Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժքույրերին

Նոյեմբեր 04,2005 00:00

Բուժքույրերին չնայել չի լինի ՄԱԶԾ-ի փորձագետը կասկածում է, որ համալսարանական հիվանդանոցներում պետպատվերով բուժօգնությունը չի կարող առանց կոռուպցիայի լինել: «Վաղարշապատի ծննդատնից միայն դուրս գրվելու համար պահանջում են վճարել 10 հազար դրամ, իսկ մինչեւ ծննդաբերելը՝ մանր-մանր մոտ 40 հազար դրամ վճարել ենք, վախենում ենք վատ նայեն: Բուժքույրը մորը կամ նրա հարազատներին չի թողնում նոր ծնված երեխային փաթաթել, պնդում է, որ իրենցից բացի ոչ ոք իրավունք չունի դա անել, իսկ եթե ուզում ես երեխայիդ տակը չոր լինի, պիտի ամեն անգամ 1000 դրամ տաս իրենց: Բացի այդ, եթե մի քանի րոպե հիվանդանոցի մուտքի մոտ կանգնես՝ կտեսնես, որ նոր ծնված երեխաներից ոչ մեկը հայր «չունի»: Խեղճերը խաբում են՝ իբր Ղարաբաղում ծառայում է, խոպանչի է, որ շատ փող չպլոկեն: Պահակն էլ, մինչեւ ներս մտնելդ, արդեն զննած է լինում՝ մեքենայո՞վ ես, հեռախոս ունե՞ս ու ըստ այդմ մուտքի փող ուզում՝ սկսած 200 դրամից»,- «Առավոտին» հանգամանորեն պատմեց հիվանդանոցում վերջերս ծննդաբերած Էջմիածնի բնակիչներից մեկը, որը ներկայացավ, բայց խնդրեց անունը չհրապարակել: Ամեն օր երեկոյան 8-ից հետո, երբ գլխավոր բժիշկը գնում է, «որսի» է ելնում բուժքույրը. «Սկզբում ներս է մտնում, ջերմությունը չափում ու ասում՝ գիտեք, մեզ պետք է նայեք, եթե չես տալիս՝ այնքան է նստում կողքիդ, իր մասին պատմում, որ աշխատավարձը ցածր ա, ծայրը ծայրին չի հասցնում, ստիպված հանում-տալիս ես, որ ձենը կտրի ու գնա»: Այս առիթով մեր զրույցի ժամանակ Վաղարշապատի ծննդատան փոխտնօրեն Սվետա Պողոսյանը նման դեպքերն իրենց հիվանդանոցում բացառեց՝ հավաստիացնելով, որ ներկայումս 20 ծննդաբերող ունեն, որոնցից միայն 5-ն են վճարունակ, մնացածի համար ամեն ինչ անվճար է: Նկատենք, որ ծննդաբերությունը մեր երկրում արդեն քանի տարի է՝ ինչ իրականացվում է պետպատվերի շրջանակներում՝ բոլորի համար. վճարունակների եւ անվճարունակների: «Եթե անգամ բնակչության շրջանում դժգոհություններ կան, ապա դա առնչվում է ներքեւի սանիտարների հետ: Նրանց հետ այժմ աշխատանքներ ենք տանում, շուտով արդյունքը կնկատվի»,- պարզաբանեց փոխտնօրենը: Նշենք, որ Վաղարշապատի հիվանդանոցը մեկն էր այն առողջապահական հաստատություններից, որտեղ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում կոռուպցիոն ռիսկերի կառավարմանը ծանոթանալու համար անցյալ տարի լրատվամիջոցների ու նախարարության ներկայացուցիչների հետ շրջայցեր են կազմակերպվել: Առայժմ ոլորտում կոռուպցիայի դրսեւորումների մասին ՄԱԿ-ի փորձագետների կատարած հետազոտությունների արդյունքները պարզ չեն, բայց որ դրանք կան, ըստ փորձագետ Մովսես Արիստակեսյանի, անժխտելի է: Երեկ այս թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ նա նշեց, որ հիվանդանոցներում ցածր աշխատավարձերը ինքնին կոռուպցիոն ռիսկ են ստեղծում. «Օրինակ, Բժշկական համալսարանն իր կլինիկաներով վերջերս հրապարակված խոշոր հարկատուների ցանկում առողջապահական կազմակերպություններից առաջին տեղն է գրավում: Այս 9 ամիսների ընթացքում 153,7 մլն դրամ մուծել են պետբյուջե, 71 մլն շահութահարկ վճարել, բայց դասախոսներ կան, որ 15-20 հազար դրամ աշխատավարձ են ստանում: Էլ կոռուպցիա ո՞նց կարող է չլինել»: Բացի այդ, ըստ փորձագետի, քանի որ համալսարանը պատկանում է ԿԳ նախարարությանը, նրա հիմնադրած հիվանդանոցներն էլ են գտնվում այդ նախարարության ենթակայության ներքո, իսկ առողջապահության նախարարությունը միայն պետպատվերի համար միջոցներ տրամադրելու դեր ունի, ուստի «ոչ մի երաշխիք չկա՝ ինչքանո՞վ են ռացիոնալ օգտագործվում նախարարության միջոցները»: Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել