Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՒՀԵՐԻ

Նոյեմբեր 08,2005 00:00

ԲՈՒՀԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՆ Սակայն ուսանողները շարունակում են բողոքել բուհական խորհուրդների մասին կառավարության որոշման դեմ: Բուհական խորհուրդների ձեւավորման նոր կարգի արդյունքում բուհերի կանոնադրական փոփոխությունների գործընթացը ձգձգվում է: Մասնավորապես խորհուրդների կազմը, ԿԳՆ տվյալներով, վերջնականապես պետք է հաստատվեր դեռ նախորդ շաբաթվա սկզբում, բայց այս մասին դեռեւս ոչինչ վերջնական չէ: Ուրբաթ օրը մի խումբ ուսանողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ԵՊՀ-ում ակցիա էին կազմակերպել՝ իշխանություններից պահանջելով կասեցնել կառավարության որոշումը՝ բուհական խորհուրդների ձեւավորման նոր կարգի վերաբերյալ: Նրանք էլ հայտնում էին, որ «դեբատները դեռ շարունակվում են եւ վերեւներում անհամաձայնություններն առկա են»: Երեկ մեզ հետ զրույցում ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ ԵՊՀ դասախոս Վարդան Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենք որոշել են եւս 2 օր սպասել իշխանությունների պատասխանին, հետո անցնել հաջորդ փուլին: Այսօր «Բուհական ավտոնոմիայի պաշտպանության խորհուրդը» նիստ կհրավիրի եւ կպլանավորի հետագա անելիքները: Ինչպես նախորդ ակցիային հայտարարվեց, չեն բացառվում լայնամասշտաբ դասադուլները, ինչին արդեն իրենց համաձայնությունը տվել են ակցիային մասնակցող հարյուրավոր ուսանողներ: ԵՊՀ գիտքարտուղար Սերգեյ Առաքելյանը, սակայն, չի կարծում, որ նման ակցիաները կարող են խոչընդոտել դասերի բնականոն ընթացքը. «Եթե դասամիջոցներին մի քանի հոգի հավաքվում են, ակցիա են անում, դա դեռ դասադուլ չէ»,- մեզ հետ զրույցում ասաց նա: Ս. Առաքելյանը նաեւ հայտնեց, որ բուհի ղեկավարությունը կառավարության հետ եկել է որոշակի համաձայնության, որոնք արտացոլված են կանոնադրության մեջ: Սակայն չմանրամասնեց՝ խորհուրդ տալով սպասել կանոնադրության հաստատմանը: Մոտ 2 ամիս առաջ մեզ հետ զրույցում Սերգեյ Առաքելյանը մատնանշեց մի շարք հակասություններ այլ օրենքների եւ միջազգային պայմանագրերի հետ, որոնք առկա են այս որոշման մեջ՝ կապված բուհական ինքնավարության, ինքնուրույնության հետ: Բացի խորհրդի կազմում անդամների համամասնության հետ կապված հարցերից, գիտքարտուղարն ասել էր հետեւյալը. «Բոլոնյան սկզբունքը բուհերի ինքնավարությանը մեծ նշանակություն է տալիս, այստեղ լուրջ հակասություններ են առաջանում, եւ լրջորեն ոտնահարվում է բուհի ինքնավարությունը: Բուհն անկախ պետք է լինի, պետական վերահսկողություն պետք է, բայց դա չի նշանակում, որ պետք է ուսման գործընթացին, գիտահետազոտական աշխատանքներին պետությունը խառնվի»: Սա վերաբերում է բուհական խորհրդի կազմում կառավարության եւ ԿԳՆ ներկայացուցիչների՝ քաղաքական գործիչների, գործարարների եւ համապատասխան ոլորտում հայտնի մարդկանց մասնակցությանը, ինչի հետ կապված որեւէ փոփոխություն կառավարությունը հիմա էլ չի արել: Պարզվում է՝ ԵՊՀ-ին բավարարում է այն, որ իր պարագայում կառավարությունը մեծացրել է իրեն հատկացվող տեղերի թիվը՝ 32-ից հասցնելով 40-ի, թեեւ պրն Առաքելյանը նշեց, թե «մեր առաջարկած տարբերակով բոլոր հակասություններն ու անհամաձայնություններն էլ շտկվել են»: Նա չմանրամասնեց իրենց առաջարկած տարբերակը, սակայն մի բան հայտնի է, որ, այսպես ասած, դրսի մարդկանց մասնակցությունը իրենց պարագայում էլ պահպանվում է, եւ անհասկանալի է, թե ինչպես ցրվեց նախկինում հայտնած մտավախությունը, թե գործից անտեղյակ անձինք կգան ու կխառնվեն բուհի ներքին կյանքին: Ըստ Վարդան Խաչատրյանի, բուհերի մեծ մասի ղեկավարությունը եւս բավարարված է զգում, որովհետեւ կուսակցականացված բուհերի պարագայում, ի դեմս ուսանողական 25 տոկոսի, գործ ունենք հանրապետականների հետ: Սակայն բազեական ուսխորհուրդներից դուրս՝ ոչ մի ուսանող համաձայն չէ առաջարկվող պայմաններին: Հետեւաբար՝ պայքարը կշարունակվի: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել