Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռակա

Նոյեմբեր 23,2005 00:00

«Հեռակա հայրենասիրության» հետեւանքները Վրաստանի սահմանային անցակետից Ջավախք տանող ճանապարհները նույնքան անմխիթար էին, որքան Ջավախքի գյուղեր տանող ճանապարհները: Նույնիսկ պատերազմական եւ ետպատերազմական Արցախում ճանապարհները այդքան վատը չէին: «Չինովնիկները քանդեցին էս երկիրը»,- ասում էին Ախալքալաքում մեր զրուցակիցները: Իսկ Ջավախքի ժողովրդական շարժման անդամ Վաղարշակ Գերուջանյանը տեղեկացրեց, որ դեմ են Ախալքալաք-Կարս երկաթգծի կառուցմանը: Նա նաեւ ասաց, որ Վրաստանի պառլամենտը ընդունել է մի որոշում, ըստ որի բոլոր հայկական դպրոցներում մինչեւ 2009թ. կմնան միայն հայոց լեզու եւ գրականություն առարկաները, մնացած առարկաները կդասավանդվեն վրացերեն: «Ջավախքում եթե կրթօջախները փակեն, նշանակում է իրագործել սպիտակ եղեռն: 1930-32թթ. Կախեթիում եւ Գորիում փակեցին հայկական դպրոցները ու այժմ այնտեղ ոչ մի հայ չմնաց»,- շարունակեց նա: Որեւէ ոստիկանի, տեղական ինքնակառավարման մարմնի որեւէ ներկայացուցչի Ախալքալաքում եւ մոտակա գյուղերում երկօրյա մեր այցի ժամանակ չտեսանք: Ախալքալաքի հայկական մանկապարտեզի շենքում հառնել է մի կուսանոց, ուր փորձեցինք մտնել: Սակայն վրացի մայրապետացուն նախ չթույլատրեց նկարահանել, ապա հայտնեց, որ թվով հինգ կույսեր օրեր առաջ հեռացել են այնտեղից, իսկ շենքում էլ բնակվում է միայն խոստովանահայրը: Վերջինս մեր սպասման ժամանակ (կես ժամ) «ռադիոծածկույթից» դուրս էր: Սակայն զարմանալի ինֆորմացիա մեզ փոխանցեցին տեղացիները, ասելով, որ վերոնշյալ կուսանոցը զինվում է եւ այնտեղ զինապահեստներ կան: Այս օրերին այնտեղ խոսում էին երեք օր առաջ Բարալեթի գյուղի հանրահավաքի մասին, որը կապված էր զինակոչի հետ: «Բանակ գնում են շատ քչերը»,- ասում է տեղաբնակ հայերից մեկը, որը տեղեկացրեց նաեւ 12 հայ տղաների փախուստի մասին, ինչն արդյունք էր եղել ներբանակային ճնշումների եւ խտրականության: Բարալեթի գյուղում, ինչպես եւ ամենուր, նույնպես աշխատանք չկա: 10.090 բնակիչներից 190-ը վրացի է: Մարդիկ զբաղվում են կատոֆիլագործությամբ, սակայն իրացնել չեն կարող: Անասուններ են պահում, բայց ՀՀ մաքսայինում փող են ուզում, բժիշկն իր հերթին է գումար ուզում եւ ստացվում է, որ անձը վնաս է կրում: Այստեղ երազում են, որ Հայաստանում 20 երիտասարդի անվճար թույլատրեն սովորել, ամեն տարի, որպեսզի նրանք վերադառնան եւ աշխատեն իրենց ծննդավայրում: Մոտակա խանութի տեսականուն ենք ծանոթանում: Իսկ «հեռակա հայրենասերների» տարբեր խմբեր օրը մեջ Ջավախքի անունով կազմակերպություններ են բացում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ջավախք-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930