Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան

Սեպտեմբեր 09,2005 00:00

Մեքենան «սաղացրին» վարորդի վրա 1,35 մլն դրամ գնահատված «ԿամԱԶ»-ը շահագործվելուց «թարմացավ» եւ գնահատվեց 6,3 մլն դրամ 25 եւ ավելի տարիների աշխատանքային ստաժ ունեցող 1-ին կարգի վարորդ Միլիտոս Օհանյանի պատմությունը սկսվել է 1989 թվականից, երբ ՌԴ-ից «Երեւանշին» ՊՓԲԸ տեղափոխեց «ԿամԱԶ- 55111» մակնիշի ավտոմեքենա: Վարորդը 1996-ին տեղափոխվեց «Հայաստան շինարար» ԲԲ ընկերություն, որը «Երեւանշինի» դուստր ձեռնարկություններից մեկն էր: «Շինարարը», սակայն, շուտով լուծարվեց, ինչի պատճառով Օհանյանը ազատվեց աշխատանքից: Այդ ժամանակ «Ալեքշինմոնտաժ» ՍՊԸ-ն (նախկինում՝ «Հայմոնտաժ») 1 մլն դրամով գնեց պետական ձեռնարկությունից Միլիտոսի «ԿամԱԶը». «Ինձ հանձնարարվեց ապամոնտաժել շարժիչը եւ պարզել անսարքության պատճառը: Սակայն ապամոնտաժման արդյունքում պարզվեց, որ մեքենան այլեւս հնարավոր չէ շահագործել առանց կապիտալ վերանորոգման»,- ասում է «Առավոտին» դիմած Միլիտոս Օհանյանը: Մեքենան ապամոնտաժված վիճակում մնացել էր վարորդի տան բակում, մինչ տնօրենը կտեղափոխեր այն: Սակայն որոշ ժամանակ անց վարորդը ծանուցագիր է ստանում, Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանից եւ տեղեկանում, որ «Ալեքշինմոնտաժին» պատճառել է 6 մլն 300000 դրամի վնաս: «1989-ին արտադրված եւ 1999-ին 1 մլն դրամով ձեռք բերված մեքենան այս 15 տարիների ընթացքում ոչ ընթացիկ, ոչ էլ կապիտալ չի վերանորոգվել»,- նշում է Օհանյանի փաստաբան Արամ Կարախանյանը, ինչը, սակայն, հաշվի չառան դատարաններում, ինչպես հաշվի չառան նաեւ փաստաբանի այն հայտարարությունը, որ «ԿամԱԶը» տեղափոխելու ակտը չի կազմվել ճիշտ ժամանակին, բնականաբար հստակեցված չի եղել տվյալ պահին մեքենայի տեխնիկական վիճակը: Գործում կար տեղեկանք, որ մեքենան վարորդի բակից դուրս է բերվել փետրվարի 17-ին, մինչդեռ նշել էին, թե դուրս է բերվել փետրվարի 27-ին: Ի դեպ, դատարան ներկայացած վարորդներից Բ. Իսրայելյանը հայտարարեց, որ որեւէ փաստաթուղթ չի ստորագրել, իսկ վերամբարձիչի վարորդ Ա. Ավետիսյանն էլ, որը մասնակցել էր մեքենայի բարձմանը, ասաց, որ որեւէ ակտի տակ չի ստորագրել: Դատական գործընթացների ժամանակ Միլիտոսը տեղեկացավ, որ «ԿամԱԶը» սեփականաշնորհված է եղել «Ալեքշինմոնտաժ» ՍՊԸ-ի նախագահ Ալեքսան Պետրոսյանի անունով: «Իսկ ես անգամ իմ անձնական օգտագործման «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան եմ վաճառել եւ ամբողջ գումարը դրել «ԿամԱԶ»-ի վրա՝ համոզված, որ մեքենան սեփականաշնորհումից հետո իմն է լինելու»,- դառնացած նշում էր Մ. Օհանյանը: Երբ «ԿամԱԶը» ենթարկել են ապրանքագիտական փորձաքննության, պարզվել է, որ մաս-մաս եղած մեքենան գնահատվել է 1,35 մլն դրամ, իսկ, ըստ մասնագետների, դրա վերանորոգման համար անհրաժեշտ էր 5,3 մլն դրամ: Մեքենան 1999թ. հունվարի հաշվեկշռում եղել է 960 հազար դրամ: Ուրեմն ի՞նչ, շահագործելուց հետո «ԿամԱԶը» թանկացա՞վ: Վճռաբեկ դատարանում «ԿամԱԶ»-ի վարորդին պարտավորեցրել են 4 ամսվա ընթացքում Խուդյակովի փողոցի 84/1 շենքի արգելանքի տակ գտնվող նրա բնակարանը վաճառել՝ «Ալեքշինմոնտաժ» ՍՊԸ-ին պատճառած վնասը փոխհատուցելու համար: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել