Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՆԵՐԸ

Սեպտեմբեր 24,2005 00:00

ՏՂԱՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՄԵԴԱԼՆԵՐԻ Երեկ Հերցեգ Նովիում (Սերբիա եւ Չեռնոգորիա) շախմատի Եվրոպայի պատանիների անհատական առաջնությունը հատեց եզրագիծը: Հինգ տարիքային խմբերում՝ 10, 12, 14, 16, 18, պատանիներն ու աղջիկները խաղատախտակների առջեւ հարաբերությունները պարզեցին վերջին՝ 9-րդ տուրում: Հայաստանի աղջիկները, ցավոք, այլեւս դժվար թե ի վիճակի լինեն պայքարել մրցանակային տեղերի համար: Նրանցից մի քանիսի նպատակը լավագույն տասնյակներում տեղ գրավելը պետք է լիներ: Իսկ ահա մեր տղաների մեջ քիչ չեն մեդալների թեկնածուները: Խոսքն առաջին հերթին վերաբերում է 16-ամյա Զավեն Անդրիասյանին, որը, ամբողջ մրցաշարում ցույց տալով կայուն արդյունքներ, տուրից-տուր բարձրացնելով խաղի որակը՝ նախավերջին տուրում տարավ հերթական կարեւոր հաղթանակն ու 6,5 միավորով դարձավ միանձնյա առաջատար՝ 0,5 միավորով առաջ անցնելով 2-6-րդ տեղերը բաժանող մոտակա մրցակիցներից: Երեկ Զավենն ուժերը չափելու էր լեհաստանցի Տոմաշ Վարակոմսկիի հետ: Մեդալի հավակնում էին նաեւ 12 տարեկանների խմբում հանդես եկող Հայկ Թամազյանը, որը 6,5 միավորով վերջին տուրից առաջ բաժանում էր 3-4-րդ հորիզոնականները, 10 տարեկանների պայքարի մասնակից Ռաֆայել Գաբրիելյանը, որը 6 միավորով 5-7-րդ տեղերը բաժանողների խմբում էր, ինչպես նաեւ Արման Փաշիկյանը (18 տարեկաններ), որը 5,5 միավորով բաժանում էր 5-10-րդ տեղերը՝ առաջատարին զիջելով մեկ միավորով: Արոնյանի ակումբն առաջատարն է Իտալիայի Սան Վինսենտ առողջարանային քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը նույնպես մոտենում է ավարտին: Տղամարդկանց 21-րդ առաջնության 48 եւ կանանց 10-րդ առաջնության 11 ակումբները չեմպիոնին ու մրցանակակիրներին որոշելու են 7 տուրում: Որ Հայաստանը տղամարդկանց մրցապայքարին թիմ չի ներկայացրել, սակայն մեր երեք գրոսմայստերներ պաշտպանում են Ռուսաստանի ակումբների պատիվը, տեղեկացրել ենք: Հինգերորդ տուրում «Տոմսկ-400»-ը համառ պայքարում 3,5:2,5 հաշվով պարտության մատնեց «Լադյա Կազանին» ու 22,5 միավորով ստանձնեց առաջատարի դերը: «Տոմսկում» 1-ին խաղատախտակի առջեւ հանդես էր գալիս գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Նա ոչ-ոքի խաղաց Վալերի Յանդեմիրովի հետ: Անզիջում ստացվեց նաեւ Եվրոպայի ակումբային վերջին երկու առաջնությունների հաղթող Ֆրանսիայի «NAO Chess Club»-ի եւ Ռուսաստանի «Ուրալի» միջեւ մրցակցությունը, որում հաջողությունն ուղեկցեց ֆրանսիացիներին՝ 3,5:2,5: Երկրորդ խաղատախտակի առջեւ Վլադիմիր Հակոբյանը սեւերով միավորը բաժանեց Էտյեն Բակրոյի, իսկ 6-րդ խաղատախտակի առջեւ Ռաֆայել Վահանյանը հաշտություն կնքեց Լորան Ֆրեսսինեի հետ: Կանանց պայքարում հերթական անգամ անհաջողության մատնվեց Երեւանի «Միկան»: Մեր աղջիկների քառյակը 1,5:2,5 հաշվով զիջեց Պոդգորիցայի «Ինտերնետին»: Էլինա Դանիելյանը, Նինո Կուրցիձեն եւ Նելլի Աղինյանը խաղաղությամբ բաժանվեցին մրցակիցներից, իսկ Օլգա Ալեքսանդրովան պարտություն կրեց: «Հարավային Ուրալը» դժվարին հաղթանակ տոնեց AVS-ի նկատմամբ: Ռուսաստանցիներին հաղթական միավորը պարգեւեց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը, որը 3-րդ խաղատախտակի առջեւ պարտության մատնեց Տատյանա Կոսինցեւային: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել