Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՖԵԴԵՐԱՑԻԱ.

Հոկտեմբեր 07,2005 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՖԵԴԵՐԱՑԻԱ. ՆՈՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Եթե մինչեւ հիմա մարզական ֆեդերացիաների տարեկան ծախսերը որպես կանոն կատարում էր ՀՀ սպորտպետկոմը, եկող տարվանից պետական կառույց-ֆեդերացիաներ աշխատանքային հարաբերությունների սկզբունքն արմատապես փոխվելու է: Սպորտպետկոմը ֆեդերացիաների տարեկան բյուջեն հաստատելուց հետո գումարն ըստ եռամսյակային ծրագրերի փոխանցելու է վերջինների հաշվեհամարին ու նրանք էլ տնօրինելու են ծախսերը: Այսպիսով, հստակ տարանջատվելու է մարզաձեւերի զարգացման, միջազգային մրցումներում գրանցվող արդյունքների համար պատասխանատվության խնդիրը, որն անկատար ու «լղոզված» լինելու պատճառով հիմա էլ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Երեկ ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել էր հանրապետության 24 մարզական ֆեդերացիաների նախագահների՝ քննարկելու այս հարցի հետ կապված օրակարգային խնդիրները, կայացնելու միասնական որոշումներ: «Ըստ պետական բյուջեի՝ ութ ծրագիր կա, որոնցով պետք է աշխատենք մեծ սպորտում,- ասաց նա:- Առաջնայինն, իհարկե, այն ֆինանսական միջոցներն են, որ պետք է հատկացնենք ֆեդերացիաներին: Կարեւոր եմ համարում ֆեդերացիաների հաշվետվությունների ներկայացման ժամանակաչափը: Հիմա դա արվում է յուրաքանչյուր ամիս: Դա բավականին թղթատար գործ է ու առաջացնում է ֆեդերացիաների դժգոհությունը: Առաջարկվում է եկող տարվանից անցնել եռամսյա ցիկլի»: Իշխան Զաքարյանը հրապարակեց 2006 թվականին ֆեդերացիաներին պետբյուջեով հատկացված գումարները: Ընդհանուր առմամբ այն կազմում է 684 մլն 347 հազար դրամ, նախորդ տարվա համեմատությամբ 115 մլն 888 հազար դրամով ավելի: Ու ֆեդերացիաների նախագահներին հորդորեց հատկացվելիք գումարները ծախսել միայն երեք տարիքային խմբերում հանրապետության առաջնությունների անցկացման, միջազգային մրցումներին մասնակցելու եւ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու վրա, ինչպես սահմանվում է օրենքով: Ու նախազգուշացրեց. «Մնացածը ֆինանսական կոպիտ խախտում կլինի, -ասաց նա: -Պետական կառույցը ֆեդերացիաների անդամավճարներ մուծելու, ինչի մասին վերջին շրջանում մամուլում հաճախ է խոսվում, նրանց այլ ծախսերը հոգալու իրավունք պարզապես չունի ու միջոցներ չի հատկացնում»: «Հաջորդ հարցերը, որոնք պետք է քննարկենք ու կողմնորոշվենք, 2006 թվականին հավաքականների մարզիչների վարձատրությունն է, որի համար պետությունը հատկացրել է 17 մլն դրամ եւ հավաքականների միասնական մարզազգեստի խնդիրը: Ինչպե՞ս բաշխվի աշխատավարձը, արեք առաջարկություններ, եկեք ընդհանուր հայտարարի ու վճիռ կայացրեք: Ինչ վերաբերում է մարզազգեստին, մեզ համար նշանակություն չունի, թե որ հավաքականը ինչ մրցման է մեկնում: Ես միշտ էլ դիմել եմ ֆեդերացիաների նախագահներին միասնական մարզազգեստ ունենալու համար: Այս անգամ, ինչպես ասում են, «չոր» որոշում ենք կայացնելու: Մյուս երկրների թիմերը դրսում ներկայանում են գեղեցիկ, միասնական մարզազգեստով, իսկ մեր մարզիկները հագնում են ով ինչ ունի: Ինքներդ մտածեք, թե ինչ ֆիրմայի, ինչ տեսքի մարզազգեստ կարելի է ձեռք բերել: Ուզում եմ, որ դա լինի բոլորիդ ճաշակով ու ցանկությամբ»: Ծավալված քննարկումների ընթացքում, ինչպես եւ սպասվում էր, ֆեդերացիայի նախագահները հիմնականում խոսեցին հատկացվող գումարների սղության մասին: Համաձայնելով դրան՝ Ի. Զաքարյանը եւս մեկ անգամ կրկնեց, որ սա ընդամենը պետական աջակցություն է, պետությունը անում է այն, ինչ այս պահին ի վիճակի է: Ֆեդերացիաները պետք է գումարների հայթայթման սեփական միջոցներ ունենան՝ այլ ճանապարհ չկա: Շահագրգիռ քննարկում եղավ ֆինանսական գործառույթների հարցում օրենսդրական դաշտի ստեղծած դժվարությունների շուրջ, եղան կոնկրետ առաջարկներ: Դրանց բոլորին հանգամանալից բացատրություն տվեց հավաքին հրավիրված ֆինանսների նախարարի 1-ին տեղակալ Պավել Սաֆարյանը: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել