Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ,
ԹԵ՞ ՊՈՊՈՒԼԻԶՄՈ՞Վ

Սեպտեմբեր 07,2005 00:00

Դա
կերեւա առաջիկա օրերին, երբ ԴԱՀԿ-ն կփորձի մաքրել «Հյուսիսային պողոտայի» ճանապարհը
Արդեն մի քանի օր է, ինչ Երեւանի Կենտրոն համայնքի Բուզանդի 15 հասցեին հարող
փողոցի բնակիչները հուսահատ փորձեր են անում պաշտպանելու ՀՀ Սահմանադրությամբ իրենց
վերապահված սեփականության իրավունքը եւ իրենց տները քանդող տրակտորների ճանկերից
փրկելու համար: Մարդիկ, ովքեր արդեն համոզված են, որ դատական ատյաններից պաշտպանություն
ակնկալել չեն կարող, արդեն մի քանի օր է, ինչ փողոցի վրա բարիկադներ են կառուցել
ու փորձում են պաշտպանվել հարկադիր կատարածուներից ու կարմիր բերետավորներից: Բնակիչների
կազմակերպած անհնազանդության այս ակցիային առայժմ հենց բարիկադների մոտ աջակցում
են «Հյուսիսային պողոտայի» եւ «Դալմայի այգիների» իրացման «զոհերը»՝ ի դեմս «Պետության
կարիքների զոհեր» կազմակերպության անդամների: Ու մինչ մարդիկ պատրաստվում
են ծայրահեղ միջոցների՝ տունն այրելուն կամ ինքնասպան լինելուն, իրավապահների հետ
կռիվ տալուն, ընդդիմության ներկայացուցիչները, ովքեր պատեհ ու անպատեհ առիթներով
վկայակոչում են ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու նրանց կոչ անում միանալ,
կանգնել ընտրություններից առաջ ու հետո իշխանութունների դեմ կռիվ տալու համար ընդդիմադիրների
կառուցած «բարիկադներին», այս դեպքում բավարարվում են իրենց գրասենյակներում հերթական
վտարվողներին կարեկցելով եւ օրինախախտման փաստն արձանագրելով: Մինչ օրս, ոչ «Ազգային
միաբանության, ոչ «Նոր ժամանակների», ոչ ՀՀՇ-ի, ոչ «Ժողովրդավարական Հայրենիքի» կամ՝
«Ազատական առաջադիմական կուսակցության», ոչ էլ «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցությունների
ներկայացուցիչները կամ՝ առավել եւս, որեւէ պատգամավոր չի բարեհաճել լինել Բուզանդի
փողոցի բնակիչների կառուցած «բարիկադների» վրա: Թվում է, թե դա ժողովրդի համակրանքը
վաստակելու լավագույն ձեւը պետք է լիներ, բայց… Երեկ մենք զրուցեցինք ընդդիմադիր
դաշտի մի քանի ներկայացուցիչների հետ: «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
Արամ Կարապետյանը, որը վերջերս Նոր-Նորքի համայնքում կուսակցության նախաձեռնած հանրահավաքում
անդրադարձել էր այդ խնդրին, երեկ մեզ փոխանցեց հետեւյալը. «Կուսակցության դիրքորոշումն
այդ հարցի առնչությամբ միանշանակ է: Ի՞նչ լավ բան կա, երբ մարդկանց իրենց տներից
փողոց են նետում»: Ինչ վերաբերում է մասնակցությանը Բուզանդի փողոցում ծավալվող զարգացումներին,
ապա՝ Ա. Կարապետյանի ասելով, կուսակցությունում երեկ այդ հարցը քննարկվել է, եւ Կենտրոնի
ու այլ համայնքային կառույցներ առաջիկա 1-2 օրերին կմասնակցեն բնակիչների բողոքի
ակցիաներին: Պատասխանելով մեր այն հարցին, թե դա նշանակո՞ւմ է արդյոք, որ կուսակցության
անդամները գնալու ու կանգնելո՞ւ են վտարվողների իրավունքները պաշտպանելու համար,
պարոն Կարապետյանն ասաց. «Կարծում եմ, որ նման մի բան անպայման կանենք: Գործընկեր
կուսակցություններից որեւէ մեկի հետ մենք չենք քննարկել այդ հարցը, բայց որ ՆԺ-ի
Կենտրոնի ու որոշ այլ կառույցներից անպայման դրան կմասնակցեն՝ միանշանակ է»: ՀԺԿ
մամլո խոսնակ Ռուզան Խաչատուրյանն էլ, որ համամիտ չէր մեր այն դիտարկմանը, թե՝ ընդդիմությունն
անտեսում է «Հյուսիսային պողոտայի» «զոհերի» իրավունքներն ու նրանց կողքին չէ, ասաց.
«Ես ինքս բացի այդ փողոցի «զոհերից» մեկը լինելուց, նաեւ որպես Կենտրոն թաղապետի
թեկնածու, երեկ իմ քարոզարշավը սկսել եմ հենց Բուզանդի փողոցից: Ինչ վերաբերում է
«Արդարություն» դաշինքին, ապա մենք, ի դեմս ՀԺԿ անդամ Վարդան Մկրտչյանի եւ ԱԺ «Արդարություն»
խմբակցության պատգամավոր Թաթուլ Մանասերյանի, մշտական կապի մեջ ենք վտարվողների հետ:
Անցած մի քանի օրերին եղել ենք նրանց կողքին եւ փորձում ենք օպերատիվորեն արձագանքել
բնակիչների ահազանգերին: Ավելին, «Արդարություն» խմբակցությունը խորհրդարանում արդեն
շուրջ երկու ամիս է ստորագրահավաք է նախաձեռնել՝ այդ բնակիչների իրավունքները ՀՀ
Սահմանադրական դատարանում քննության առնելու համար: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է
հավաքել 44 պատգամավորի ստորագրություն, բայց դա մեզ չի հաջողվում անել: Մեր նախաձեռնությանը
131 պատգամավորներից համաձայնել է միանալ շուրջ 30 պատգամավոր»: Մնում է ենթադրել,
թե ՀՀ ԱԺ-ում, իբր, ժողովրդավարության առաջընթաց ապահովող, մարդու իրավունքները երաշխավորող
սահմանադրական փոփոխություններ քննարկող ու քարոզող խորհրդարանական մեծամասնությունը,
որ հույս ունի այդ փոփոխություններն ընդունելու համար ստանալ հասարակության մեծամասնության
աջակցությունը, ինչու չի ուզում այսօ՛ր, գործող Սահմանադրությամբ ամրագրված ՀՀ քաղաքացիների
իրավունքները պաշտպանել կամ դրանք քննարկման առարկա դարձնել ՍԴ-ում: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել