Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրությունը միայն «այո-ոչի» համար չէ»

Հոկտեմբեր 29,2005 00:00

Երեկ «Ընտրությունը քոնն է» հասարակական
կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը եւ փոխնախագահ Խաչիկ Ոսկանյանը
լրագրողներին ներկայացրին ՀՀ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ իրենց
դիտարկումները: Հարություն Համբարձումյանը համոզմունք հայտնեց,
որ 2003թ. ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի տապալման հիմնական պատճառը
բնակչության անտեղյակությունն էր: Ըստ հ/կ-ի դիտարկումների՝ այդ ընթացքում կուսակցություններն
ու իշխանությունը զբաղված էին ԱԺ պատգամավորական ընտրությունների քարոզարշավով. սահմանադրական
փոփոխությունները մշակվել էին հրապարակայնության բացակայությամբ, ԱԺ-ում դրանց ընդունմանը
չէին նախորդել լուրջ քաղաքական եւ փորձագիտական քննարկումներ, չէին իրականացվել ընտրողների
իրազեկման լուրջ ծրագրեր: Փաստորեն, հանրաքվեի դրված փաստաթուղթը լայն հանրությանն
անմատչելի էր եւ անհասկանալի: Եվ ըստ հ/կ-ի, սահմանադրական բարեփոխումների մասին
բնակչությունն այժմ էլ լիարժեք տեղեկացված չէ: Հ. Համբարձումյանը նշեց, որ
«Ընտրությունը քոնն է» հ/կ-ն միանալով 7 այլ կազմակերպությունների, սահմանադրության
նախագծի առաջին ընթերցումից հետո որոշել է իրազեկել հանրությանը, լսել նրա կարծիքը,
իրավաբանական անձանց եւ այլ կազմակերպությունների տեսակետները, որոնք իրենք կառաջարկեն
սահմանադրության երկրորդ ընթերցման ժամանակ: «Երբ որոշեցինք առաջարկ ներկայացնել
ԱԺ եվրոինտեգրման հանձնաժողով, պարզվեց, որ ապահովված չէ այն թափանցիկությունը, որը
նրանք ծավալում էին առաջին ընթերցումից հետո: Հանրությունը եւ հասարակական կազմակերպությունները
չգիտեին, թե ինչ է նախատեսվում երկրորդ ընթերցմամբ: ԱԺ խումբ-խմբակցություններից
ոչ մեկը տեղյակ չէր այդ փոփոխություններին: Նման փակ եւ գաղտնի գործընթացը հանրության
մեջ կասկած առաջացրեց, որ իշխանությունները, երկրի նախագահը ուզում են ստեղծել մի
փաստաթուղթ, որը հնարավորություն կտա նախագահին վերընտրվել»,- ասաց Հարություն Համբարձումյանը:
Խաչիկ Ոսկանյանը փաստեց, որ իր ծանոթներն ու բարեկամներն ասում են, թե երբ լսում
են իշխանական թեւին, որոշում են «այո» ասել սահմանադրական բարեփոխումներին, իսկ հակառակ
թեւին լսելով՝ անմիջապես հիասթափվում են: Նա ավելացրեց, որ նոր Սահմանադրության մեջ
ընդգրկված հոդվածները հանրությանը կիսատ-պռատ են ներկայացվում: Օրինակ՝ տեղեկացվում
է, որ նախագահը իրավունք ունի պատերազմ, արտակարգ իրավիճակ հայտարարել, բայց չի նշվում,
որ ԱԺ-ն կարող է ոչ միայն խոչընդոտել դրան, այլեւ նույնիսկ կասեցնել այն: Խ.
Ոսկանյանը նշեց, որ քարոզարշավը միայն «այո» եւ «ոչի» համար չէ. պետք է նաեւ իրազեկել
բնակչությանը: Ամփոփելով մինչ այժմ անցկացված քարոզարշավի արդյունքները, փոխնախագահը
ասաց, որ իշխանական թեւը բավականին ակտիվորեն է մասնակցել քարոզարշավին, իսկ «ոչ»
ասողները առայժմ միայն «ոչ» են ասում եւ չեն բացատրում ինչու: Հ. Համբարձումյանը
տեղեկացրեց, որ «Ընտրությունը քոնն է» հ/կ-ն պատրաստվում է նոյեմբերի 27-ին, հանրաքվեի
ընթացքում հանդես գալ կարճաժամկետ դիտարկմամբ. «Այդ իսկ պատճառով մենք զերծ ենք մնում
հանրային հանդիպումների ընթացքում կամ այլ վայրերում կարծիքներ հայտնելուց: Եթե հանդես
ես գալիս դիտորդական առաքելությամբ, պետք է ավելի անկողմնակալ լինես»: Խ. Ոսկանյանն
էլ ավելացրեց, որ նոյեմբերի 29-ին ճշգրիտ կներկայացնեն, թե ինչ է կատարվել քարոզարշավի
ժամանակ, ինչպես նաեւ տեղամասերում՝ ընտրության ժամանակ. «Ճշգրիտ կներկայացնենք հանրաքվեի
արդյունքները՝ դրական եւ բացասական կողմերով»: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել