Լրահոս
Օրվա լրահոսը

Դասեր

Նոյեմբեր 22,2005 00:00

Դասեր Հայաստանին Մինչ ամբողջ աշխարհը գործնական քայլեր է անում ծխախոտամոլության դեմ պայքարում, մեզ մոտ բավարարվում են միայն «տեսականով»: Այս օրերին ուկրաինացի ծխողների եւ ծխախոտ արտադրողների համար իսկական խառնաշփոթ է: Եթե մենք «Ծխախոտի իրացման, սպառման եւ տարածման սահմանափակումների մասին» օրենքն ընդունել ենք մարտի 2-ից ու բացի դրանով հպարտանալուց ուրիշ քայլեր չենք ձեռնարկել, Ուկրաինայում նույն օրենքն ընդունվել է այս տարի հոկտեմբերին ու արդեն հստակորեն գործում է: Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային հետազոտական կենտրոնի տվյալներով՝ այնտեղ հոկտեմբերի 24-ից հասարակական վայրերում ծխողները տուգանք են մուծում. առաջին անգամ օրենքը խախտելու համար՝ 17-85 գրիվեն, երկրորդ անգամ՝ 89-119: Ճիշտ է, դեռ ռեստորանները, բարերն ու մյուս օբյեկտների տերերը չեն հասցրել առանձնացնել ծխողների ու չծխողների տարածքները, բայց, նախագահի հրամանով, շատ կարճ ժամանակում պետք է հոգ տանեն դրա մասին, հակառակ դեպքում՝ ստիպված պիտի լինեն կլորիկ գումար վճարել: Ինչ վերաբերում է արտադրողներին, նրանք այնքան էլ հոժարակամ չեն ընդունել օրենքը, քանի որ տուփերի վրա ստիպված են սարսափելի բաներ գրել, օրինակ՝ որ «ծխող տղամարդիկ շատ քիչ շանս ունեն հայր դառնալու»: Ուստի նրանք հանդես են եկել պատասխան հայտարարությամբ, որ ծխախոտի գները բարձրացնելու են: Օրենքի դեմ սկզբնական շրջանում բողոքել են նաեւ գործատուները, որովհետեւ նրանք պիտի ոչ միայն աշխատավայրերում ծխողների համար առանձին սրահ հատկացնեն, ինչը լրացուցիչ ծախսեր է պահանջում, այլեւ՝ այնտեղ տեղադրեն օդափոխիչ կամ հովանոց: Առայժմ, մինչ կստեղծվեն նշված «հարմարանքները», ծխողները ստիպված են 5-10 րոպեն մեկ վազել պատշգամբ, ծխել ու վերադառնալ: Նշենք, որ Ուկրաինայում ծխում է տղամարդկանց 66, կանանց՝ 20%-ը: Մեզ մոտ թեեւ ծխող կանայք ավելի քիչ թիվ են կազմում, բայց տղամարդկանց դեպքում Ուկրաինային գերազանցում ենք: Այդուհանդերձ, այնտեղ այս ցուցանիշներից ելնելով՝ սկսել են խիստ վերահսկողություն սահմանել ու արդյունքի հասնել: Այս հարցում Ուկրաինայի հաջողության գաղտնիքն այն է, որ կառավարությունը պայքարելու ողջ պատասխանատվությունը, հետեւաբար նաեւ՝ դրամաշնորհների ծախսումը չի թողնում միայն հ/կ-ների ուսերին. օրենքի կատարմանը հետեւում են բոլորը, անգամ՝ քաղաքական եւ քաղաքացիական կուսակցությունները՝ Վիկտոր Յուշչենկոյի գլխավորությամբ: Հասկանալով, որ նման պայմաններում ծխախոտի բիզնեսն Ուկրաինայում դատապարտված է ձախողման, ծխախոտագործներն սկսել են ողջ արտադրանքը մաքսանենգ ճանապարհով արտահանել Անգլիա: Օրինակ՝ Լեհաստանի մաքսատան ներկայացուցիչ Արկադիուս Բարեձյակի պատմելով՝ վերջերս իրենք Լեհաստանի եւ Գերմանիայի սահմանում հայտնաբերել են ավելի քան 8 մլն տուփ ծխախոտ, որը դուրս է եկել Ուկրաինայից եւ նախատեսված է եղել բրիտանական շուկայի համար: Ընդ որում, մաքսանենգներն այսպիսի հնարանքի են դիմել. կոնտեյների մեջ տեղադրել են հատուկ լինզաներ, որոնք տեսողական խաբկանքի միջոցով բեռնատարը դատարկ են ցույց տվել: Այնուամենայնիվ, այն հայտնաբերվել է եւ Բարեձյակի հավաստիացմամբ՝ պետք է ոչնչացվի: Ամերիկան նույնպես անցել է ծխախոտամոլության դեմ ոչ թե տեսական, այլ գործնական պայքարի: Օրինակ՝ ամերիկյան «Հյուսիս-արեւմտյան ավիաուղիներ» ավիաընկերությունը ստիպում է իր ծխող աշխատակիցներին աշխատավարձից ամեն ամիս գումար վճարել՝ իր եւ մյուսների առողջության ապահովագրման համար: Վերջին հաշվով, տարեցտարի ավելանալով՝ այդ պահումներն այնքան մեծ գումար են կազմում, որ մարդը մի օր կկանգնի երկընտրանքի առջեւ՝ կամ թողնել ծխելը, կամ դառնալ գործազուրկ: Հայաստանում դեռ մտածում են՝ ի՞նչ մարմին ստեղծեն, ո՞ւմ վրա բարդեն վերահսկողությունը, եւ ընդհանրապես՝ որտեղի՞ց անեն առաջին քայլը: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել