Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ

Հունիս 29,2005 00:00

ՈՉ ՄԻԱՅՆ ԽՄԻՉՔ, ԱՅԼԵՎ… ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադառնալով այն տեղեկությանը, թե ինքը ժամանակին աստիճանազրկել է ԼՂՀ պաշտպանության նախարարի եւ փոխնախարարի կողմից հունիսի 21-ին ծեծի ենթարկված ազատամարտիկ, դաշնակցական Պավել Մանուկյանին, ասել էր. «Այո՛, ես նրան կոչումից զրկել եմ՝ իր իսկ դաշնակցական հրամանատարի կողմից ներկայացված բողոքի պատճառով, որ չի համապատասխանում բանակի ստեղծման առնչությամբ առաջադրված խնդիրներին եւ խմիչքի հետ սեր ունի: Ես համարել եմ, որ այդ մարդը սպա չի՝ թույլ է տվել սխալներ, եւ հենց դա է եղել պատճառը, որ ազատել եմ նրան»: Մենք ենթադրել էինք, թե խոսքը Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի մասին է: Սակայն Պավել Մանուկյանը, ում հետ զրուցեցինք Սամվել Բաբայանի այս պնդումների մասին՝ նշեց, թե գումարտակի հրամանատարն այդ ժամանակ Տիրան Խաչատրյանն էր: «Անկախ ամեն ինչից՝ համարում եմ, թե Սամվել Բաբայանի հետ կատարվածը ճիշտ չէր: Երբ նա գտնվում էր Շուշիի բանտում, ինձ շատ վատ էի զգում եւ նույնիսկ ամեն պատեհ առիթ օգտագործում էի՝ ասելու համար, որ չի կարելի այդպես: Իսկ Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ին հայտարարեցի, թե սա թող լինի մեկս մյուսին ներելու օր: Մեր բոլոր սխալները բխում են նրանից, որ մեկս մյուսին չենք ներում,- նաեւ ասաց պրն Մանուկյանը:- Իսկ թե այժմ ինչ է ասել Սամվել Բաբայանը՝ չեմ ուզում մեկնաբանել: Եթե գտել է, որ պետք էր ասել այդ խոսքերը՝ չեմ ուզում քննարկել այդ թեման: Լավ կլիներ, եթե չասեր, քանի որ հենց իր շրջապատի մեջ էլ շատ կային մարդիկ, որ ոչ թե խմիչք, այլ շատ ուրիշ բաներ էին օգտագործում: Մարդիկ, որոնց հեղինակության հետագիծն ասուպի պես վայր ընկավ: Ամեն դեպքում, ասում եմ, որ Սամվել Բաբայանը մեծ ներդրում ունի արցախյան բանակի կայացման մեջ, հարգում եմ նրա ասպետական անցյալը: Ուստի այդ թեմաներին չեմ անդրադառնա՝ մեծահոգի եմ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել