հույս հայտնեց, որ չնայած ընդդիմության համար ստեղծված
անբարենպաստ պայմաններին, առաջիկա ընտրությունները կարող են անցնել ժողովրդավարական
չափանիշներով: «Հույսը վերջինն է մեռնում»,- ասաց ադրբեջանցի հասարակական գործիչը՝
հավելելով, որ Ադրբեջանում նորմալ ընտրությունների համար անհրաժեշտ նախապայմանների
եւ մթնոլորտի ձեւավորման ուղղությամբ ակտիվորեն են աշխատում հասարակական եւ քաղաքական
կազմակերպությունները, նաեւ՝ միջազգային կառույցները: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել