Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՎՈՒՄ Է

Նոյեմբեր 01,2005 00:00

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿՎՈՒՄ Է «Արդարադատության վիճակը օրեցօր վատանում
է Հայաստանում», «Վահե Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը շինծու է», «ՀՀ դատախազությունը
խախտում է ՀՀ սահմանադրության 103-րդ հոդվածը. դատախազությունը իրավասու է հարուցել
քրեական հետապնդում, բայց իրավունք չունի այն իրականացնելու: Այսինքն՝
այդ քննչական վարչություն կոչվող կառույցը, որը գործում է դատախազության ենթակայության
տակ, հակասահմանադրական լինելով, իրականացնում է նմանատիպ գործունեություն». այսպիսի
համոզմունքներով «Երեւան» հյուրանոցում երեկ ասուլիս էին հրավիրել առանձնապես խոշոր
չափերի խարդախության մեջ մեղադրվող փաստաբան Վահե Գրիգորյանի պաշտպանները: Մեղադրյալի
պաշտպանությունը տարբեր ակցիաների, ասուլիսների, բողոքի ցույցերի եւ այլ ձեւերով
իրականացնելու համար «Փաստաբաններ՝ փաստաբանների համար» կազմակերպության քրեական
իրավունքի բաժանմունքի գործադիր տնօրինությունը 1500 եվրո է տրամադրել: Տնօրեններ
Ռութ Քոքը եւ Ժարինդ Թեմմինք Թուինստրան Ամստերդամից նույնիսկ նամակ են հղել ՀՀ գլխավոր
դատախազ Աղվան Հովսեփյանին, որով խնդրում են Վահե Գրիգորյանին անհապաղ ազատել կալանքից:
Դատախազության ՀԿԳ քննիչներին չի համոզել նույնիսկ «Կրեյն ԼՏԴ» ՍՊԸ հայաստանյան
մասնաճյուղի տնօրեն Գեւորգ Հակոբյանի (որը բնակվում է ԱՄՆ-ում եւ որի նկատմամբ խարդախություն
անելու համար է կալանավորվել Վ. Գրիգորյանը) Կալիֆոռնիայից ուղարկած այն փաստաթուղթը,
որով նա հավաստում է, որ Վ. Գրիգորյանի հետ կապված որեւէ իրավաբանական խնդիր չունի:
«Առավոտի» այն հարցին, թե դատախազության նշյալ կասկածի մասին տեղյակ պահե՞լ են ԱՄՆ
դեսպանին, պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ «ամոթ է»: Հետո ավելացրին, որ ոչինչ բացառված
չէ: «Առավոտի» հաջորդ հարցին, թե չե՞ն պատրաստվում դադարեցնել մարդու իրավունքների
պաշտպանությունը ՀՀ դատարաններում՝ որպես բողոքի ակցիա, պաշտպան Արթուր Գրիգորյանը
պատասխանեց. «Քանի դեռ նրա գործով (Վ. Գ.-ի) վճիռ չկա եւ դեռ հույս կա, որ դրական
ելք կլինի, շարունակելու ենք մեր գործունեությունը: Աստված մի արասցե, ծայրահեղ դեպքում
ես կդադարեցնեմ իմ փաստաբանական գործունեությունը ՀՀ-ում»: Է.
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել