Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԴԵՊ

Նոյեմբեր 22,2005 00:00

ՄԻՋԱԴԵՊ ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ Երեկ սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Ուկրաինա: Դրան նախորդեց մի տհաճ միջադեպ: Հայկական պատվիրակությունը, որի մեջ, բացի ԱԺ նախագահից, մտնում են պատգամավորներ Սամվել Բալասանյանը, Աղասի Արշակյանը, Գուրգեն Արսենյանը, Սերգեյ Աբրահամյանը, Կիեւ պետք է ժամաներ Կալինինգրադից: Մեր պատվիրակությանը տրամադրված ՏՈԻ-134 ինքնաթիռը մոտ մեկուկես ժամ չէր շարժվում, պատգամավորներին ասել են, որ տեխնիկական փոքր միջամտությունից հետո ամեն ինչ կարգին կլինի: Մոտ 2 ժամից ինքնաթիռն իսկապես շարժվեց, բայց մի քանի րոպե չանցած դադարեցրեց ընթացքը: Պատվիրակությանը դուրս հրավիրեցին ինքնաթիռից, եւ պատգամավորները տեսան, որ ինքնաթիռի աջ թեւում հրդեհ է բռնկվել: Ասում են՝ իբր Կալինինգրադի օդանավակայանի անանուն աշխատակիցներից մեկը զգուշացրել էր, որ այս ինքնաթիռը չարժե նստել: Ըստ հայ պատգամավորներից մեկի, միջադեպով հետաքրքրվում էր ՌԴ բարձրագույն ղեկավարությունը: Արդյունքում մեր պատգամավորները Կիեւ հասան ոչ թե կիրակի ժամը 23.00-ին, այլ երեկ, ժամը 04.00-ին: Չնայած այդ ուշացմանը՝ մեր պատվիրակությանը Կիեւի օդանավակայանում սպասում էին աղուհացով: Երեկ կայացավ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի հետ: Հանդիպումից հետո պատասխանելով հայ լրագրողների այն հարցին, թե որ ճանապարհն է գերադասելի երկրի համար՝ հեղափոխակա՞ն, թե՞ էվոլյուցիոն, պարոն Լիտվինը պատասխանել է. «Կարծում եմ՝ ճիշտ է, որ երկիրը զարգանա էվոլյուցիոն ճանապարհով: Բայց ցանկացած ժողովրդի մոտ լինում են փուլեր, երբ պետք են հեղափոխական անցումներ, որոնք խթանում են հասարակության զարգացումը: Ի՞նչ տվեց մեզ անցած տարին: Տվեց հույս, որը դեռեւս կորած չէ»: Այսօր Կիեւում նշվում է «նարնջագույն հեղափոխության» առաջին տարելիցը: Տարբեր՝ նախագահ Յուշչենկոյին համակիր եւ ընդդիմադիր ուժեր տարբեր հրապարակներում վրաններ են խփելու՝ այդ տարելիցը նշելու համար: Այսօր նախատեսվում է նաեւ Վ. Յուշչենկո-Ա. Բաղդասարյան հանդիպումը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ, Կիեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել