Լրահոս
Օրվա լրահոսը

Պահպանության

Հոկտեմբեր 20,2005 00:00

Պահպանության կարոտ եկեղեցիներ Ես լեռնագնաց եմ եւ հաճախ եմ լինում մարզերում, հատկապես լեռնային շրջաններում։ Ու ամեն անգամ իմ պարտքն եմ համարում այցելել մեր երկրի գողտրիկ վայրերում սփռված վանքային համալիրները: Ցավոք, հիացմունքի հետ նաեւ տխրում եմ՝ ճարտարապետական կոթողների անմխիթար վիճակը տեսնելով: Բազմաթիվ հասցեներով ուղեւորություններս ինձ բերել են այն համոզման, որ մեր հուշարձան֊կոթողների ճակատագրի նկատմամբ անտարբերությունն իշխող է։ Դա են վկայում եւ ներկայացվող լուսանկարները։ Համարյա նույն պատկերն է՝ ծառապատ, թփակալած գմբեթ-կտուրներ, պատերի ճեղքերում, քարերի արանքներում արմատակալած ոստեր, որոնց բացասական ազդեցությունը կառույցների վրա ակնհայտ է։ Չեմ կարծում, որ այս տխուր պատկերին միայն ես եմ ականատես եղել, ուրիշները, առավել եւս կրոնավորները, ամեն շաբաթ, ամեն օր այդ եկեղեցիներից իրենց աղոթքը առ Աստված հղող մեր սուրբ հայրերը դրանք չեն տեսել, չեն տեսել այն մարդիկ, որոնք ի պաշտոնե են պարտավոր տեսնել այդ ամենը, պարտավոր են տեսնել ու դեմն առնել, պահպանել պատմաճարտարապետական այս հուշարձանները։ Պատկերացնում եք, թե ինչ կլիներ 4-րդ դարից մինչեւ հիմա, եթե եկեղեցիների գմբեթները մաքրված չլինեին: Սխալ կլինի մտածել, թե իրերի անմխիթար վիճակը միջոցներ չլինելով է պայմանավորված։ Միջոցներ այսօր կան։ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր ժողովուրդը շրջադարձ է կատարել դեպի եկեղեցին, ավելացել ու ավելանում են հավատավորները, եկեղեցի գնացողները, դրա հետ միաժամանակ ավելանում են նվիրատվությունները, եկեղեցու հասույթները (համոզվելու համար կարելի է, օրինակ, հաշվարկել, թե մոմերի վաճառքից ինչպիսի մեծ գումարներ են գոյանում), եւ այդ ամենի օրինաչափ անդրադարձն են նորակառույց եկեղեցիները։ Իհարկե լավ է, որ նոր եկեղեցիներ են ծնվում։ Սակայն կառուցելով նորը՝ չպետք է մոռանալ հինը։ Նույնիսկ այն ժամանակներում, երբ թշնամին ոտնակոխ է արել մեր հողը, փորձել հավատափոխ անել մեր ժողովրդին, երբ կոմունիստական գաղափարախոսությունը «խաղից դուրս» է հայտարարել եկեղեցուն, կարողացել ենք պահպանել մեր ձեռակերտ հուշարձանները: Այսօր, ազատ ու անկախ հայրենիք ունենալու պայմաններում, ի՞նչն է խանգարում, որ գործենք նույն պատասխանատվությամբ, տեր կանգնենք մեր հուշարձաններին։ Զավեշտալի մի փաստ էլ. լուսանկարներում պատկերված եկեղեցիների եւ նման վիճակում գտնվող շատ այլ համալիրների ճակատին դրոշմված է. «Պահպանվում է պետության կողմից»։ Գրություններն ու իրավիճակը, մեղմ ասած՝ հակադարձ համեմատական են։ Ե՛վ պետությանը, ե՛ւ մեր հարգարժան կաթողիկոսին առաջարկում եմ աշունը հայտարարել «Եկեղեցիների պահպանման աշուն» եւ աշնան ամիսների ընթացքում գործնական միջոցներ ձեռք առնել անմխիթար վիճակում հայտնված եկեղեցիների գմբեթներն ու կտուրները ոստերից ու թփերից մաքրելու, առաջացած ճեղքվածքները փակելու, պահպանության նպատակով նորոգման աշխատանքներ կատարելու համար։ Նկատի ունենալով անելիքի առանձնահատկությունը, կարծում եմ, գործի մեջ կարելի է ներգրավել ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության աշխատողներին, որոնք իրենց ուսումնամարզական հավաքները կարող են անցկացնել հենց այդպիսի վայրերում, լեռնագնացներին, որոնք սիրով կմասնակցեն «փրկարարական» այդ աշխատանքներին։ ՍԱՄՎԵԼ ԲԱՐՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել