Լրահոս
Օրվա լրահոսը

Սեղանն ուղղանկյուն չէ

Սեպտեմբեր 23,2005 00:00

Սեղանն ուղղանկյուն չէ Բայց կարող է դառնալ, եթե համապատասխան «վերաբերմունք» դրսեւորվի Երեւանի նախկին քաղխորհրդի գործկոմի որոշմամբ՝ Կալենցի փողոցում 1946թ. 120 քաղաքացի ստացել է տնամերձ հողամաս: Նրանցից մեկի՝ Կիրակոս Գասպարյանի Կալենցի 25 հասցեում գտնվող տունն ու հողակտորը 1975-ին նրանից գնել է Վազգեն Բադալյանի ընտանիքը: Բոլոր հողակտորներն էլ ունեին հավասարաչափ 900 քմ տարածք եւ երկրաչափական սեղանի ձեւ, այն է՝ 18 գծամետր ստորին ճակատ, 22մ՝ վերին եւ 45 գծամետր երկարություն: 1986-ին հողամասի նոր չափուձեւից հետո, դրա տեխնիկական անձնագրում գծվել է գծագիր: Ըստ դրա, հողն ուղղանկյուն է, երկու ճակատն էլ հաշվարկվել է 12 գծամետր եւ ընդհանուր տարածքն արդյունքում դարձել է 540 քմ: Հողի չափերի մասին 1975թ. առուծախի պայմանագրում հիշատակում չկա, որովհետեւ տունը սեփական էր, իսկ հողը՝ պետական, եւ գնորդն առանձնակի ուշադրություն չի դարձրել հողամասի չափերի խախտմանը: Անցյալ տարի Վ. Բադալյանը իր տան տարածքից 34,4 քմ վաճառել է Վարուժան Ավետիսյանին, 130 քմ էլ տվել է վարձակալության՝ հետագայում այն գնելու պայմանով: Բադալյան ամուսինները զուգահեռաբար դիմում են Դավիթաշենի կադաստրի ստորաբաժանում՝ իրենց հողամասի սեփականության վկայական ստանալու համար: Բայց ստորաբաժանումում դիմումը մերժում է՝ հաշվի առնելով տեխնիկական անձնագրում գրանցված թիվը՝ 540 քմ: Վ. Ավետիսյանն այս մասին պատմում է Բադալյանների հողամասին կից բնակվող եւ իր ազգական Հենրիկ Ավետիսյանին, սա էլ իր որդուն՝ ոստիկանության աշխատակից Արմեն Ավետիսյանին: Վերջինս որոշում է, օգտվելով խառնաշփոթից, թյուրիմացության պատճառով չգրանցվող հողակտորի տեր դառնալ եւ իր հոր հետ դատական հայցով 2004թ. ապրիլին ներկայանում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքի առաջին ատյանի դատարան, ուր արդեն դիմել էին Բադալյանները՝ իրենց հողը ամբողջությամբ գրանցելու պահանջով: Դատական քննության ընթացքում պարզվում է, որ մինչ Բադալյանների դատարան դիմելը՝ մարտին, դատարանը հարցում է արել կադաստրի Դավիթաշենի տարածքային ստորաբաժանում՝ ճշտելու, թե որքան է Բադալյանների եւ Վարուժան Կարապետյանի հողատարածքների մակերեսը: Օրերս խմբագրություն այս բողոքը բերած Վազգեն Բադալյանի կինն ու նրա լիազոր ներկայացուցիչը՝ Աղուն Աճեմյանը վերը ներկայացրածը հաստատող փաստաթղթերից բացի, նշեց, որ քաղաքի գլխավոր հատակագծում, արխիվներում եւ ընդհանրապես որեւէ տեղ ապացույց չկա, որ այս տարածքում ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել ժամանակին բաժանված հողամասերի չափերի փոփոխություն: Այդ դեպքում ի՞նչ հիմքով են բոլոր ատյանների դատարանները վճռել Հենրիկ Ավետիսյանի հողակտորը 900 քմ-ից դարձնել 1035 քմ: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930