Լրահոս
Օրվա լրահոսը

«Աչքը

Նոյեմբեր 01,2005 00:00

«Աչքը չի տեսնում, խի՞ղճն ինչու է կուրացել» Ալավերդի քաղաքի անվանակոչության շուրջ «բանավեճը» շարունակվում է «Ոմն Արա Նազարեթյան, որի ով լինելն անհայտ կմնար, եթե անուն-ազգանվան տակ «արձակագիր, ՀԳՄ անդամ» բացատրականը չլիներ, ճգնել է ապացուցել, որ, ասենք, Տիգրան Մեծի հիմնադրած մայրաքաղաքը սխալմամբ է իր անվամբ կոչվել, որովհետեւ, ինչպես նա է ասում՝ «քաղաքը պետք է ունենա բնակավայրի անուն»: Նա չգիտի, ի՞նչ իմանա, որ մեր ժողովուրդն իր մեծերի հիշատակը հավերժացնելու համար նրանց անունները սրբացրել է ոչ միայն հիշատակարաններում»,- երեկ այսպես արձագանքեցին կարկառուն կոմունիստներ Լյուդվիգ Ղարիբջանյանը, Դոնարա Հարությունյանը եւ Ստեփան Վարդանյանը՝ օրերս մեր թերթում լույս տեսած Արա Նազարեթյանի տեսակետին: Հիշեցնենք, որ այս կրքերը բորբոքվեցին այն բանից հետո, երբ ՀԿԿ-ն պաշտոնապես դիմեց հանրապետության այրերին՝ Ալավերդի քաղաքը Միկոյան եղբայրների անվամբ վերանվանելու համար: Կառավարությունը, որի գործառության շրջանակներում է այս հարցը, դեռեւս խորհում է: Ի հեճուկս Ա. Նազարեթյանի մտորումների՝ կոմունիստներն արձանագրում են. «Աչք է պետք ունենալ տեսնելու համար, որ հայոց մեծերի պատվին նրանց անուններով են կոչվել հուշակոթողներ, մայրուղիներ, բուհեր, թատրոններ, դպրոցներ եւ այլն: Եթե աչքը չի տեսնում, պարոն Նազարեթյանի խի՞ղճը ինչու է կուրացել: Մի՞թե Ալավերդի քաղաքը Միկոյան եղբայրների անունով կոչելու պարագայում որեւէ բան է պակասելու Սանահին հասկացության իսկապես անգնահատելի հարստությունից,- հարցնում են կոմունիստներն ու շարունակում:- Մենք ավելի քան համոզված ենք, որ հենց սանահինցիներն առաջինը կողջունեն Ալավերդու նոր անվանակոչումը, որի նախանձախնդիր ջատագովն ենք «անվանումների հետ խաղալու մոլուցքով» տարված կոմունիստներս»: Շարունակելով «հետեւել» «արձակագիր, ՀԳՄ անդամ» Նազարեթյանի տրամաբանությանը, կոմունիստները հանգում են նրան, որ «Ալավերդու շրջանն Ամենայն հայոց բանաստեղծ դսեղցի Հովհաննես Թումանյանի, Լուսակերտը՝ անզուգական Եղիշե Չարենցի անուններով վերակոչելու իրողությունը պարզապես կոմունիստների կողմից «միշտ էլ հարսով փեսին լավություն անելու» խասյաթի դրսեւորման հերթական արտահայտություններից է եւ ուրիշ ոչի՞նչ»: Նման մոտեցումը կոմունիստները որակում են «փողոցային ժարգոն, գռեհկաբանություն՝ մտավորական կոչված մեկի թունոտ շուրթերին»: Ինչ վերաբերում է Նազարեթյանի դիտարկումներին՝ կապված Օղակաձեւ զբոսայգու՝ կոմունիստների իշխանության օրոք Երիտասարդական վերանվանմանը, մերօրյա կոմունիստները «հիմարության գագաթնակետ» են որակում. «Ուրեմն Պատանի հանդիսատեսի թատրոնի շքամուտքին մեծատառերով պիտի դաջված լինի՝ «Բացի երիտասարդներից, մնացած բոլորի մուտքը խստիվ արգելվում է»: Այն, որ Օղակաձեւ զբոսայգու վերանվանումը պարոն Նազարեթյանի կարծիքով «հորթային հրճվանք է պատճառել կոմսոմոլ հիշեցնող երիտասարդական ինչ-որ խմբակի», մեր զրուցակիցները հակադարձում են. «Նա չգիտի, ի՞նչ իմանա, որ այդ «խմբակով» է անցել մեր ժողովրդի առնվազն չորս սերնդից ավելին: Ի՞նչ ճար ու դարման երախտամոռին…»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել