Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱ ԴԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ»

Հոկտեմբեր 27,2005 00:00

Պնդում
է ջութակահար Ժան Տեր-Մերգերյանը, որը որոշել է ծննդյան 70-ամյակը տոնել հայրենիքում:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 28-ին նա պատրաստվում է իր ժողովրդի
հետ նշել այն: Երեկ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ առաջին
փորձի ընդմիջմանը ջութակահարը սիրով զրուցեց «Առավոտի» հետ: Նախ հետաքրքրվեցինք՝
մի քանի սերունդների համար կուռք Ժան Տեր-Մերգերյանը ինչո՞ւ հայրենիքում եւ ոչ թե
ծննդավայրում՝ Մարսելում է նշում իր հոբելյանը: Ջութակահարի խոսքերով՝ դա բնական
է. «Մի մոռացեք, որ ես 11 տարեկան էի, երբ եկա հայրենիք: Ուսանել եմ հայկական ջութակի
դպրոցի ամենապայծառ դեմքերից մեկի՝ Կարպ Դոմբաեւի դասարանում, այնուհետեւ ուսումս
շարունակել Մոսկվայի կոնսերվատորիայում՝ աշխարհահռչակ Դավիդ Օյստրախի ղեկավարությամբ,
նրա մոտ եմ կատարելագործվել նաեւ ասպիրանտուրայում: ԽՍՀՄ-ում, ուր թեկուզ ժամանակավորապես
էի ապրում, կային ե՛ւ դրական, ե՛ւ բացասական երեւույթներ: Միանշանակ բարձրակարգ ուսումիցս
գոհ էի: Այնուհետեւ որպես մենակատար՝ ստանում էի բազմաթիվ հրավերներ արտասահմանից:
Այն տարիներին մեր՝ Հայաստանի ֆիլհարմոնիայի ձեռքին ոչինչ չկար, ամեն ինչ ղեկավարվում
էր Մոսկվայից: Ես վերջինն էի իմանում, որ «Գոսկոնցերտը» իմ անունից պատասխան էր ուղարկում
Ճապոնիա կամ Ավստրալիա՝ նշելով, որ իբր ես զբաղված եմ համերգներով կամ վատառողջ եմ:
Մի խոսքով՝ գտնում էին հազար ու մի պատճառ, որ չմեկնեմ համերգային ուղեւորության:
Իսկ ես՝ նվաստս, չափչփել եմ ողջ ԽՍՀՄ-ը: Հատկապես Ուկրաինայում կային շրջաններ, որտեղ
ես ու հանդիսատեսը արդեն հոգնել էինք իրարից»: Ըստ ջութակահարի, Խորհրդային
Միությունում ուսումը, միանշանակ, բարձրակարգ էր: Հարցին՝ ի՞նչ է, այսօր նախկին միութենական
հանրապետություններում, կոնկրետ՝ Հայաստանում, կասկածո՞ւմ եք ուսման որակին, Ժ. Տեր-Մերգերյանը
տվեց հետեւյալ պատասխանը. «Ես չգիտեմ վաղը ինչ կլինի, համենայնդեպս ուսման հարցում
կուզեի, որ պահպանվեր խորհրդային տարիների մակարդակը: Ապացույցը՝ վերջերս Եվրոպայում
եւ աշխարհում հայկական ջութակի դպրոցի ներկայացուցիչ Սերգեյ Խաչատրյանի օրինակը:
Չեք պատկերացնում, աշխարհի ցանկացած մասում ինչպես են հետաքրքրվում երիտասարդ ջութակահարով,
մասնավորապես նրա անցած դպրոցով: Ես էլ հպարտությամբ փաստում եմ, առաջինը՝ նա հայ
է, երկրորդ՝ սկզբնական քայլերը կատարել է Երեւանում, Չայկովսկու անվան երաժշտական
մասնագիտական դպրոցում: Այնպես որ, վստահ եմ, որ Հայաստանում եղել է ու կա դասական
գործիքների բարձրակարգ դպրոց՝ շնորհիվ բարձրորակ մասնագետների»: Հետաքրքրությանը՝
լինելով հայրենիքին նվիրված անձնավորություն, չե՞ք պատրաստվում վերջնականապես հիմնավորվել
Հայաստանում, ջութակահարը պատասխանեց. «Հարցուփորձ անելով ընկերներիս, հարազատներիս,
եկել եմ այն եզրակացության, որ այստեղ բնակելիի հարցը լուրջ է, շիտակ ասեմ՝ թանկ
արժե: Դա ժամանակի հարց է, բայց եթե լինի կոնսերվատորիայից կամ երաժշտական այլ հաստատությունից
հրավեր, չկասկածեք, պատրաստ եմ ամիսներով բնակվել այստեղ եւ բարձրագույն դասընթացներ
վարել»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել