Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն

Հոկտեմբեր 12,2005 00:00

Արսեն Արծրունին լռում է Եվ դատապարտում է նամակներ գրող Արմեն Մնջոյանին «Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված, 12 տարի ԱՆ «Նուբարաշեն» մեկուսարանում գտնվող Արսեն Արծրունին չմիացավ ցմահների այն դիմումին, որն ուղղված էր ՀՀ նախագահի ներման հրամանագրի դեմ՝ մահապատիժը փոխարինել ցմահ ազատազրկմամբ: Ինչո՞ւ է լռում Արսեն Արծրունին: Այդ հարցով երեկ դիմեցինք «ՊԱՉ (պատժի առավելագույն չափ)-իրավունք» կազմակերպության նախագահ Սեւակ Արծրունուն: Վերջինս նշեց, որ հարցն այնքան է քաղաքականացվել, որ շարունակում է անակնկալներ մատուցել հանրությանը: «Չէի ցանկանա եղբորիցս առաջ անցնել, մանավանդ կան հարցեր, որից ինքս էլ տեղյակ չեմ: Կարող եմ փաստել միայն, որ ազգային մասշտաբով անընդունելի անարդարություն է տեղի ունեցել «Դրոյի» դատավարության ժամանակ՝ ինչպես դատարանում, այնպես էլ դատարանից դուրս»,- ասաց Ս. Արծրունին: Նշեց, որ Արսենը բարոյական սկզբունքների վրա է լռություն պահում ու ոչ թե վախի, թեեւ դատավարության ժամանակ իրենց կողմից հայտարարություններ են եղել, որ վտանգ է սպառնում Արծրունու կյանքին, ինչը շարունակվում է: Նրա դիտարկմամբ՝ «Արսենի լռության պատճառը պետք է որոնել քաղաքական եւ բարոյական համատեքստում»: ՊԱՉ-ի նախագահի կարծիքով՝ «ցկյանս» (Լիբանանի հայերն այդ բառն են օգտագործում՝ մեր «ցմահի» փոխարեն) բանտարկության դատապարտվածները մեկուսարանում պահվում են օրենքի խախտմամբ: Ս. Արծրունին հավելեց. «Անցած 12 տարիների ընթացքում եղբայրս ՀՀ նախագահին զղջումի նամակ չի գրել, չնայած հայտնի է, որ նրան մահապատիժ չէր հասնում»: «ՊԱՉ-իրավունք» կազմակերպության նախագահը մեր զրույցի ժամանակ նշեց, որ «մեր ներքին լվացքը» Եվրոպայում լվալու մոտեցմանը դեմ է եւ բացառեց, թե կդիմեն Եվրոպական դատարան՝ ընդդեմ սեփական պետության: Ինչ վերաբերում է «Դրո» գործով մեկ այլ դատապարտվածի՝ Արմեն Մնջոյանի նամակներին, Ս. Արծրունին տեղեկացրեց, որ եղբայրը դատապարտում է դրանք: Նա ասաց, որ մարդկային հարաբերությունները նախկին դրոյականների միջեւ թեեւ շարունակվում են, սակայն «քաղաքական կողմնորոշումները բացարձակ տարբեր են»: Ինչպես որ տարբեր են արդեն նրանց բանտախցերը: «Արմեն Մնջոյանը պարզապես այլեւս չի դիմանում»,- հայտարարեց Ս. Արծրունին: «Առավոտի» այն հարցին, թե Արսեն Արծրունին լռել է նաեւ այն ժամանակ, երբ մի շարք հրամանատարներ հանդես եկան ի պաշտպանություն նաեւ նրա եւ ինչը սուր քննադատության արժանացավ օրերս ԱԺ-ում «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի կողմից: Ս. Արծրունին պատասխանեց. «Գեղամյանի հայտարարությունով եղբայրն ամենեւին չի նեղանում: Այնպիսի անարդարություններ են տեղի ունենում, որը չեմ կարող չնշել, մասնավորապես շատերն են հայտարարել, թե աշխատում են Արսենի ազատման գործընթացով, մինչդեռ իրականում նրան խանգարողներն են: Եղբայրս չի էլ ուզենա իր բանտարկված կարգավիճակը փոխել ազգային ինչ-որ ուժերի կամ կայունության գործընթացը խոչընդոտողների հետ»: Մեզ նաեւ հետաքրքրում էր, թե «ՊԱՉ-իրավունք» կազմակերպությունը ինչպե՞ս է անդրադարձել մնացած 45 ցմահ ազատազրկվածների խնդրին: Պարզվում է, որ դիմել է ՀՀ նախագահին եւ աշխատակազմից ստացվել է հետեւյալ պատասխանը՝ «Դիմեք ԱԺ եւ կառավարություն»: «Առավոտի» տեղեկություններով՝ Արսեն Արծրունին գիրք է գրում: Այս տեղեկությունը հաստատեց Սեւակը՝ հավելելով, որ Արսենը 11 տարի է, ինչ գրառումներ է անում, ունի քաղաքական ուսումնասիրություններին նվիրված երկու գիրք, պատրաստվում է ուսանել մագիստրատուրայում եւ նախնական համաձայնություն է ձեռք բերել: Ի վերջո, ըստ զրուցակցիս, Արսենից է կախված «Դրո» գործի բացահայտել-չբացահայտելը եւ նա ակնարկում էր, որ սկզբունքների մտահոգությունն է, որ Արսենին ետ է պահում եւ նա շարունակելու է օգտվել լռության իր իրավունքից: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել