Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբեր 08,2005 00:00

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՇԱՏ ԲԱՆ Է ԿԱԽՎԱԾ Ասում է Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն աշխարհի առաջնությունումիր սաների ունենալիք մրցելույթների արդյունքների մասին: Հավաքականը Երեւան-Մոսկվա-Պեկին չվերթով մեկնեց Չինաստան, որտեղ նոյեմբերի 11-ից 21-ը մասնակցելու է մարզաձեւի աշխարհի առաջնությանը: Ռաֆայել Մեհրաբյանը մեկնելու նախօրյակին «Առավոտին» տեղեկացրեց, որ թիմի կազմում ընդգրկել է կաշվե ձեռնոցի վեց վարպետ: Նրանք են. 54 կգ քաշային կարգ՝ Գաբրիել Տոլմաջյան (Երեւան), 60 կգ՝ Հրաչյա Ջավախյան (Վանաձոր), 64 կգ՝ Արտյոմ Հովհաննիսյան (Գյումրի), 69 կգ՝ Սամվել Մաթեւոսյան (Վանաձոր), 75 կգ՝ Անդրանիկ Հակոբյան (Էջմիածին), 81 կգ՝ Արտակ Մալումյան (Վանաձոր): Պատվիրակության կազմում որպես մրցավար Չինաստան է մեկնել նաեւ միջազգային կարգի մրցավար Սուրեն Ղազարյանը: Գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ հատուկ աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու նպատակով Ծաղկաձորում, Երեւանում եւ Արարատում կազմակերպել են ուսումնամարզական երեք հավաք, որոնց մասնակցել է 20-25 բռնցքամարտիկ եւ այս վեց հոգուն ընտրել են նրանց միջից: Ռաֆայել Մեհրաբյանը չխոստացավ անպայման մեդալներ բերել Չինաստանից, սակայն հայտարարեց, թե բոլոր տղաներն էլ ներկայիս վիճակով պատրաստ են պայքարել մրցանակային տեղերի համար. «Գաբրիելը, Հրաչյան եւ Անդրանիկը այս տարի Չեխիայում անցկացված միջազգային մրցաշարի հաղթողներ են,- ասաց նա,- ընդ որում, Հրաչյան այնտեղ ճանաչվել է նաեւ որպես մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ, իսկ Անդրանիկը եզրափակիչում պարտության է մատնել Եվրոպայի այս տարվա առաջնության մրցանակակրին: Նույն մրցաշարում Արտյոմն ու Սամվելն արժանացել են բրոնզե պարգեւի, իսկ Արտակը հավասարը չի ունեցել Իրանում անցկացված միջազգային մրցաշարում: Ինչպես տեսնում եք, բոլոր տղաներն էլ ոչ միայն միջազգային մրցումների փորձ ունեն, այլեւ իրենց լավ են դրսեւորել: Ինչ վերաբերում է մեդալներին, ես նախապես ոչինչ չեմ խոստանում: Բոլորի հետ էլ հույս կապում եմ: Բայց շատ բան կախված է վիճակահանությունից»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել