Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը Հայաստանում փող կծախսի

Հոկտեմբեր 08,2005 00:00

ԱՄՆ-ը Հայաստանում փող կծախսի Հանուն դեմոկրատիայի «Այնքան էլ երկար ժամանակ չի մնացել մինչեւ հերթական ընտրությունները, այնպես որ՝ կարելի է այդ 15 ամիսը օգտագործել ազատ, արդար ընտրությունների նախապատրաստման համար»,- երեկ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում, հայրենի ընդդիմությանը խորհուրդ տվեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը: Նա նաեւ ասաց. «ԱՄՆ-ն ամեն ինչ կանի՝ փող կծախսի, միջոցներ կներդնի, որպեսզի 2007 թվականի խորհրդարանի եւ 2008 թվականի նախագահի ընտրությունները Հայաստանում անցնեն ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ»: Դեսպանը իր ելույթում ժողովրդավարական որակեց սահմանադրական փոփոխությունները եւ դրանցով պայմանավորեց Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացումը: «Ազգային միաբանության» քարտուղար Ալեքսան Կարապետյանը, գնահատելով Հայաստանը ժողովրդավարական տեսնելու ԱՄՆ-ի ցանկությունը, հարցրեց Ջոն Էվանսին՝ արդյոք վստահության մթնոլորտ ստեղծելու եւ հանրաքվեից հետո սահմանադրական բարեփոխումները պատշաճ իրականացնելու համար ճիշտ չե՞ն լինի արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները: ԱՄՆ դեսպանը պատասխանեց, թե իրենք քաջ գիտակցում են, որ բավարար չէ ունենալ լավ գրված օրենք. «Լավ օրենքը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Օրենքները պետք է կատարվեն առանց կամայականության»: Պարոն Էվանսը հայտնեց իր կարծիքը, ըստ որի՝ արդար խաղի կանոնները որդեգրել են բոլոր քաղաքական ուժերը, եւ եթե իսկապես պահպանվելու են խաղի կանոնները, թող լինի սուր պայքար: Սեմինարին մասնակցող ադրբեջանցի պատվիրակ Լեյլա Ալիեւային հետաքրքրում էր՝ արդյոք ԱՄՆ-ն իր տրամադրած ֆինանսական միջոցներով, աջակցությամբ որոշակի կախվածության մեջ չի՞ պահում նախկին խորհրդային երկրներին եւ այդտեղ սերմանում անվստահություն՝ սեփական ուժերի, կարողությունների նկատմամբ, ինչպես դա ժամանակին անում էր ԽՍՀՄ-ը: Էվանսը պատասխանեց, որ իրենց խնդիրը բոլորովին դա չէ, եւ իրենք կարծում են, որ եթե մարդկանց տնտեսական, սոցիալական վիճակը բարելավվի՝ հակամարտություններն էլ կնվազեն. «Ֆինանսական աջակցությամբ մենք ավելի շատ նպաստում ենք անվտանգության, կայունության հաստատմանը: Դրսից եկող աջակցությունը չի թուլացնում ինքնուրույնության զգացումը, ամբողջ տարածաշրջանը կարիք ունի, որ լուծվեն կոնֆլիկտները եւ տնտեսական բարձր արտադրողականությամբ բարձրանա նրանց ինքնուրույնությունը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել