Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 07,2005 00:00

Մեկնաբանում
է «Արմատ» կենտրոնի անդամ, ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը Հայաստանի
Հանրապետության հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, բազմիցս եւ նույնիսկ ներքաղաքական
ճգնաժամային իրադրություններում ապացուցել է իր կենսունակությունը: Հուլիսի 5-ին
դա էին պնդում ՀՀ նախագահը, վարչապետն ու խորհրդարանի նախագահը ՀՀ 10-ամյա Սահմանադրության
տոնի առիթով մեր հասարակությանն ուղղված իրենց ուղերձներում: Այդուհանդերձ, 1998-ից
ի վեր, երբ Հայաստանում իշխանությունը ստանձնեց Ռոբերտ Քոչարյանը, սահմանադրական
փոփոխությունները համարվեցին անհրաժեշտություն, իսկ ԵԽ անդամակցությունից հետո դա
դարձավ նաեւ միջազգային այդ կառույցի՝ ՀՀ-ին ներկայացված պահանջներից մեկը: 10
տարի առաջ Սահմանադրության ընդունմանը մեծապես նպաստած Արա Սահակյանից հետաքրքրվեցինք
նման մոտեցման պատճառների մասին: «1998-ի հեղաշրջման մասնակիցների ծրագրում
դա չկար: Պարզապես Ռ. Քոչարյանը դա գնահատեց իբրեւ նախկիններին մտրակելու լրացուցիչ
գործիք եւ խորությամբ չիմաստավորելով դրա հետեւանքները՝ նույնիսկ սահմանադրական հանձնաժողով
ստեղծեց: Բայց եթե մազութի հարցում նրա ծրագիրը պարզ էր՝ ամեն կերպ քրեականի պիտակ
կպցնել «նախկիններին», ապա սահմանադրափոխության հարցում բավականին անորոշ էր: Դա
էր պատճառը, որ այդ խնդիրը նա հանձնարարեց իր աչքին ոչ այնքան մեծ հեղինակություն
վայելող Պարույր Հայրիկյանին, որի թեթեւ ձեռքով այդ հանձնաժողովը անպտուղ վախճան
ունեցավ»,- ասաց պրն Սահակյանը: Հիշեցնենք, որ 2003-ին Սահմանադրության փոփոխության
հանրաքվեի արդյունքում ընտրություններին մասնակցած շուրջ 1 մլն 200 հազար ընտրողներից
կես միլիոնից ավելին դեմ քվեարկեց այդ նախագծին: Տարբեր կարծիքներ կան, թե ինչու
այդ փոփոխությունները 2003-ին չանցան: Ա. Սահակյանի կարծիքով, դրա պատճառն այն էր,
որ «արտաքին ինչ-որ մի ուժ Քոչարյանին թույլ չտվեց կեղծել հանրաքվեի արդյունքները»:
«Արմատ» կենտրոնի ներկայացուցչի համոզմամբ, Քոչարյանն իր կամքից անկախ է կանգնել
սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության առջեւ եւ «հիմա ցուգցվանգի իրավիճակում
է հայտնվել: Հիմա նրան քայլեր են պարտադրվում, ընդ որում՝ ոչ թե հասարակական կարծիքի,
ընդդիմության կամ քաղաքական իշխանությունը ներկայացնող եռյակի կողմից, այլ՝ դրսից»:
Տեսակետ կա, թե մասնավորապես ԵԽ-ն հատկապես պնդում է սահմանադրական փոփոխությունների
հարցը հանրաքվեի դնելու իր պահանջը մեկ նպատակով՝ սրել ներքաղաքական իրավիճակը, ընդդիմությանը
դրդել ակտիվ գործողությունների, որոնք կարող են հանգեցնել իշխանափոխության: Հակառակ
դեպքում անհասկանալի է, թե ինչու ԵԽ-ն ՀՀ-ին ներկայացված մյուս պահանջների իմաստով՝
«Ա1+»-ի վերաբացում, 2003-ի ընտրությունները կեղծողների, 2004-ին մարդու իրավունքների
զանգվածային ոտնահարման դեպքերի պատասխանատուների հայտնաբերում եւ պատժում, պակաս
հետեւողական է: Արդյո՞ք այն պատճառով, որ Արեւմուտքում հասկացել են, որ որեւէ երկրում
ժողովրդավարական փոփոխություններն ու իշխանափոխությունները սկսվում են հենց ընտրություններից:
Մեր այդ ենթադրությանը Արա Սահակյանը պատասխանեց. «Կա այդպիսի տեսակետ, բայց նույն
ընդդիմության մեկ այլ թեւ, նկատի ունեմ ԱԺՄ-ի բեկորներին, մի այնպիսի ոգեւորությամբ
է լծվել այդ փոփոխությունների գործին, որ որեւէ սթափ մոտեցման, առավել եւս՝ ակտիվացման
նշույլ չի երեւում: Նրանց ավելի շատ գրավում է արտասահման հաճախ այցելությունները
կամ սահմանադրական փոփոխությունների հեղինակ լինելու փառքը, քան հետեւանքները, որոնք
մեր պետականության համար մեծագույն վտանգ են ներկայացնում»,- հայտարարեց Ա. Սահակյանը՝
հավելելով, թե ընդդիմության այդ թեւն այսօր դավաճանում է ընդդիմության այն հայտարարության
ոգուն, թե միայն օրինական իշխանությունների օրոք է հնարավոր խոսել սահմանադրական
փոփոխությունների մասին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել