Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՅՈ»-Ի

Նոյեմբեր 09,2005 00:00

«ԱՅՈ»-Ի ԵՎ «ՈՉ»-Ի ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի հետ Երեւանցիները ոչ մի տեղ հաստատ չեն տեսել եւ չեն էլ տեսնի մեծ-մեծ տառերով գրված «Ոչ», սակայն խոշոր «Այո»-ները արդեն թառել են քաղաքի ամենաերեւացող մասերում: «Այո»-ի քարոզարշավն անցնում է առանց խոչընդոտների. Երեւանի կենտրոնական մասերում պատերին վեր խոյացած «Այո»-ների առատությունից զգացվում է, որ իշխանություններն իրենք իրենց ամենեւին չեն խոչընդոտում սեփական սահմանադրական փոփոխությունների քարոզչությունն իրականացնելիս, իսկ ընդդիմությունը, հասկանալի պատճառներով, իր «Ոչ»-ի կամ բոյկոտի մեծ պաստառներ չի կարող տեղադրել ոչ մի պատի վրա՝ ոչ թե այն պատճառով, որ փող չունի, այլ պատերը չեն տրամադրվի ընդդիմությանը, երեւի կասեն՝ այդ պատի վրա նախօրոք էր միջոցառում նախատեսված: Չի՞ ստացվում, որ սահմանադրական քարոզարշավն անցկացվում է օրենքի խախտումներով, քանի որ կողմերի համար ապահովված չեն հավասար պայմաններ: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին զրույցում այս մասին էլ հարցրինք, նա էլ իր հերթին մի շարք այլ օրինակներով լրացրեց այն միտքը, որ քարոզարշավի պայմանները հավասար չեն. «Օրինակ, Ռոբերտ Քոչարյանը կամ «այո» քարոզողների երամները երբ ուզեն եւ ուր ուզեն՝ գնում են, նրանց համար ցանկացած դահլիճ են բերում լսող մասսա, որը հլու-հնազանդ լսում է նույնիսկ այն, ինչը չի կարելի լսել եւ ինչին չի կարելի չպատասխանել: Իսկ երբ ընդդիմությանն է դահլիճ հարկավոր՝ մեզ մերժում են, խանգարող գործողություններ են իրականացնում, մարդկանց վախեցնում են, որ հանդիպման չգան, ոստիկաններն ու ԱԱ աշխատակիցները գյուղապետերի եւ քաղաքապետերի հետ այնքան են չարչարվում, իրար անցնում, մարդկանց հետ հատուկ զրույցներ անցկացնում, այսինքն՝ այնքան են վախենում, որ կարելի է կարծել, թե հենց տվյալ հանդիպումն է վերածվելու իշխանության վստահության հանրաքվեի»: Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ուսանողների առջեւ Ռոբերտ Քոչարյանի ելույթին եւ նրա կողմից արտահայտված այն մտքին, թե սահմանադրական փոփոխություններում կրճատված են նախագահի լիազորությունները, ասաց. «Դա դեմագոգիա է, բերեմ մեկ օրինակ: Հոդված 74-ի առաջին կետում գրված է. «Եթե ԱԺ-ն երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա հանրապետության նախագահը արձակում է ԱԺ-ն»: Ես սա մեկնաբանում եմ հետեւյալ կերպ՝ ընտրությունների արդյունքը նախագահին դուր չգալու դեպքում ինքը դեմ է տալիս անհեթեթ թեկնածուի եւ այդպես է ցրում ԱԺ-ն: Իրականում որեւէ լիազորություն չի պակասել, հակառակը: Ահա եւս մեկ կարեւոր կետ. հոդված 55-ի 14-րդ կետում գրված է. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում խորհրդակցելով ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ՝ հայտարարում է արտակարգ դրություն: Այսինքն՝ նախագահը էլի նորից միայնակ, ընդամենը խորհրդակցելով եւ ինքնուրույն գնահատելով, որ տվյալ բանը սահմանադրական կարգին վտանգող է՝ միանգամից արտակարգ վիճակ է հայտարարում: Առավել եւս գրված չէ, թե ԱԺ-ն ինչպիսի լիազորություններ կարող է ունենալ այս դեպքերում: Իսկ անցումային դրույթներում գրված է. «Մինչեւ ԱԺ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի օրը ՀՀ նախագահը կարող է ԱԺ նախագահի եւ վարչապետի հետ խորհրդակցելով՝ ցրել ԱԺ-ն եւ նշանակել ԱԺ նոր ընտրություններ»: Սա չի՞ նշանակում, որ եթե ընտրությունների արդյունքները իրեն դուր չեն գալիս, ինքը միանգամից ցրում է ԱԺ-ն»: Իսկ այն, որ գործող նախագահը հայտարարում է, որ իր լիազորությունները պակասելու են ըստ առաջարկվող փոփոխությունների, Արամ Սարգսյանը որակեց որպես ցուցադրական ելույթ, նաեւ. «Ինքը իսկապես նպատակ ունի անցկացնել այդ փոփոխությունները, եւ դա պայմանավորված է միայն մեկ հարցով՝ Ղարաբաղի»: Մեր զրուցակիցը զուգահեռ անցկացնելով Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ՝ ասաց, որ այդ ամենը եւ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները անմիջականորեն կապված են նույն՝ Ղարաբաղի հարցի հետ. «Պայմանը հետեւյալն է՝ աչք փակել Ադրբեջանում եւ Հայաստանում տեղի ունեցածի վրա, որովհետեւ 2006-ին պետք է ստորագրվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պայմանագիրը, որը հայանպաստ չէ: Ասեմ՝ թե ինչու: Զարմանում եմ, որ կան միամիտներ, ովքեր կարծում են, թե հողերը վերադարձնելու դիմաց մենք ստանալու ենք ԼՂՀ անկախությունը: Այդպես չէ: Հենց որ հողերը վերադարձվեցին՝ Ադրբեջանը անմիջապես կկորցնի իր հետաքրքրությունը բանակցային գործընթացի նկատմամբ: Առավել եւս, որ խոստացված հանրաքվեն նույն պահին չի լինելու, այլ՝ տարիներ հետո, իսկ այդ տարածքները զուտ տարածք չեն, այլ Ղարաբաղի պաշտպանական գիծ, որի բացակայության դեպքում ղարաբաղցիներն ուղղակի վախից դրդված դուրս են գալու երկրից, առավել եւս, որ իրենց անպաշտպան են զգալու: Հաջորդն այն է, որ հինգ տարի հետո, եթե Հայաստանը այս տեմպերով քայքայվի, իսկ Ադրբեջանը գումարներ կուտակի եւ հզորանա, արդեն պարզ է, թե ինչ կլինի հանրաքվեի արդյունքում: Կարծում եմ՝ Ադրբեջանը հենց այս հույսն էլ փայփայում է եւ չի էլ թաքցնում, որ պատրաստ է հարցը լուծել ռազմական ճանապարհով»: Արամ Սարգսյանը սա համարում է խիստ վտանգավոր իրավիճակ եւ գտնում է, որ Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման համար շատ ավելի լավ կլիներ, եթե ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում իշխանության գար ընդդիմությունը. «Եվ թող չփորձեն ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համար շատ կարեւոր է, որ հանրաքվեն անցնի «այո»-ների առավելությամբ, ընդհակառակը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել