Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԸ

Օգոստոս 06,2005 00:00

ԴԵՍՊԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀՀ-ում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում անդրադառնալով այն հարցադրմանը, թե ի՞նչ կարող է լինել, եթե խորհրդարանական ընդդիմությունը, այնուամենայնիվ, չմասնակցի սահմանադրական բարեփոխումների քննարկումներին, նկատել է, թե այդ հարցում հայաստանյան ընդդիմությունը պառակտված է. «Մի կողմից՝ «Արդարություն» դաշինքը նշում է, որ լավ կլինի, որ մասնակցեն բարեփոխումներին, մյուս կողմից՝ դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է մասնակցությանը: Յուրաքանչյուր կուսակցություն, այդ թվում՝ ընդդիմադիր, ինքն է որոշում ինչպես հասնել իր քաղաքական նպատակներին: Բայց այս պարագայում խոսքը չի վերաբերում առանձին կուսակցությունների քաղաքական նպատակներին: Այստեղ հարցը վերաբերում է համազգային խնդրի լուծմանը՝ սահմանադրական բարեփոխումներին, որի ընդունումը կարող է ավելի լավը լինել, քան 1995-ին ընդունված Սահմանադրությունը: Իսկ դա կնշանակի, որ Հայաստանը ժողովրդավարության առումով մեկ քայլ առաջ է գնում»: Նա մտավախություն է հայտնել, որ «եթե ընդդիմությունը կամ նրա մի մասը կոչ անի իր կողմնակիցներին դեմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին կամ բոյկոտի հանրաքվեն, ապա բարեփոխումներ չեն լինի, եւ մենք կունենանք 95-ի Սահմանադրությունը, որը չի արտահայտում հասարակության ներկայիս պահանջմունքները», եւ բոլոր կողմերին կոչ է արել «սթափ գնահատել իրավիճակը»: Անդրադառնալով Հայաստանում հեղափոխություն իրականացնելու հավանականությանը՝ դեսպանը հայտարարել է, թե ինքը էվոլյուցիոն զարգացման կողմնակից է եւ դեմ է բռնություններին, իսկ հեղափոխությունը, նրա համոզմամբ, բռնություններ է ենթադրում: «Հայաստանում մարդիկ չեն սպասում, որ իշխանափոխությունից հետո իրենց կենսամակարդակը կբարելավվի: Շատերը դրա համար այլ հնարավորություններ ունեն՝ անկախ այն բանից, թե ինչպիսին է իշխանությունը: Մարդկանց ճնշող մեծամասնությունը վստահ չէ, որ այն ուժերը, որոնք կգան իշխանության, կկարողանան բարելավել իրենց վիճակը: Այդ պատճառով բառի ուղղակի իմաստով Հայաստանում հեղափոխական իրավիճակ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել