Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒԼՆ

Հոկտեմբեր 20,2005 00:00

ՈՒԼՆ ՈՒՏՈՒՄ ԵՆ, ԿԱԹԸ՝ ԽՄՈՒՄ ՈՒ ԼՌՈՒՄ Իսկ բնակիչները խեղդվում են գոմաղբի հոտից Մոտ հինգ տարի է՝ Նոր Նորքի չորրորդ զանգվածի բնակիչ Մնացական Նավոյանը բնակելի շենքի անմիջապես հարեւանությամբ զբաղվում է այծաբուծությամբ՝ շրջապատի բնակիչների համար ստեղծելով հակասանիտարական վիճակ: 75-ամյա Մնացական պապի այծերի հարցը Նոր Նորքի թաղապետի թեկնածուներն էլ են շոշափել՝ բնակիչներին խոստանալով ընտրվելու դեպքում գոմը վերացնել: Մասնավորապես նման խոստում տվել է վերընտրված թաղապետ Դավիթ Պետրոսյանը, որը, սակայն, այդպես էլ չի արձագանքել: Մինչդեռ, բնակիչների հավաստմամբ, թաղապետարանի պատասխանատուները «սբխեչից սբխեչ գալիս են, իրենց ուլը ստանում ու հարցը փակում»: Գոմը, որտեղ Նավոյանը պահում է 30-40 այծ, Գյուլիքեխվյան փողոցի թիվ 37 շենքի բնակիչների համար ապահովում է 24-ժամյա գարշահոտություն: «Անտանելի հոտ է գալիս, չենք կարողանում դուռ ու պատուհան բացել: Ինչ միջատ ասես՝ ներխուժում է բնակարան: Վիճակը սարսափելի է հատկապես ամռանը. հոտից ճանճեր ու մոծակներ են վխտում, ինչը վարակի տարածման աղբյուր է: Մի կողմից էլ շների հաչոցն է անհանգստացնում, որոնց այծատերը բազմացրել է՝ կենդանիներին պահակություն անելու համար: Նույնիսկ լվացք չենք կարողանում փռել՝ հագուստներին գոմի հոտ է կպնում»,- բողոքեց շենքի բնակիչ Վալենտինա Աբրամովան: Մեկ այլ բնակչի՝ Սեդա Պետրոսյանի խոսքերով էլ՝ «հիվանդ կին եմ, օրվա մեծ մասն անկողնում եմ անցկացնում եւ մաքուր օդի կարիք ունեմ, սակայն գարշահոտից շնչահեղձ եմ լինում»: Նշյալ հասցեն շենքերով ծանրաբեռնված փողոց է եւ տհաճ հոտն ու դրա հետեւանքները հարեւան շենքերի բնակիչներին էլ են անհանգստացնում: Նրանց վիճակը հասկանալու համար կարելի է նույնիսկ չմոտենալ գոմին՝ 20-30 մետր հեռավորությունից էլ արդեն հոտը խեղդում է: Էլ չենք ասում, որ բակի երեխաները մշտապես «շփվում են» ամենուր թափված գոմաղբի հետ: Բնակիչների ներկայացմամբ՝ քիչ չէ, որ այծերը հակասանիտարական վիճակ են ստեղծում, հետն էլ մաքրազարդում են տարածքի ողջ կանաչը՝ թուփ ու ծառ չեն թողնում՝ ուտում են: Գոմից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում նաեւ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանը եւ այծերի զբոսնելու վայրերից է նաեւ դատարանի տարածքը: Այծերին մարդկանց հարեւանությամբ բնակեցնելը այծատերն այսպես բացատրեց. «Օրական գողություն է լինում, բա հո տնից հեռու չեմ պահելու: Սա իմ ապրուստի միակ միջոցն ա»: Բնակիչներին՝ այծերի պատճառած նեղությունն էլ Մնացական պապը միանգամայն բնական համարեց. «Բա կենդանի ա, հոտ կգա, բա ի՞նչ կանի, մարդուց ա հոտ գալիս, ուր մնաց, թե այծից չգա»: Այծապանին խիստ զարմացրեց նաեւ «Առավոտի» այն հարցը, թե իր ստեղծած հակասանիտարական վիճակի համար որեւէ իրավասու մարմնի կողմից տուգանվե՞լ է. «Բալա ջան, ինչի՞ համար տուգանեն, դեռ մի բան էլ ինձ պետք ա պարգեւատրեն, որ այծերիս կաթով օրը մի հարյուր հիվանդ եմ բուժում»: Նա շենքի բնակիչներին հանգստացրեց, ասելով՝ «համ էլ այծերս վաճառել եմ, էս երկու օրը գալու են տանեն»: Մինչդեռ, բնակիչների խոսքերով, «նա էս 5 տարի է՝ մեր գլխի տակ փափուկ բարձ ա դնում»: Հիգիենիկ հակահամաճարակային ծառայության Նոր Նորքի եւ Ավան համայնքների տարածքային կենտրոնի պետ Սարգիս Ղուկասյանը հարցին անտեղյակ չէր, ինչը պատճառաբանեց բնակիչներից գրավոր բողոք չստանալու հանգամանքով: Նա նշեց, որ խնդիրն իրենց կառնչվի միայն այն դեպքում, երբ անասնապահը խախտած լինի բնակելի տարածքի եւ իր ֆերմայի միջեւ սահմանված սանպաշտպանական գոտին. «Անասնապահական ֆերման չպետք է 25 մետրից մոտ լինի բնակելի տարածքին»: Մ. Նավոյանը խախտե՞լ է, թե՞ ոչ՝ սահմանված հեռավորությունը. Ս. Ղուկասյանը խոստացավ ուսումնասիրել: Սակայն պարզ էր, որ նույնիսկ 30-40 մետրի դեպքում էլ գարշահոտը հաղթահարում է սահմանված հեռավորությունը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31