Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐԻ

Հոկտեմբեր 22,2005 00:00

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ Երեկ «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը մամուլի ասուլիս էր հրավիրել կապված թիմի՝ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի ուղեգիր նվաճելու հետ: Ասուլիսին ներկա էին ակումբի նախագահ ամերիկահայ Հրաչ Կապրիելյանը, փոխնախագահ, հայաստանյան գրասենյակի գործերի համակարգող Կարեն Մինասյանը եւ թիմի գործադիր տնօրեն Կարեն Մեյմարյանը: Նրանք խոսեցին «Արարատի» նպատակների մասին: Մասնավորապես, Կ. Մեյմարյանը հայտարարեց, որ «Արարատի» առաջին խմբում հանդես գալը իրենց օգնել է թիմի հիմքը դնելու եւ հետագա անելիքները ճշգրտելու հարցերում: «Արարատը» հաջորդ մրցաշրջանում պայքարելու է հանրապետության բարձրագույն խմբի առաջնությունում առնվազն մրցանակային տեղեր զբաղեցնելու համար, այլապես անիմաստ կլիներ Հայաստանում ֆուտբոլային թիմ պահել՝ ենթադրվեց նրա ասածից: Ակումբի ղեկավարությունը հաջորդ մրցաշրջանի համար կազմել է ռազմավարության նոր ծրագիր, որի հիմնական սկզբունքը Հայաստանում կադրեր աճեցնելն է լինելու: Սակայն այդ նպատակին հասնելու առաջին քայլը նրանք համարել են Իրանից գլխավոր մարզիչ հրավիրելը՝ հաշվի առնելով, որ հարեւան երկրում ֆուտբոլն ավելի շատ ուժային է, մի բան, որ պակասում է մեզանում: Քանի որ մեր ֆուտբոլային աշխարհում «Արարատ» անվան հետ կապված սկանդալային պատմությունները թատերաբեմից երկար ժամանակ չեն իջնում, լրագրողներին, բնականաբար, հետաքրքրում էր դրանց դրդապատճառները: Թե «Արարատը» հաջորդ մրցաշրջանում ի՞նչ անվան տակ է հանդես գալու՝ մարզական մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի հարցին, ակումբի փոխնախագահ Կարեն Մինասյանը պատասխանեց. «Արարատ» թիմն այլ անունով չենք պատկերացնում: Ինչ վերաբերում է «Լեռնագործին», որը մեր ենթակայության տակ էր եւ որի գլխավոր տնօրենը մեր ընկերության նախկին աշխատողն էր, նրա վրա ոչ ֆուտբոլային խնդիրներով մի քրեական գործ հարուցված է Ղարաբաղում, մեկն էլ պատրաստվում է Հայաստանում հարուցվել: Նա ինչ-ինչ պատճառներով ուզում է սեփականացնել «Արարատ» անունը: Հայտարարում եմ, որ տնտեսական դատարանի որոշմամբ այդ անվան նկատմամբ նրա իրավունքի վրա արգելանք է դրվել»: Լրագրողների՝ Հրաչ Կապրիելյանին ուղղված բազմաթիվ հարցերին, չգիտես ինչու, ավելի շատ պատասխանում էին նրա Հայաստանի ներկայացուցիչները: Ավելին, նրանք նաեւ նեղանում էին «անդուր հարցեր» տալուց: Իսկ հարցերը վերաբերում էին «Ձորաղբյուրի» մարզաբազայի ճակատագրին, դրա շահագործման հանձնելու ժամկետներին, որոնք արդեն իսկ խախտվել են, դրա օգտագործման պայմաններին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ փոխհարաբերությունները նորմալացնելու մտադրություններին, «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմը Հայաստանի առաջնության ճանապարհի կեսից հանելու անհասկանալի որոշմանը, Ղարաբաղի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվավոր նախագահի պաշտոնն ստանձնած պարոն Կապրիելյանի՝ Ղարաբաղում ֆուտբոլի առանձին առաջնություն կազմակերպելու խոստմանը, որն այդպես էլ մնացել է օդում կախված, հանրապետությունում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերին եւ այլն: Ճիշտ է, դրանց միահամուռ ուժերով պատասխաններ տրվեցին, սակայն, որքան ենթադրում ենք, դրանք այնքան էլ չգոհացրին լրագրողներին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել