Լրահոս
Օրվա լրահոսը

Շեշտվում է ինքնորոշման սկզբունքը

Հոկտեմբեր 28,2005 00:00

Տիգրան Թորոսյանը գոհ է Նախարարների
կոմիտեի պատասխանից ԵԽ Նախարարների կոմիտեն ԵԱՀԿ Մինսկի խմբում
քննարկվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԽԽՎ 1690 երաշխավորագրի
կապակցությամբ ընդունել է մի պատասխան, որը գրեթե չի լուսաբանվել: Սակայն ԵԽԽՎ-ում
հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի գնահատմամբ,
դրանում կան բավականին հետաքրքիր գնահատականներ: Ըստ պարոն Թորոսյանի, Նախարարների
կոմիտեի երաշխավորագրի ամենակարեւոր կետն այն է, որտեղ շեշտվում է ժողովուրդների
ինքնորոշման սկզբունքի պահպանման կարեւորությունը: ԱԺ փոխխոսնակի գնահատմամբ՝
կարեւոր է նաեւ եզրակացության երրորդ կետում արտահայտված այն դրույթը, ըստ որի՝ «Երկրների
կառավարությունների ուշադրությունն է հրավիրվում հակամարտության խաղաղ կարգավորմանը
վնասող ցանկացած միջոցառումներից եւ հայտարարություններից զերծ մնալու անհրաժեշտությանը»:
Տիգրան Թորոսյանը կարեւորում է հետեւյալը. «Ադրբեջանցիները շարունակ խոսում
են այն մասին, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգավորման աշխատանքները
վատ են ընթանում եւ հարցի կարգավորումը պետք է տեղափոխել մի այլ ատյան, ժամանակ առ
ժամանակ նշում են, որ ճիշտ կլինի Վենետիկի հանձնաժողովը զբաղվի այդ հարցով: Այս փաստաթղթի
6-րդ կետում Նախարարների կոմիտեն կրկին ասում է, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի
խմբի շրջանակներում եւ Վենետիկի հանձնաժողովին հնարավոր կլինի ներգրավել այդ աշխատանքներում՝
միայն Մինսկի խմբի եւ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությամբ»: Մենք նկատեցինք,
որ որոշ հարցեր վերոհիշյալ եզրակացության մեջ շարունակում են մնալ լղոզված, որ սրանում
եւս չեն կոնկրետացվել եւ չեն դատապարտվում ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները
եւ հերթական անգամ փորձ է արվում հավասար արշինով չափել հայկական եւ ադրբեջանական
կողմերի պահվածքը: Տիգրան Թորոսյանի կարծիքը հետեւյալն է. «Նախարարների կոմիտեն այս
փաստաթղթով ընդամենը պատասխանել է այն փաստաթղթին, որը վեհաժողովի կողմից ուղղված
էր իրենց, բայց կարեւորը, իմ կարծիքով, այն է, որ Նախարարների կոմիտեի փաստաթղթում
նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման, հարգման անհրաժեշտությունը
ղարաբաղյան խնդրի լուծման ժամանակ: Իսկ ԵԽԽՎ հայտնի 1416 բանաձեւի մեջ արձանագրվում
էր, որ պետությունից տարածքը կարող է անջատվել, եւ քանի որ այն ԼՂ խնդրին է վերաբերում,
ուրեմն խոսքը Լեռնային Ղարաբաղի անջատման մասին է»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք
Նախարարների կոմիտեի վերոհիշյալ պատասխանը որեւէ կերպ համապատասխանո՞ւմ է Ղարաբաղի
հարցի կարգավորմանն ուղղված արդեն հայտնի մի քանի կետերին, մասնավորապես՝ հանրաքվեի
անցկացման, փախստականների վերադարձի, այսպես կոչված՝ գրավյալ տարածքների վերադարձի
հետ: Մեր զրուցակցի կարծիքով այս պատասխանը լիովին համապատասխանում է այն բոլոր մոտեցումներին,
որոնք կան Մինսկի խմբի շրջանակներում. «Մասնավորապես, ԼՂ-ում հանրաքվեի անցկացումը
ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման մեխանիզմներից մեկն է: Այլ բան այս
փաստաթղթից ճիշտ չի լինի ակնկալել, որովհետեւ այն պիտի 1690 ռեկամենդացիայում առաջադրված
հարցերի պատասխանը տար: Ուրիշ ոչինչ: Կարծում եմ, պատասխանները շատ հստակ են եւ ուղղված
են այն հարցադրումներին, որոնք միշտ Հայաստանն արել է, մասնավորապես՝ զերծ մնալ ռազմատենչ
հայտարարություններից, ատելության քարոզից եւ այլն»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31