Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ

Սեպտեմբեր 17,2005 00:00

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԸՆԿԵՐ ՀՄԱՅԱԿԸ Նախկին դաշնակցական Հմայակ Հովհաննիսյանը պնդում է, որ Դաշնակցության կայացման գործում իր ավանդը մեծ է եւ լուրջ: Սակայն դաշնակցականներն ամենեւին էլ այդ կարծիքին չեն: Մեզ հետ զրույցում, երբ փորձում էինք բացահայտել, թե ո՞վ էր ԱԺ պատգամավոր, նախկին ՀԺԿ-ական, նախկին «Կայունություն» խմբի ղեկավար, նախկին «ԱՄ» խմբակցության անդամ, նախկին դաշնակցական Հմայակ Հովհաննիսյանը մինչեւ հեղափոխությունը, նա ամենեւին չթաքցնելով իր անցյալը՝ ասաց. «1990-1991 թթ. եղել եմ ՀՅԴ անդամ՝ հատուկ կարգավիճակով: Ինչո՞ւ եմ եղել, որովհետեւ դա այն ժամանակ միակ ձախակողմյան կուսակցությունն էր: Տեղի ունեցավ աջակողմյան շեղում մեր քաղաքական իրականության մեջ, եւ վտանգ կար, որ մեր քաղաքական դաշտը միակողմանի աջակողմյան լիբերալ ուղղվածություն կունենա, մինչդեռ քաղաքական դաշտի համար չափազանց կարեւոր է, ինչպես յուրաքանչյուր մարդու առողջ օրգանիզմի համար, որպեսզի բոլոր վիտամինները, բոլոր անհրաժեշտ կենսական նյութերը օրգանիզմում լինեն: Կոմկուսն արգելվեց, եւ քաղաքական դաշտում միայն ՀՀՇ-ն էր եւ նրան հարող կազմակերպությունները, չկար մի կազմակերպություն, որն առանցքային նշանակություն տար սոցիալական խնդիրներին: Դաշնակցությունը խոստանում էր դա անել: Ընդամենը խոստանում էր՝ ինչպես հետագայում պարզվեց: Ես նպաստեցի, որպեսզի Դաշնակցությունը վերահաստատվի երկրում, ես նպաստեցի այն բանին, որ Դաշնակցությանը շանս տրվի կայանալ որպես ձախակողմյան քաղաքական կուսակցություն, եւ իմ մեղքը չի, որ հետագայում Դաշնակցությունը այդ շանսից չօգտվեց, եւ ես ստիպված եղա Դաշնակցությունից դուրս գալ՝ 1992-ին: Երկու տարի ես եղել եմ Դաշնակցության անդամ, ես դա չեմ թաքցնում: Դրանից հետո, հիասթափվելով, դուրս եկա, քանի որ Դաշնակցությունը հետագայում համաձայնեց հենարան դառնալ այն գործիչների համար, օրինակ՝ Վազգեն Մանուկյանին, որոնք սոցիալիստական արժեքների կրողներ չէին։ Ես հասկացա, որ ՀՅԴ-ն իր առաքելությունը հրաժարվում է կատարել՝ ավելի շատ տուրք տալով մարտավարական խնդիրներին՝ թե ինչպես կարճ ժամանակամիջոցում իշխանության հասնել, իսկ ռազմավարական իր առաքելությունը՝ պաշտպանել բանվոր-մշակին, որի մասին կա ՀՅԴ օրհներգում, ահա այդ բանվոր-մշակի հանդեպ իրենց պարտքը կատարելու խնդիրը իրենք մոռացան»: Հմայակ Հովհաննիսյանին այս մենախոսության ընթացքում մի քանի անգամ փորձեցինք ընդհատել եւ հարցնել, թե ի՞նչ է նշանակում ՀՅԴ-ի մեջ լինել «հատուկ կարգավիճակով», սակայն մեր զրուցակիցը ոչ մի կերպ չէր ուզում այդ հարցը լսել: Ստիպված ասվածների կապակցությամբ երեկ փորձեցինք ստանալ դաշնակցականների կարծիքը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանին խնդրեցինք հստակեցնել՝ ի՞նչ է նշանակում կուսակցության մեջ լինել հատուկ կարգավիճակով, մանավանդ՝ դաշնակցականի սառեցված անդամության մասին լսել էինք, բայց «հատուկ կարգավիճակը» մի փոքր անհասկանալի էր: Լեւոն Մկրտչյանն այս եւ պրն Հովհաննիսյանի մյուս ասածների կապակցությամբ ասաց. «Դաշնակցության մեջ «հատուկ կարգավիճակ» գոյություն չունի: ՀՅԴ-ն ունի անդամներ, որոնք կուսակցության լիարժեք անդամներ են, երդվում են եւ վճարում են անդամավճարը, կատարում են իրենց կանոնադրային պարտականությունները, ունի համակիր անդամներ, որոնք կուսակցության անդամներ չեն, բայց համակրում են կուսակցության քաղաքականությունը եւ այս կամ այն հարցում օժանդակում են: Բայց կարգապահական ամբողջ համակարգը նրանց նկատմամբ չի աշխատում: Կուսակցության այն անդամները, որոնք անցնում են պետական աշխատանքի, որտեղ պահանջ կա կուսակցականությունը սառեցնելու, բնականաբար, այդ պահանջը կատարվում է։ Օրինակ՝ Կիմ Բալայանը եւ ՊՆ-ի մեր շատ-շատ ընկերներ, որոնք տարբեր աստիճաններում ծառայում են բանակին, իրենց ծառայության ընթացքում անկուսակցական են: Սա է ՀՅԴ կառուցվածքը, մնացած «հատուկ կարգավիճակների» կամ բանագնացների մասին, վստահաբար կարող եմ ասել, որ չունենք»: Իսկ որքանո՞վ է Հմայակ Հովհաննիսյանը նպաստել Դաշնակցության վերակերտմանը: Լեւոն Մկրտչյանը հիշեցրեց, որ այդ գործում մեծ դեր ունեցել են Հրայր Կարապետյանը, Վահան Հովհաննիսյանը, Ռոլանդ Շառոյանը, Ռուբեն Հովսեփյանը եւ մյուսները, սակայն այդ ցուցակում կարծես չկա Հմայակ Հովհաննիսյանի անունը, իսկ թվարկված անուններից ոչ մեկը «իրեն թույլ չի տալիս ասել, թե հատուկ դերակատարություն է ունեցել Դաշնակցության՝ այստեղ վերակերտմանը: Ամբողջ կուսակցությունը եւ գաղափարական մարդկանց մի մեծ խումբ, որոնց մի մասը իր կյանքը տվեց ԼՂ-ում, վերընձյուղեցին ՀՅԴ-ն Հայաստանում, այդ թվում նաեւ՝ սփյուռքահայեր: Սրա մասին է խոսքը. մնացյալը, այդպիսի հայտարարություններ անելը ես համարում եմ էթիկայի նորմերից դուրս, հատկապես պարոն Հովհաննիսյանը գիտի, որ Դաշնակցությունը իր գործունեությունը մեկ անձի վրա կառուցող կազմակերպություն չէ»: Լեւոն Մկրտչյանը հերքեց նաեւ պարոն Հովհաննիսյանի մյուս պնդումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել