Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈԲԻՆՍՈՆՆ

Հուլիս 14,2005 00:00

ՌՈԲԻՆՍՈՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՎՐԴՈՎՎՈՒՄ Բայց եթե իմանա, որ մեր կառավարությունը, այնուամենայնիվ, թաքուն վաճառել է էլեկտրացանցերը, նա կհիասթափվի: Ի տարբերություն նախորդ շաբաթ ասուլիսում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) վաճառքի մասին արած կոշտ հայտարարություններին, երեկ Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը նույն գործարքի վերաբերյալ բավականին մեղմ արտահայտվեց: Հիշեցնենք, ըստ պարոն Ռոբինսոնի գնահատականների, գործարքը տեղի էր ունեցել (եթե տեղի է ունեցել) ոչ թափանցիկ պայմաններում, որ ՀԲ-ն դրա վերաբերյալ բացատրություններ է պահանջելու ՀՀ կառավարությունից, որ կառավարման հանձնելու մասին ՀԷՑ-երի պարզաբանումը զավեշտ է եւ այլն: Բացի այն, որ ՀԲ-ն բաց ու արդար սկզբունքներով կառավարման, գործարքներ կատարելու ջատագով է, այս կառույցի սրտացավությունը բաշխիչ ցանցերի դեպքում պայմանավորված է նաեւ Հայաստանի էներգետիկայի համակարգում ՀԲ-ի ներդրումներով ու տրամադրած վարկերով: Սակայն պրն Ռոբինսոնը սեփական վրդովմունքը փարատելու համար դեռեւս ՀՀ կառավարություն չի դիմել եւ երեկ մտադրություն հայտնեց վերջինիս ներկայացուցիչների հետ նախ ոչ պաշտոնական հանդիպում ունենալ՝ «հասկանալու համար թե ինչ է կատարվում: Ինչ-որ բաներ ինձ համար պարզելուց հետո ես առաջիկա շաբաթվա ընթացքում իրենց գրավոր կդիմեմ: Պարզաբանելու դեռ շատ բան կա»: Եթե պարոն Ռոբինսոնը նախորդ անգամ հավաստիացրել էր, որ «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը պատկանող կայքում իր աչքով տեսել է ՀԷՑ-ը 73 միլիոն դոլարով ձեռք բերելու մասին տեղեկությունը, ապա երեկ կոչ էր անում հավատալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այն հայտարարությանը, որ «Միդլենդ Ռիսորսիզ» ընկերությունից գույքի փոխանցման հետ կապված որեւէ հարցում չի ստացել (հավատում ենք, բայց հնարավո՞ր է, չէ՞, վաճառել են առանց որեւէ հարցման): «Բայց մյուս կողմից, եթե ինչ-որ մեկը ասում է, որ մենք բաժնետոմսերի առք ու վաճառք ենք իրականացրել, բայց այդ առք ու վաճառքը չի համապատասխանում օրենքին, ապա այս ամբողջ խաղի մեջ ինչ-որ մեկը թյուրիմացության մեջ է եւ պետք է բացատրություններ տալ»,- ասաց ՀԲ ներկայացուցիչը: Երեկվա իր ասուլիսում նա նաեւ հայտնեց, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւս հետաքրքրված է այս հարցով: Եթե, այնուամենայնիվ, պարզվի, որ ՀԷՑ-ի վաճառքը տեղի է ունեցել, ինչպե՞ս է իրեն զգալու ՀԲ ներկայացուցիչը: Այդ հարցին պրն Ռոբինսոնը պատասխանեց. «Խորապես հիասթափված: Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության, գնման եւ վաճառքի պայմանագրի, ինչպես նաեւ լիցենզիայում սահմանված դրույթների համաձայն չի վաճառքը կատարվել, ապա դա խոսում է այն մասին, որ ձեր հասարակությունը խարսխված է ոչ թե օրենքի գերակայության, այլ անարխիայի վրա: Մեր ծրագրերի հիմնական ուղղություններից մեկն է՝ Հայաստանում բարելավել գործարար միջավայրը: Ինչպե՞ս եմ ես բարելավում այն, եթե օրենքի գերակայությունը երկրում չի պահպանվում»: Երեկ հենց այդպես կիսահիասթափված էլ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը ասուլիսում հայտնեց, որ 15 միլիոն դոլարի վարկ է տրամադրելու՝ Հայաստանում քաղաքային ջեռուցման ծրագիր իրականացնելու համար: Վարկով նախատեսվում է բարելավել մայրաքաղաքից դուրս 100 դպրոցների, ինչպես նաեւ 10 հազար ամենաաղքատ ընտանիքների ջերմամատակարարումը: Վարկը կտրամադրվի 40 տարի մարման ժամկետով: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել