Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ

Հոկտեմբեր 28,2005 00:00

ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ Բրիտանական չափանիշներով՝ բոլոր հայաստանցիները թրաֆիքինգի զոհ են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը երեկ «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր կլոր սեղան՝ նվիրված մարդկանց առեւտրի զոհերի ճանաչմանն ու բացահայտմանը: Մասնակցում էին արտաքին գործերի նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի, դատախազության, ոստիկանության, միգրացիայի վարչության, անգամ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ: Թրաֆիքինգի դեմ պայքարող երեք հասարակական կազմակերպություններ էլ էին մասնակցում՝ «Հույս եւ հավատ», «Ժողովրդավարությունն այսօր», «Կանայք հանուն առողջության»: Երբ զեկուցողներից մեկը՝ փորձագետ Իվետա Բարտոնկովան հարցրեց, թե մասնակիցներից ովքե՞ր են պատրաստ թրաֆիքինգի դեմ պայքարելու համար, այդ բազմաքանակ դահլիճում ընդամենը երեք հոգի ձեռք բարձրացրեց: Մի հետաքրքիր բացահայտում էլ արեց իրավական հարցերով փորձագետ ներկայացած բրիտանացի Մարկ Սմիթը: Նա ասաց, որ աշխատել է 25 երկրում որպես օպերատիվ աշխատող եւ անկեղծորեն խոստովանեց, որ «գաղտնի գործակալ» է: Պարոն Սմիթը ներկայացրեց իրենց փորձը, թե ինչպես են պաշտպանում իրական եւ հնարավոր զոհերին, ինչպես է թրաֆիքինգի զոհը խոստովանում դատարանում եւ ինչ իրավունքներ ունի նա: Նա նկատեց, որ Հայաստանը տրանզիտ երկիր է եւ որ շատերն են այդ ճանապարհով գնում աշխատելու, մտքներով իսկ չանցկացնելով, որ դառնում են թրաֆիքինգի զոհ: Մարկ Սմիթի կարծիքով, թրաֆիքինգի զոհերը վախենում են թե հասարակական կազմակերպություններից, թե ոստիկանությունից, որի «կոշտ պրոցեդուրաները» նախընտրելի ձեւ չեն տուժողների հետ աշխատելու համար: Փորձագետը բերեց հետեւյալ օրինակը. 2004թ. փետրվարին չինացիների մի խումբ մահացավ ծովափում: Նրանք ձուկ էին որսում, երբ ալիքը 23 մարդու կյանք խլեց, 2-ը մինչ օրս չեն գտնվել: Իսկ հետագայում պարզվեց, որ 40 հոգանոց խմբին հարկադիր պահել են մի տնակում, ուր կարող էր ապրել 2-3 մարդ: Սակայն ոստիկանները չեն իմացել այդ մասին: Նրա կարծիքով, ոստիկանը պետք է ցանկացած պահի, ցանկացած վայրում, տեսնելով ինչ-որ նշաններ, հարցնի՝ ով է անձը, ինչ կապտուկներ են նրա վրա, որտեղ է աշխատում, արդյոք վճարում են նրան, ինչքան է վճարվում: Մեր հյուրի այս կարգի հարցերը Հայաստանում կիրառելու դեպքում, կարող ենք պարզել, որ ողջ հայ ժողովուրդը աշխատանքում շահագործվում է եւ, ինչու չէ, թրաֆիքինգի դասական զոհ է: Մեկ այլ փորձագետ՝ Իվետա Բարտունկովան գտնում էր, որ արդարադատության մատչելիությունը հասանելի պետք է լինի թրաֆիքինգի ենթարկվածներին: Վերջիններս ունեն վնասից պաշտպանվելու, օգնություն ստանալու իրավունքներ: Բանավեճի առանձին քննարկման առարկա դարձավ, թե ում գործն է մարդկանց մաքսանենգ առեւտրի զոհերի գործը՝ հասարակական կազմակերպությունների՞նը, իրավապահ մարմինների՞նը, արդյոք բոլո՞րն են ներգրավվում այդ գործերում: Բուժաշխատողները, մասնավորապես, երբ հանդիպում են թրաֆիքինգի զոհին, գիտե՞ն, արդյոք, թե նրան ուր պետք է ուղղորդեն: Տուժողների ճանաչման իրավունքը միշտ չէ, որ ձեռնտու է հենց տուժողներին՝ նկատեց փորձագետը եւ բերեց Նիդեռլանդների օրինակը՝ «Վուդու ծեծերը»: Թրաֆիքինգի զոհը պատժի եւ վրեժի էր ենթարկվում միաժամանակ: Սակայն կային վիճահարույց հարցեր զոհերի կարգավիճակի հետ կապված. տուժողները իրակա՞ն են, թե՞ կեղծ, իրավապահ մարմիններին տված նրանց ցուցմունքները հավաստի՞ են, թե՞ ոչ, աշխատանքի շահագործումը տարբերվո՞ւմ է հարկադիր աշխատանքից, թե՞ ոչ: Տեղեկացնենք, որ ոստիկանությունն ու դատախազությունը այս տարի ստեղծել են հատուկ ստորաբաժանումներ՝ պայքարելու մարդկանց առեւտրի դեմ: Իսկ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը ունեն տվյալների բազա, որտեղ նշվում է ՀՀ սահմանահատումների մասին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել