Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկին

Նոյեմբեր 03,2005 00:00

Ոսկին ու իր չարաղետ հետեւանքները Ոսկու շուկայի մոտ մարդ ու մեքենա խառնվել են իրար Երեւանի կենտրոնում՝ Խորենացու եւ Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից մինչեւ Անգլիական զբոսայգու մուտքը ընկած հատվածում, վերջին մի քանի տարիներին անանցանելի վիճակ է ստեղծվել: Պատճառը ոսկու շուկան է եւ նրա՝ գնալով աշխուժացող բիզնեսը: Նեղլիկ եւ միակողմանի երթեւեկությանը հազիվ բավարարող փողոցի երկու մայթերին հարակից երկուական շարքով կայանվում են շուկայի վաճառողների եւ ոսկեղեն գնելու եկածների ավտոմեքենաները: Դրան գումարած՝ վերջին տարիներին փողոցը դարձել է երթեւեկության համար երկկողմանի՝ ուղեւորատար եւ մարդատար ավտոմեքենաների համար: Տեղ չգտնելու պատճառով վարորդները սկսել են մեքենապատել նաեւ դիմացի շենքերի բակերը: «Երբեմն մուտքի մոտ մի մարդաչափ արահետ են թողնում ու կանգնում մինչեւ օրվա վերջ: Այստեղ 6 շենք կա, անընդհատ բնակիչներ են դուրսուներս անում, երեխաներ են խաղում: Մեքենաներն էլ նրանցից շատ են ներսուդուրս անում: Բացի այդ, բակերում ազատ տարածք չի մնացել, որ շտապօգնության մեքենա մոտենա, արտակարգ իրավիճակների մասին էլ դեռ չենք խոսում: Ու գնալով վիճակն անկառավարելի է դառնում, որովհետեւ ոչ մի օղակի կողմից վերահսկողություն չկա: Մի խոսքով՝ դեռեւս հրաշքով ենք պրծել մարդկային զոհերից, բայց տան մեջ նստած՝ անընդհատ լարված ու անհանգիստ ենք»,- «Առավոտին» դժգոհել են հիշյալ շենքերի բնակիչները: Ոսկու շուկան գնալով ընդլայնվում է՝ այժմ հիմնական շենքին կից կառուցվում է եւս երկու բարձրահարկ: Դրանց շահագործումից հետո արդեն առկա վիճակի գույներն ավելի կխտանան: Ընդամենը 50 մետր տարածքն այժմ մեքենաները հաղթահարում են հազիվ 10 րոպեում, իսկ մայթից մայթ անցնելու համար «հավերժ» պիտի սպասես: Փողոցը բեռնաթափվում է միայն ուշ երեկոյան, երբ հատուկենտ անցորդներ են շրջում: Նկատենք, որ ոսկու շուկայի հետնամասում է գտնվում Դավիթ Համբարձումյանի անվան լողի մարզադպրոցը, ուր հաճախում են հազարավոր երեխաներ՝ քաղաքի բոլոր ծայրերից: Մի հանգամանք եւս՝ ոսկու շուկան եւ նոր մասնաշենքերը կառուցելիս մեքենաների կայանման համար տեղ չի նախատեսվել: Ինչը նշանակում է, որ ստեղծված խցանումները ժամանակավոր բնույթ չեն կրում: Այլեւս համբերել չկարողանալով՝ բնակիչները նամակով դիմել են Երեւանի քաղաքապետին ու պետավտոտեսչության պետին, Կենտրոնի թաղապետին: «Մեքենաների միակողմանի եւ երկկողմանի երթեւեկությունը արգելող կամ թույլատրող նշանները պատվիրում է քաղաքապետարանը, մենք միայն անվտանգությունն ենք ապահովում: Ինչքան ես գիտեմ, նախկինում էլ է այդ փողոցը երկկողմանի եղել, բայց միայն ներքաղաքային տրանսպորտի համար, ոչ՝ մարդատարների»,- Երեւանի պետավտոտեսչության անելիքն այսքանով եզրափակեց աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: Քաղաքապետարանից էլ խոստացան պատասխանել առաջիկայում: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930