Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՐՈՇՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԵՌԱՑՆԵԼ

Նոյեմբեր 22,2005 00:00

ՈՐՈՇՎԵՑ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՀԵՌԱՑՆԵԼ «Շրջելով հանրապետությունում՝ մենք տեսանք,
որ «այո»-ն ժողովրդի կողմից աջակցություն չի ստանալու, հետեւաբար սա լինելու է իշխանությունների
վստահության հանրաքվեն: 27-ից հետո իրենք պետք է հեռանան այս երկրից: Վերջ: Սա է:
Ամեն ինչ շատ բարձր մակարդակով կազմակերպվելու է մեր կողմից, եւ մենք առաջնորդելու
ենք ժողովրդին»,- հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի
անդամ Սմբատ Այվազյանը: Մանրամասներ, թե ի՞նչ հարցեր են քննարկվել եւ ի՞նչ որոշումներ
են կայացվել «18+1» ֆորմատի հերթական հավաքի ժամանակ՝ չհնչեցին: Միայն ասվեց, որ
քննարկվել են առաջիկա գործողությունների ծրագրերը: Հաջողվեց ճշտել, որ երեկվա նիստին
ներկայացել է նաեւ ԱԺԴ առաջնորդ Շավարշ Քոչարյանը: Սակայն նրա ներկայությունն այնքան
էլ ոգեւորությամբ չի ընդունվել: Շավարշ Քոչարյանը ստիպված է եղել լքել դահլիճը: Ինչ
վերաբերում է «Ազգային միաբանություն» կուսակցության երեկվա հայտարարությանը՝ այն
նույնպես առանձնակի ներշնչանքի աղբյուր չի դարձել: Ավելին, մասնավոր զրույցներում
ընդդիմադիրները կարծիք էին հայտնում, որ «Գեղամյանից այլ բան չէին էլ սպասում»: «Եթե
հանձնաժողովներում չի աշխատում՝ շատ լավ է, բայց Գեղամյանը ԱԺ հայտարարությունների
ժամին ասաց, որ ինքն ակտիվ բոյկոտի կողմնակից է: Դա արդեն մեզ համար բավարար է: Մեր
կոնտակտներն իր հետ շարունակվում են: Ես կարծում եմ, երբ պահը գա՝ նա ավելի ակտիվ
եւ ավելի մեծ պոտենցիալով միանալու է գործընթացին, նա խելամիտ մարդ է»,- ասաց «Հայրենիք
ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին միացյալ
ընդդիմությունն աջակցելու է: Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել