Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿՈԲ

Նոյեմբեր 24,2005 00:00

ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ ՉԻ ՀԵՌԱՆԱ Եվ չի բեմադրի պրիմիտիվ դաստիարակչական պիեսներ Հայաստանի թատերական գործիչների միության հերթական համագումարում Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԹԳՄ քարտուղար Հակոբ Ղազանչյանը հայտարարել էր, թե հիասթափված է եւ գուցե հեռանա միությունից: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով հանդիպեցինք պրն Ղազանչյանին: – Այժմ, երբ ձեր հայրը՝ Երվանդ Ղազանչյանը վերընտրվել է ԹԳՄ նախագահի պաշտոնում, դարձյա՞լ մտածում եք միությունից հեռանալու մասին: – Ես դա ասացի, երբ համագումարը դեռ չէր ավարտվել: Այն մթնոլորտը, որ տիրում էր այնտեղ, ինձ իսկապես հիասթափեցրել էր: Ինքս այն մարդկանցից չեմ, որ գտնում է, թե ԹԳՄ-ում ամեն ինչ իդեալական է: Այդպես մտածողների ուղեղը հաստատ չի գործում եւ երեւակայությունն այլեւս սպառված է: Դառնանք միությանը, ուր բոլորս պետք է անընդհատ մտնենք ու մեր առաջարկներն անենք, հուզող խնդիրները ներկայացնենք, թերությունները նշենք: Ինձ ուղղակի հիասթափեցրեց այն, որ համագումարից ընդամենը 2 օր առաջ ոմանք հիշեցին միության մասին: – Այնուամենայնիվ, եթե Երվանդ Ղազանչյանը չվերընտրվեր, դուք շարունակելո՞ւ էիք նույնքան մտահոգ խոսել ԹԳՄ-ի ներքին պրոբլեմների մասին: – Այո, առանց խոսքի… Գուցե ղեկավար կառույցներում չուզենայի ընդգրկվել եւ արենան թողնեի այն մարդկանց, ովքեր կգային իշխանության: Ընդհանրապես համագումարները չպետք է առիթ դառնան, որ որոշ մարդիկ ազգային հերոս դառնալու իրենց ձիրքը դրսեւորեն: Բեմադրությունները պետք է արվեն թատրոններում եւ ոչ թե համագումարներում: – Համագումարում հնչող դժգոհություններից մեկն էլ այն էր, որի ԹԳՄ գործիչները քիչ են լսվում, իրենց խնդիրներին ղեկավարությունը անհաղորդ է մնում: – Եթե որեւէ մեկին ինչ-որ հարց չի բավարարում, լավ կլինի դիմի նախագահին, պնդի, որ հավաքվենք-քննարկենք: Մենք պետք է ցույց տանք, որ այնուամենայնիվ քաղաքակիրթ միություն ենք, ուր բոլորս հավասար իրավունքներ ունենք: – Համագումարում հնչեց կարծիք, որ նոր թատրոն 10 տարվա ընթացքում չի ստեղծվել, ուրեմն միությունն իր տեղում չէ, ուրեմն ինչ-որ բան այն չէ… – Աբսուրդ է միությանը մեղադրել նոր թատրոններ չստեղծելու մեջ, դա նույնն է, որ Կոմպոզիտորների միությանը մեղադրես, թե ինչու նոր սիմֆոնիաներ չեն գրվում: Ով որ մեղադրում էր (հավանաբար նկատի ունի Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատերական ինստիտուտի դասախոս Ռուբեն Բաբայանին- Գ. Հ.), թող մի քիչ «ուշադիր նայի հայելու մեջ»: Եթե օբյեկտիվ լինի, հաստատ պատասխանը կգտնի: Ես չեմ ուզում սրել իրավիճակը, բայց խորհուրդ եմ տալիս «տրամաբանական» ելույթներ ունեցողներին հիշել, որ դիմացինն էլ տրամաբանություն ունի, եւ տեղն եկած դեպքում կարող է շատ բան ասել ու ավելի խիստ խոսել: – Այսօր շատերը թատրոն հաճախելու կուլտուրա չունեն, գալիս են պոպկորնով, սննդամթերքով «զինված», օրերս էլ տհաճ միջադեպ է գրանցվել ձեր թատրոնում… – Ես երբեք չեմ բեմադրում դպրոցների ակնկալած ծրագրային նյութերը, որովհետեւ չեմ կարող բեմադրել այնպես, ինչպես գրված է դասագրքերում: Շատ դեպքերում ներկայացում բոյկոտողներն ու խանգարիչները ուսուցիչներն են, նրանք սիրում են մտածել աշակերտների փոխարեն: Նույն ուսուցիչները ամենայն ջանասիրությամբ ամենաապուշ հումորիստների տոմսերը սաղացնում են երեխաների վրա ու երբեք չեն ընդվզում թեկուզ այն բանի համար, թե ինչու է 10:30-ին հոմոսեքսուալիստների մասին ֆիլմ ցուցադրվում որեւէ հեռուստաալիքով: Ինչ վերաբերում է օրերս «Սիլվիան» բոյկոտելուն, ասեմ, որ հրաշալի պիես է՝ բարության մասին, հերոսն իր տուն է բերում անտուն շանը եւ խնամում: Ներկայացման կեսից ուսուցիչները սկսել են աղմկել, թե հակաբարոյական պիես է, իսկ գլխավոր դերակատարին՝ երիտասարդ մի աղջկա ամենավերջին հայհոյանքն են տվել: Հետո ինչ-որ ուսուցչուհի եկել է կուլիսներ ու այնտեղ էլ շարունակել քաշքշել… հո չե՞նք շարունակի մնալ այն պրիմիտիվ դաստիարակչական թատրոնը, որն իր դարը վաղուց ապրել է: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել