Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացում՝

Նոյեմբեր 18,2005 00:00

Ներկայացում՝ այսօրվա մտավորականի մասին Նորաստեղծ մոնոներկայացումների ակումբում Նոյեմբերի 18-19-ին Պատանի հանդիսատեսի թատրոնի փոքր դահլիճում կբեմադրվի «Աշխարհի գերին» ներկայացումը՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», «Ռիչարդ Երրորդ» եւ «Թիմոն Աթենացի» պիեսների: Ներկայացման բեմադրիչ եւ սցենարի հեղինակ Գառնիկ Սեյրանյանը նշեց, որ այն ստեղծվել է հինգ ընկերների՝ Մխիթար Մելքոնյանի (դերակատար), Ալեք Ալեքյանի (բեմանկար), Աննա Հարությունյանի (զգեստներ), Մանուշ Քիշմիրյանի (պրոդյուսեր) եւ իր ջանքերով: Բեմադրության հեղինակն ասաց, որ պիեսում խոսվում է ոչ միայն Շեքսպիրի գործերի, այլ նաեւ այսօրվա մտավորականի թույլ ու խեղճ վիճակի մասին. «Ներկայացնում ենք ուժեղ մտավորականի, որը կարծես թե դուրս է մղված մտավորականության եւ հասարակության դաշտից: Մեր պիեսի հերոսը իր ամբողջ կյանքում ցանկացել է խաղալ Թիմոն Աթենացի, սակայն մի օր թատրոնի ղեկավարը նրան հայտնում է, որ օպտիմալացման պատճառով ստիպված է հրաժարվել ոչ միայն երազած դերից, այլ նաեւ սիրած աշխատանքից: Արդյունքում վերջինս հայտնվում է հոգեբուժարանում եւ հենց այստեղ խաղում բոլոր այն դերերը, որոնց մասին երազել էր»: Նա ավելացրեց, որ սա մի պիես է, որը դեմ է «ուզածդ» հեղափոխության: «Արթնացե՛ք, մարդիկ»,- այս է բեմադրության գլխավոր ասելիքը՝ ըստ դերասան Մխիթար Մելքոնյանի: Այսուհետեւ ՊՀԹ-ում կգործի մոնոներկայացումների յուրօրինակ մի ակումբ, որտեղ ոչ միայն թատերական գործիչները, այլեւ հանդիսատեսը ներկայացումները դիտելուց հետո հնարավորություն կունենան կիսվել տպավորություններով, խոսել թատերական նոր ծրագրերի, ինչպես նաեւ թատրոնի խնդիրների մասին, որոնք հնարավոր կլինի լուծել միասնական ուժերով: Գ. Սեյրանյանը հիշեցրեց, որ թատրոնը հասարակության հայելին է. «Մեր թատրոնները դեռ սովետական ռազմավարությամբ եւ սկզբունքներով են աշխատում: Իհարկե, լավ ներկայացումներ լինում են: Պիտի նշել, որ մութ ու ցուրտ տարիներին թատրոնները միակ պետական կառույցներն էին, որոնք շարունակում էին աշխատել եւ նույնիսկ այդ ժամանակ ավելի շատ ներկայացումներ բեմադրվեցին, քան հիմա»: Գ. Սեյրանյանը ավելացրեց, որ հայկական մոնոներկայացումների մեջ կան այնպիսի գործեր, որոնք չեն զիջում փառատոների ժամանակ Հայաստանում ցուցադրված դրսի գործերին: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել