Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԵԳՈՐԾԻ ՄՈՒԹ ԳՈՐԾԵՐԸ

Սեպտեմբեր 17,2005 00:00

Կասկածելի վարկ ունեցող նախկին նախարար Գառնիկ
Նանագուլյանը այժմ ղեկավարում է Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի գրասենյակը: Գառնիկ
Նանագուլյանը Հայաստանում պաշտոնավարած թերեւս ամենաանձեռնմխելի նախարարն է եղել:
Բոլոր կասկածելի իրավիճակներում նրան փրկել է ինչ-որ առեղծվածային ուժ: 1996-98 թվականներին
ՀՀ արդյունաբերության պատասխանատուն աչքի է ընկել այդ տարիներին իրականացված մի շարք
սեփականաշնորհումներով (ԱրմենՏել, «Արմենիա» հյուրանոց, Սոտքի ոսկու հանքեր), որոնք
մամուլը բնորոշել է իբրեւ «մութ գործարքներ»: Բայց ահա թե ինչ է գրվել Հայ օգնության
ֆոնդի պաշտոնական կայքում Գառնիկ Նանագուլյանի մասին, երբ նախկին նախարարը անցյալ
տարի գլխավորեց Նյու Յորքում գտնվող ՀՕՖ-ի կենտրոնական գրասենյակը. «Նանագուլյանը
Հայաստանում կազմակերպել եւ իրականացրել է կառուցվածքային բարեփոխումներ՝ տոտալիտար
ռեժիմից դեպի ժողովրդավարություն անցած ուղու ընթացքում»: Կենսագրական մի
շարք տվյալներ քիչ բան չեն ասում անկախությունից հետո Կանադայում Հայաստանի դեսպանի
եւ ապագա նախարարի մասին: 1975-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո նա Մոսկվայում
սովորում է բարձրագույն կուսակցական դասընթացներում եւ ավարտում ՊԱԿ-ի դպրոցը (հայրը
եղել է ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանատան զինվորական կցորդը): Ի դեպ, պարոն Նանագուլյանը նույնպես
պաշտոնավարել է Վաշինգթոնի ԽՍՀՄ դեսպանատանը: Իսկ Կանադայում ՀՀ դեսպանի պաշտոնում
նա պաշտոնավարեց միայն 1996-ին՝ հունվարից նոյեմբեր: Նույն տարվա նոյեմբերին ՀՀ վարչապետ
Արմեն Սարգսյանի հրավերով ժամանեց Հայաստան՝ գլխավորելու ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության
նախարարությունը: Ի՞նչ կատարվեց ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության ոլորտի հետ: Ոչինչ:
Հասարակությունը այդ ոլորտում տեղի ունեցած շարժին տեղեկացավ պարոն Նանագուլյանի
հրաժեշտի ասուլիսից: 98-ի նոյեմբերի 17-ին տված այդ ասուլիսում նա արձանագրեց, որ
«համակարգի 490 ձեռնարկությունից 202-ում գրանցվել է նախորդ տարվա համեմատ թողարկված
արտադրանքի աճ», ապահովել է թեթեւ արդյունաբերության 120 տոկոս աճ, իսկ մետալուրգիայի
բնագավառում՝ 125 տոկոս աճ: Նաեւ նշեց, որ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է
803 մլն ԱՄՆ դոլար: Այս աճերի ֆոնին հետաքրքիր էր, որ դեռեւս նույն տարվա հուլիսին
մամուլում տեղեկություններ սպրդեցին, որ նախարար Գառնիկ Նանագուլյանը ընտանիքով մեկնել
է Կանադա եւ մտադիր չէ վերադառնալ. արդյունաբերական աճ ունեցող երկրի նախարարն ընտանիքին
հեռու է պահում իր հաջողություններից: Վերադառնալով՝ Նանագուլյանը չի հերքում ընտանիքին
երկրից հեռացնելու մասին տեղեկությունը: Նոյեմբերին հրաժեշտի ասուլիսում տեղեկացնում
է, որ «5 ամիս առաջ դիմում է ներկայացրել վարչապետին՝ խնդրելով ազատել իրեն աշխատանքից»:
Բայց դատախազությունից ստացած մեր տեղեկություններով՝ պաշտոնանկ լինելուց որոշ ժամանակ
հետո Գառնիկ Նանագուլյանը գտնվում է դատախազության ուշադրության կենտրոնում (այս
լուրը դուրս է մնացել հանրապետության մամուլի ուշադրությունից): Տվյալ փաստը հաստատեցին
նաեւ ազգային անվտանգության ծառայության մեր աղբյուրները: Դատախազությունից ասացին,
որ պարոն Նանագուլյանին, այսինքն նախկին ՊԱԿ-ի աշխատակցին, հանգիստ թողեցին՝ «քննության
այլ ընթացք ստանալու պատճառով»: ԱԱԾ մեր աղբյուրների պատմելով՝ Նանագուլյանին ինչ-որ
մարդիկ տեղեկացրել էին իր դեմ պատրաստվող նյութերի մասին եւ հենց դա էլ արագացրել
է նրա հեռացումը մեր երկրից, այսինքն՝ իր հայրենիքից: Մինչդեռ մեր հերոսն ասում է,
որ պաշտոնաթող է եղել առողջական պատճառներից ելնելով: Ի՞նչ էր պատահել: Բայց ինչո՞ւ
ՊԱԿ-ի աշխատակցով հետաքրքրվեց դատախազությունը: Բանն այն է, որ այդպես էլ
կասկածելի մնացին Գառնիկ Նանագուլյանի գլխավորությամբ իրականացրած երկու ձեռնարկությունների
(«Արմենիա» հյուրանոցի եւ Սոտքի ու Մեղրաձորի ոսկու հանքերի) սեփականաշնորհման կամ
օտարման արդյունքները: Մեր տեղեկություններով՝ դատախազությանն ավելի շատ հետաքրքրում
էր Սոտքի եւ Մեղրաձորի ոսկու հանքերի, ինչպես նաեւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի
միավորման պատմությունը: Սակայն այս մասին՝ մի քիչ հետո: «Արմենիայի» սեփականաշնորհումից
նույնպես մնացին մի շարք հանելուկներ: «Արմենիան» վաճառվեց 8 մլն դոլարով, բայց հյուրանոցի
հաշվեհամարից անհայտ պայմաններում կորավ «Արդշինբանկում» պահ տված 400 հազար դոլարը,
որը կոլեկտիվի ավելի քան 600 ներկայացուցչի ողջ եկամուտն էր: 8 մլն-ից առաջին փուլում
փոխանցվել է 4 մլն 800 հազար դոլար, որից 850 հազարը տրվել է Merill Lynch խորհրդատվական
ընկերությանը՝ ներդրումային խորհրդատվության համար: Ողջ 8 մլն-ից մոտ 3 մլն-ն հողի
վարձն էր: Այս ամենը հարցեր էր առաջացնում: Նախորդ գումարման ԱԺ-ի ամբիոնից
արդեն 2000-ին Գառնիկ Նանագուլյանի հասցեին սկսեցին հնչել դաժան հայտարարություններ,
2000-ի հուլիսին ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանին հետաքրքրում էր, թե ո՞ւր են «զամորռսկի
աֆերիստներ» «Արմենչիկ Դարբինյանը, Նանագուլյանը: Կամ էստեղ, կամ դրսում վայելում
են կողոպտվածը»: Պարզ դարձավ նաեւ, որ Նանագուլյանը հյուրանոցի սեփականաշնորհումն
իրականացրել էր՝ խոչընդոտներ ստեղծելով ավելի մեծ ներդրումային գումարներ խոստացող
գործարար եւ բարերար Վաչե Մանուկյանի առջեւ (30 մլն դոլար), որը պարտավորվում էր
նաեւ կանխիկ 10 մլն ԱՄՆ դոլար վճարել հյուրանոցը ձեռք բերելու համար: Պարոն Մանուկյանը
պարզապես դուրս էր մղվել աճուրդից: Կարլ Բազարյանի եւ Նշան Աթենիզյանի ղեկավարած
«East-Western Financial Services Ltd» ընկերությունը խոստանում էր վճարել 8 մլն
դոլար եւ կատարել 22 մլն դոլարի ներդրումներ: Հենց այդ պայմաններով էլ նրանք հաղթեցին:
Հետագայում այս երկու գործարարները, որոնք ՀՕՖ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում
էին, լրջորեն նպաստեցին, որպեսզի Նանագուլյանը դառնա ՀՕՖ-ի գործադիր տնօրեն: Սակայն
«Արմենիայի» սեփականաշնորհման պատմության մեջ առավել զավեշտալին այն է, որ գնորդին
(«East-Western Financial Services Ltd») եւ վաճառողին (կառավարությանը) ներկայացնում
է նույն իրավաբանը՝ Թոմ Սամվելյանը: Բայց ինչո՞ւ էր Գառնիկ Նանագուլյանը համաձայնվել
ավելի քիչ գումարով կատարվելիք ներդրումներին: «Արմենիայի» սեփականաշնորհման պատմությամբ
զբաղվեց նույնիսկ ՀՀ նախագահին առընթեր համապատասխան հանձնաժողովը: Ինչպես տեղեկացնում
է հանձնաժողովի ներկայանալ չցանկացող անդամներից մեկը, քննության առարկա էին դարձել
ոչ այնքան շորթված, որքան բյուջե չմտած գումարները: Մեր աղբյուրն ասում է, որ խոսքն
առնվազն մի քանի հարյուր հազար դոլարի մասին է: Վերջինս վստահեցրեց, որ նյութերը
ներկայացրել են ՀՀ դատախազություն: «Ցավոք, դատախազությունն առանձնապես հետամուտ
չեղավ գտնելու այդ գումարները»,- ասաց այդ հանձնաժողովի անդամը եւ ավելացրեց, որ
մինչեւ այսօր էլ հայտնի չէ՝ բյուջեն այդ գումարից մի լումա շահե՞ց, թե՞ ոչ: Ինչ
վերաբերում է ոսկու հանքերի միավորմանն ու սեփականաշնորհմանը՝ այստեղ պատմությունն
ավելի մութ է: ՀՀ կառավարության 1998-ի նոյեմբերի 9-ի թիվ 697 որոշման համաձայն,
Սոտքի եւ Մեղրաձորի հանքերն ու համալիրները, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան միավորվում
են «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկության ՍՊԸ-ի մեջ: Այս ձեռնարկությունների
միավորման աշխատանքները կազմակերպում է «Հայոսկի» ՓԲԸ-ն (ձեռնարկությունների վերադասը),
որի տնօրեն Սաբիր Ստեփանյանը գրչի մի հարվածով, համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի
36-1 հոդվածի, մի քանի հարյուր հոգու ազատում է աշխատանքից՝ «կատարելով վերջնահաշվարկ»:
«Հայոսկու» 1150 աշխատող դիմում է հանրապետության լրատվամիջոցներին եւ հայտարարում,
որ բողոքում է «ձեռնարկության դիտավորյալ սնանկացման դեմ»: Պարզվում է, որ այս հանքերը
տարեկան ստացել եւ վերամշակել են 2-3 տոննա մաքուր ոսկի պարունակող հանքաքար: Այսինքն՝
ոսկին կա, կա նաեւ աշխատանքը, ոչ մի պատճառ չկա, որ հիմնարկը սնանկանա: Կոլեկտիվը
դիտավորյալ սնանկացման համար մեղադրում է առեւտրի եւ արդյունաբերության նախարարությանն
ու ձեռնարկության ղեկավարությանը, որոնք, ըստ կոլեկտիվի, ստացել եւ ծախսել են աննպատակ
վարկեր: Նախարարությունը հրավիրում է «ներդրողներ» (ըստ տեղեկությունների՝ կանադացիներ),
որոնք պետք է աշխատեցնեն միավորված ձեռնարկությունը: Կոլեկտիվը հայտարարում է, որ
ձեռնարկության կանգնեցումը, սնանկացումը, այնուհետեւ արտասահմանյան «ինվեստորի» հրավիրումը
«արտադրության վերագործարկման» նպատակով ձեռնտու է միայն նրանց, «ովքեր «հաջող» գործարք
իրականացնելուց հետո բարձր աշխատավարձով տեղավորվում են համատեղ ձեռնարկությունում»:
Նրանց մեջ նշվում է առեւտրի եւ արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանի իրավախորհրդատու
Վ. Վարդանյանի անունը: Վերջինս ոչ մի կապ չունի լեռնամետալուրգիայի հետ: Նշվում են
նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի բաժնի վարիչներ Արմեն Դավթյանի ու Նորիկ Պետրոսյանի
անունները, որոնք նույնպես ոչ մի կապ չունեն լեռնամետալուրգիայի հետ: Այս պատմության
մեջ ի հայտ է գալիս հետեւյալը: Սոտքի հանքավայրում առկա է 24,182 մլն տոննա հանքաքար՝
164, 6 տոննա մաքուր ոսկու պաշարներով: Ներդրողը պարտավորվում է մինչեւ 2008-ը արդյունահանել
6,01 մլն տոննա հանքաքար, 42,7 տոննա ոսկի: Իսկ մնացածի «ճակատագրի» մասին ոչինչ
չի ասվում: Ներդրողը չի էլ պարտավորվում ներկայացնել մնացած 18 մլն-ի ճակատագիրը:
Դատախազությանը հատկապես հետաքրքրում է այն փաստը, որ համատեղ ձեռնարկության պայմանագրի
եկամուտների ու ծախսերի հաշվարկում չափազանցված են օպերացիոն ծախսերը, կապիտալ ներդրումների
ծավալները, որոնք ոսկու կորզման ցածր աստիճանի հետ մեկտեղ արհեստականորեն նվազեցրել
են իսկական շահույթը եւ հատկապես ՀՀ բյուջե սպասվելիք մուտքերը: ԱԺ կուլուարներում
խոսում են, որ նախարարական գործունեության արդյունքում Նանագուլյանը 1 միլիոն դոլարը
գերազանցող շահույթներ է ստացել: Նախարարական պաշտոնավարման ավարտին Վիճակագրության
ազգային ծառայությունն արձանագրում է, որ Հայաստանում արձանագրվել է արդյունաբերության
ընդամենը 0,6 տոկոս աճ: Նանագուլյանը ողջ պաշտոնավարման ընթացքում միայն մեկ անգամ
է դժգոհություն հայտնում այս երկրում կատարվող գործընթացներից: 97-ի ամռանը, երբ
նրա ղեկավարած նախարարությունը վերանվանվում է «առեւտրի, զբոսաշրջության, սպասարկման,
արդյունաբերության եւ էկոնոմիկայի նախարարության», նա դժգոհում է, թե «կառուցվածքային
փոփոխությունները պետք է տարանջատեն ֆունկցիաներն այնպես, որ կառավարությունում սեմինարներ
չկարդան»: Սա է կառուցվածքային բարեփոխումներ իրականացրած նախարարի՝ մեզ հայտնի միակ
միտքը նրա նախարարության ողջ ընթացքում: Նանագուլյանն այդպես էլ ոչ մի տող չի ասում
մեր արդյունաբերության էության մասին: Փոխարենը ԱԺ պատգամավոր, «ԻՄԱԿ» հայ-իտալական
ֆիրմայի նախագահ Գագիկ Պողոսյանը 97-ի սեպտեմբերի 6-ին ահա թե ինչպես է բնորոշում
ՀՀ արդյունաբերությունում ստեղծված իրական վիճակը: «Մեր արդյունաբերությունը քայքայող
երեւույթներից մեկն էլ բանկերի բարձր տոկոսադրույքներն են: Անցած տարի ԱԺ-ն վավերացրեց
11,5 մլն դոլարի 0,75 տոկոսադրույքով արդյունաբերական վարկի ծրագիրը: Այսօր նույն
վարկը բանկերը տրամադրում են 20 տոկոսով: Մեռած արդյունաբերությունը կարո՞ղ է դուրս
գալ այդ տոկոսների տակից: Ինչ-ինչ մեքենայությունների միջոցով բանկերը մեծ փողեր
են շինում, իսկ արտադրական ձեռնարկությունները՝ սնանկանում: Կառավարությունը չունի
վարկերի բաշխման մեխանիզմեր»,- ասում է ԱԺ պատգամավորը: Գառնիկ Նանագուլյանը բանկերից
ոչ մի դժգոհություն չի հայտնում: Տարվա վերջին արդյունաբերական գրեթե բոլոր ուղղություններով
արձանագրվում է նահանջ՝ 96-ի ցուցանիշների նկատմամբ: Աճ է արձանագրվում միայն սննդի,
հախճապակու եւ անտառային, փայտամշակման արդյունաբերության ոլորտում: Անկում է գրանցվում
նույնիսկ ալրաղաց-ձավարեղենի եւ համակցված կերերի արդյունաբերության մեջ: Գառնիկ
Նանագուլյանն այն երջանիկներից էր, որ Հայաստանից հեռացավ այդպես էլ իր ունեցվածքն
ու ձեռքբերածը չհայտարարագրած: «ՀՀ ֆիզիկական անձանց գույքի, եկամուտների եւ ծախսերի
հայտարարագրման մասին» օրենքի նախագիծը ՀՀ կառավարությունում քննարկվել է նրա հրաժարականից
միայն 4 տարի անց: Մարդը պարզապես գալիս է դրսից, նրան վստահում են արդյունաբերությունը,
իսկ նա իրականացնում է սեփականաշնորհումներ, մոտ հազար հոգու զրկում աշխատանքից,
տուն պահելու հնարավորությունից ու թողնում-գնում: Բացարձակապես առանց պատասխան տալու:
1999-ին Գառնիկ Նանագուլյանը վերադառնում է Կանադա եւ, մեր տեղեկություններով, անմիջապես
զբաղվում ԱՄՆ բնակության իրավունք շնորհող «Գրին քարտ» ձեռք բերելու ուղղությամբ:
Անցյալ տարի մասնակցում է ՀՕՖ-ի կենտրոնական գրասենյակի ղեկավարի պաշտոնի համար հայտարարված
մրցույթին: ՀՕՖ-ը Հայ առաքելական եկեղեցու կառույց է, ստեղծվել է 1989-ին՝ Սպիտակի
երկրաշարժի արդյունքում: Եվ անցյալ տարի հոկտեմբերին հայտնի է դառնում, որ «Արմենիայի»
վերոնշյալ տերերի ակտիվ աջակցությամբ եւ ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս
Պարսամյանի թողտվությամբ ՀՕՖ-ը գլխավորելու է ՀՀ առեւտրի եւ արդյունաբերության նախկին
նախարար, արդեն ամերիկաբնակ, ՊԱԿ-ի աշխատակից Գառնիկ Նանագուլյանը: Նրան հաջողվել
էր ձեռք բերել «Գրին քարտը»: Նախկին նախարարը մայիսին այցելում է Հայաստան եւ այստեղ
իր ներքո գտնվող կառույցներում անմիջապես կատարում կրճատումներ: Անօգնական է թողնում
մարդկանց Հայ օգնության ֆոնդի գործադիր տնօրենը: Իբրեւ նախարար մարդկանց առանց աշխատանքի
եւ առանց փողի թողնելը մի քիչ հասկանալի էր՝ պետական պաշտոնյան իր քաղաքացու մասին
չի սիրում մտածել, ավելին՝ նա մտածում է իր քաղաքացու դեմ: Բայց ՀՕՖ-ը եկեղեցու կառույց
է: Հարցերի հարցն այն է թե մեր եկեղեցին, հանձին Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի,
ինչպե՞ս է ՀՕՖ-ը վստահել մեկին, ով այս երկրում անօգնական եւ անճար է թողել բազում
մարդկանց: ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Հ. Գ. ՀՕՖ-ում նրա պաշտոնավարումը նշանավորվել
էր նաեւ նրանով, որ անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ում կազմակերպված տելետոնի ժամանակ
ամերիկահայ բարերար Անուշ Մաթեւոսյանը ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի «բարձր ներկայությամբ»
ՀՕՖ-ի հաշվին էր փոխանցում 275 հազար դոլար՝ Ստեփանակերտում դպրոց կառուցելու նպատակով:
Սայլը տեղից չի շարժվում: Այս տարվա հունիսին Անուշ Մաթեւոսյանը նամակով դիմում է
Գառնիկ Նանագուլյանին եւ տեղեկացնում, որ հրաժարվում է դպրոց կառուցելու գաղափարից:
Այս մասին ԼՂ իշխանությունները տեղեկանում են «Առավոտից» եւ ոչ թե ՀՕՖ-ի գործադիր
տնօրենից: «Առավոտը» պատրաստակամ է հրապարակել նաեւ պրն
Նանագուլյանի պարզաբանումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել