Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Օգոստոս 23,2005 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԽԱՅՏԱՌԱԿՎԵՑԻՆՔ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ «Միսս Հայաստան» մրցույթի հաղթող Անուշ Գրիգորյանը Գեղեցկության միջազգային կազմակերպության կողմից պաշտոնապես որակազրկվել է եւ չի կարող մասնակցել առաջիկա մրցույթին: Այս մասին հայտարարվել էր Պանամայում օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Խոսվել էր նաեւ այն մասին, որ հուլիսի 30-ին Չինաստանում կայացած «Միսս միջմայրցամաքային» գեղեցկության մրցույթում լավագույն հնգյակում հայտնված եւ ապա 4-րդ տեղը զբաղեցրած Անուշ Գրիգորյանը հաղթել է, քանի որ կաշառված են եղել դատավորներից երեքը՝ վերջիններիս հանձնվել է 10 հազար եվրո: Ի դեպ, Հայաստանի ներկայացուցչի նկարը հանված է նաեւ հեղինակավոր մրցույթի վեբ-կայքից՝ www.missintercontinental.com -ից, որտեղ Անուշի անվան կողքին մեծ-մեծ տառերով գրված է՝ DISQUALIFIED (որակազրկված է): Ցավալի կլինի, եթե իսկապես հաստատվի կաշառատվության փաստը: Կստացվի, որ Հայաստանը չբավարարվելով «ներքին» կոռուպցիայով, արդեն «հաջողություններ» է գրանցում միջազգային ասպարեզներում: Հավանաբար լրագրողների հնարավոր «ոտնձգություններից» պաշտպանվելու համար էր «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը քանի օր անջատել բջջայինը: Երեկ վերջապես հաջողվեց կապվել նրա հետ: Պրն Արիստակեսյանը սկզբում հրաժարվեց կատարվածի առնչությամբ պարզաբանումներ տալ, ասաց, որ բնավ չի էլ պատրաստվում այդ թեմայով ասուլիս հրավիրել: Այնուհետեւ խոստովանեց, որ իսկապես հայուհուն որակազրկել են: Թե ինչո՞ւ, խոստացավ համապատասխան հաղորդագրությունն ուսումնասիրելուց հետո առաջիկայում պարզաբանումներ տալ թերթերից մեկում: Նա նաեւ նշեց, որ կաշառք տալու մասին ասեկոսեները չեն համապատասխանում իրականությանը: Կապվեցինք նաեւ «Ակյան պրոդաքշըն» ընկերության ներկայացուցիչ, «Հարս» հանդեսի խմբագիր Կարին Իսրայելյան-Ակյանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս համագործակցում է «Միսս Հայաստանի» հետ: Տիկին Իսրայելյան-Ակյանն ասաց, որ առաջին անգամ է լսում Անուշի հետ կատարվածի մասին, իսկ Կարեն Արիստակեսյանի հետ վերջերս ծանոթացել են դիզայներ Գեւորգ Շադոյանի միջոցով: Հետո էլ ավելացրեց. «Գեղեցկուհու հետ կապ ունենք միայն այնքանով, որ նա Գեւորգ Շադոյանի զգեստներն է կրել Չինաստանում: Իսկ կատարվածի համար ցավում եմ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել