Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամատիկի նոր թատերաշրջանը

Սեպտեմբեր 29,2005 00:00

Հոկտեմբերի 1-ին Հ. Ղափլանյանի անվան Երեւանի
դրամատիկական թատրոնը կբացի իր 37-րդ թատերաշրջանը: Երեկ թատրոնի
գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանը հրավիրել էր մամլո ասուլիս:
«36-րդ թատերաշրջանում ստեղծվեց Շեքսպիրի «Մակբեթը», մանկական մեկ ներկայացում՝ «Կանգ
առ, երկրագունդ», որը խաղացվել է ընդամենը երկու անգամ»,- ասաց Ա. Խանդիկյանը: 2004-ին
«Մակբեթը» նվաճեց Թատերական գործիչների միության «Արտավազդ» գլխավոր մրցանակը: Այն
Հակոբ Ղազանչյանի օգնությամբ ներկայացվեց Լեհաստանի Գդանսկ քաղաքում օգոստոսի 6-13-ը
կայացած շեքսպիրյան փառատոնում: Այն, ըստ պարոն Խանդիկյանի, տասնամյա պատմություն
ունեցող բավականին լուրջ փառատոն է, որին 2004-ին մասնակցել է աշխարհի 18-20 երկիր:
«Թատրոնի շփումը այլ երկրների հետ ուղղակի անհրաժեշտ եմ համարում եւ այդ առումով
ողջունելի է, որ Հայաստանում կայանում են «Արմմոնոն» ու «Հայֆեստը»: «Մակբեթը» կներկայացվի
մյուս տարի Մոսկվայում կայանալիք Հայ մշակութային օրերի ծրագրում: Ես շատ կուզենայի,
որ մեր թատերախումբը հաճախ հանդես գա Մոսկվայում: Այնտեղ ամեն ինչ աշխույժ է եւ,
ի տարբերություն մեզ՝ բարձր մակարդակի է թատերաքննադատությունը: «Մակբեթը» ներկայացված
է նաեւ պետական մրցանակի: Կշահի՞, թե՞ ոչ՝ հայտնի չէ»,- ասաց Ա. Խանդիկյանը: Վերադառնալով
թատրոնի խնդիրներին՝ գեղարվեստական ղեկավարը տեղեկացրեց, որ Շեքսպիրի «Մակբեթը»,
Պ. Զեյթունցյանի «Կանգ առ, երկրագունդը» եւ Հ. Մաթեւոսյանի «Չեզոք գոտին» ֆինանսավորել
է ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանը: Վերջինի համար պետպատվերով հատկացվել է 10 մլն դրամ:
Աշխատանքները ընթացքի մեջ են եւ 80 տոկոսով արդեն պատրաստ: «Գործը բավական բարդ ու
խորիմաստ է իր մոտեցմամբ, տեսակով, ոճով շատ է տարբերվում վարպետի արդեն բեմադրված
այլ գործերից: Եթե չեմ սխալվում՝ Մաթեւոսյանի միակ գործն է, որ գրված է երկխոսության
ոճով»,- ասաց պրն Խանդիկյանը: Թատրոնի խաղացանկում կա 15 գործ, նախատեսվում
է 5-ով թարմացնել: Հոկտեմբերի 30-ին տեղի կունենա «Չեզոք գոտի» ներկայացման պրեմիերան,
որը նվիրվում է Հ. Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակին: Նոյեմբերի 10-15-ը պատրաստ կլինի
«Միսյո Ամիլկարը», այն 20 տարի առաջ բեմադրել է Գուժ Մանուկյանը եւ այժմ էլ ու գլխավոր
դերում դարձյալ սիրված դերասանն է: Փետրվարին կներկայացվի բուլղարացի դրամատուրգի
«Գնդապետ Թռչունը», որը բեմադրում է երիտասարդ ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը: «Թող զարմանալի
չթվա, սակայն որոշել ենք իրականացնել թատրոնի նկարիչ Կարեն Գրիգորյանի մտահղացումը,
բեմադրել Անտուան դ՛Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Այժմ բանակցություններ են
տարվում մի շատ սիրելի բեմադրիչի հետ, որը մեզ մոտ չի աշխատում: Գլխավոր դերում հանդես
կգա Հրաչյա Հարությունյանը: Մեր ծրագրում կա Չեխովի «Իվանով» պիեսը, որը բեմադրելու
եմ ես: Այն ռուս իրականության մեջ շատ քիչ է խաղացվել, իսկ հայ թատրոնում, չգիտեմ՝
անդրադարձե՞լ են, թե՞ ոչ: Վլադիմիր Մսրյանի հետ մտահղացել ենք բեմադրել «Ռիչարդ Երրորդի»
հիման վրա շեքսպիրյան գործերից մի ներկայացում»,- տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական
ղեկավարը: Ռ. ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930