Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՅՈՒՐՈԿՐԱՏՆԵՐԸ

Նոյեմբեր 04,2005 00:00

«ԲՅՈՒՐՈԿՐԱՏՆԵՐԸ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ ԱՊՐԵՆՔ» Բողոքում են «Առավոտի» նամակագիրները «Ինչպես հանրապետությունն է շրջափակման մեջ, այնպես էլ մենք ենք, բայց՝ կրպակներով: Հակոբ Հակոբյան փողոցի 1 եւ 2 շենքերը կապող անցումը փակել են նոր կրպակով եւ անցնելու համար թողել են 1 մետրանոց անցք՝ հազիվ մի մարդու համար: Կրպակների այլանդակությունը մեր փողոցը դարձրել են ասիական շուկա, իսկ որ մի գարաժ են քանդում՝ մեկ ամիս հեռուստացույցով ցույց են տալիս»,- «Առավոտին» կրկին բողոքել են հիշյալ շենքերի բնակիչները: Հաջորդ նամակագիրը՝ երեւանցի Մագդալինա Նիկոլյանը գրում է, որ իշխանությունների պատճառով «ճնշումս 240/180 դարձավ, ինձ հիպերտոնիկ դարձրին, դեղերի վրա նստած եմ»: Նա պահանջում է քաղաքապետից, վարչապետից ու նախագահից, որ «լավ մտածեն, թե ուր են տանում Հայաստանին, մեզ, մենք մեռնում ենք ցրտից, սովից, համաճարակից»: Ինչպես հասկացանք նամակից, տիկին Մագդալինայի ճնշումը կկարգավորվի, եթե նրան օգնեն կարգի բերել պատշգամբը, դուռն ու պատուհանները ու մարեն 140 հազար դրամ հոսանքի պարտքը: Նա միայնակ թոշակառու է ու սոցիալական քարտից հրաժարվելու պատճառով թոշակը չի ստանում: Գյումրեցի Ռիմա Հովհաննիսյանը թոշակ ստանում է, բայց բարկացած է, որ ամեն թոշակառուից 200-300 դրամ են «գլխանց» պահում. «Երեւանում թոշակ-նպաստ ստանում են հաջորդ ամսվա մինչեւ 10-ը, իսկ Գյումրիում՝ որպես հարուստ ու ապահովված քաղաք՝ 27-30-ը: Մինչեւ ստանում ենք՝ հեռախոսն ու հոսանքը կտրում են: Երկրաշարժից ջրագծերը վնասվել են, ջրմուղը չի փոխում վնասված խողովակը եւ ջրի կորուստը ժողովրդի վզին է փաթաթում: Տնային կառավարչությունը տեղեկանքը 500 դրամով է տալիս: Ցորենը գնում են 60-70 դրամով, հացը վաճառում 300-400 դրամով: Ու բոլորն ասում են, թե պայքարում են կոռուպցիայի դեմ: Որտե՞ղ է սպառողների շահերի պաշտպանը: Դեպուտատներն ու նախարարները տեղյակ են ամեն ինչից, բայց չեն խոսում թալանից, որովհետեւ մասնակից են դրան»: Թոշակառուների մյուս խումբը, որ Երեւանի Նոր Նորք համայնքի Հայրենական պատերազմի մասնակիցներն են ու զոհվածների այրիները, «Առավոտի» միջոցով խնդրում են օգնել առավել ծանր պայմաններում ապրող 950 վետերանի, որոնք նույնիսկ օրվա հացի գումար չունեն: Մինչ այդ նրանք գրավոր դիմել են ԱԺ պաշտպանության եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մ. Շահգելդյանին, նամակների բաժնի պետ Ռ. Հարությունյանին, «Օրինաց երկրին», ԱԺ նախագահին կից հաշմանդամների խորհրդին, բայց մնացել են անպատասխան: «Նամակներ ենք գրել նաեւ ազգային բարերար Գագիկ Ծառուկյանին՝ էլի պատասխան չենք ստացել: Բայց նա լավ մարդ է, մեզ չէր մերժի, ուղղակի այդ բյուրոկրատները չեն թողնում նամակն իրեն հասնի»,- ասաց բողոքը խմբագրություն բերած պատերազմի 2-րդ խմբի հաշմանդամ, Ջրվեժի եւ Նորքի 5-րդ զանգվածի վետերանների խորհրդի նախագահ Բեջան Վարդանյանը: «Հուլիս ամսին ինձ դիմեց մի քաղաքացի, որին կադաստրի «Մարաշ» տարածքային ստորաբաժանումից իր տան գրանցման համար տվել էին բացասական պատասխան: Քաղաքացու ասելով՝ այդ կերպ փորձել են իրենից գումար շորթել եւ հետո տալ դրական պատասխան»,- գրում է Սասունցի Դավթի 25 հասցեի բնակիչ Արթուր Կարապետյանը: Նա իր նախաձեռնությամբ հետամուտ է եղել գործի մանրամասներին, դիմել ԱԺ վերահսկիչ պալատ, նախագահի վերահսկողական ծառայություն, ՄԱԿ-ի հակակոռուպցիոն բաժին: Հընթացս պարզել է նաեւ, որ քաղաքապետարանին կից բարեգործական ֆոնդը ոչ թե բարեգործական սկզբունքով, այլ որպես պարտադիր պայման, քաղաքացիներից գանձում է որոշակի գումար, տալիս կտրոն, առանց որի՝ անշարժ գույքի հետ կապված ոչ մի հարց քաղաքացիների համար չի լուծվում: Արթուրի տառապանքն ավարտվել է նրանով, որ իրեն դիմած քաղաքացին կադաստրից ստացել է դրական պատասխան: Արթուրի եզրակացությամբ՝ յուրաքանչյուր ոք, եթե փորձի պայքարել կոռուպցիայի դեմ՝ կհասնի հաջողության: Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն էլ, գրում է, որ Օպերային թատրոնի դիմաց, Թումանյանի աչքի առաջ, ինչպես նաեւ նրա անունը կրող փողոցում «Ջազվե» անունով երկու սրճարան է գործում. «Ջազվեն թուրքերեն է՝ «ջեզվե», որը հայերեն թարգմանած նշանակում է սրճեփ: Հայաստանում չի կարելի նման անունով սրճարան ունենալ: Դա մենք չենք հանդուրժում»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել