Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցչուհին՝

Նոյեմբեր 29,2005 00:00

Ուսուցչուհին՝ տնօրենի դեմ Երեկ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Իշխան Բարսեղյան) քննության դրվեց Երեւանի թիվ 74 դպրոցի ուսուցչուհի Կարինե Գասպարյանի հայցը ընդդեմ դպրոցի տնօրեն Արսեն Պետրոսյանի: Ուսուցչուհու լիազորված անձն էր ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը, իսկ տնօրենի ներկայացուցիչն էր՝ նույն պալատի փաստաբան Գագիկ Սոլոմոնյանը: Հայցվոր կողմը ներկայացրեց, որ 1989-ից աշխատում է դպրոցում, 2002-ի սեպտեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է նաեւ ուսումնադաստիարակչական գծով փոխտնօրեն: Հայցվորը տեղեկացրեց, որ իրեն «անհայտ պատճառներով» հարաբերությունները լարվել են տնօրենի հետ, որի հրամանագրով իրեն ազատել են փոխտնօրենի պաշտոնից: Ուստի դատարանից խնդրում էր վերականգնել աշխատանքում՝ փոխտնօրենի կարգավիճակով: Հայցվորը լրացուցիչ պահանջ նաեւ ներկայացրեց, տեղեկացնելով, որ հոկտեմբերի 6-ին դպրոցում տեղի է ունեցել մանկավարժական խորհրդի նիստ, հաջորդ օրը տնօրենը խիստ նկատողություն է տվել իրեն, իսկ հոկտեմբերի 8-ին հետեւել է փոխտնօրենի պաշտոնից հանելը: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Գ. Սոլոմոնյանին հետաքրքրում էր, թե ինչ խրախուսանքներ եւ պատվոգրեր է ունեցել մաթեմատիկայի ուսուցչուհին: Դատարանին ներկայացվեց Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Օ. Վաթյանի պատվոգիրը, որը տրվել էր Կ. Գասպարյանին այս տարվա մայիսի 13-ին՝ «անբասիր աշխատանքային գործունեության, երեխաների կրթության եւ դաստիարակության գործում ներդրած ավանդի համար»: Ներկայացվեց տնօրենի եւ արհկոմիտեի նախագահի ստորագրությամբ այս տարվա հունվարի 24-ի Կ. Գասպարյանին տրված բնութագիրը, որում գրված էր մասնավորապես հետեւյալը. «Բազմափորձ ուսուցչուհին օժտված է մանկավարժի նուրբ դիտողականությամբ, իր առարկային տիրապետելու բարձր մակարդակով, որից շահում են ե՛ւ դպրոցը, ե՛ւ աշակերտները»: Պատասխանողին հետաքրքրեց նաեւ, թե տեղյա՞կ է եղել մանկխորհրդի նիստին եւ ի՞նչ հարցեր են քննարկվել այնտեղ: Հայցվորը պատասխանեց, թե գրատախտակին գրված էր, որ բոլորի ներկայությունը պարտադիր էր, սակայն օրակարգի մասին չի իմացել եւ արդյունքում «հնարավոր չէր խոսելը, անիմաստ էր նստել: Մանկխորհուրդը շոուի վերածվեց»: Հայցվորը տնօրենի «օրինախախտումների մասին» դիմել է վերադաս մարմիններին, իսկ իր նկատմամբ սկսվածը համարում է անձնական վրիժառություն: Դատական նիստի ժամանակ ակնարկվեց երեխաներից մեկի՝ Հայկ Ալեքսանյանի՝ Այղր լճում խեղդվելու մասին: Մեր տրամադրության տակ է նաեւ ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանի պաշտոնական պատասխանը՝ կապված ահազանգի հետ: Ըստ ուսումնասիրությունների, Հ. Ալեքսանյանի հետ կատարված դժբախտ պատահարում տնօրինությունը մեղք չունի: Ինչ վերաբերում է ծնողական խորհրդի կողմից դասղեկներից գումարներ ստանալուն, արձանագրվել էր, որ «արտաբյուջետային միջոցների կամավոր մուծումները իրականացվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Տնօրենի փաստաբանին հետաքրքրեց նաեւ, թե որքան աշխատավարձ է ստանում մաթեմատիկայի ուսուցչուհի Կ. Գասպարյանը, նաեւ՝ թե ամուսինը աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Սակայն այն չէր վերաբերում երեկվա վեճի առարկային, հետեւաբար հարցը հանվեց: Դատարանը բավարարեց ուսուցչուհու միջնորդությունը՝ խիստ նկատողության հրամանը պահանջելու, որը մինչեւ երեկ կախված էր դպրոցի պատին: «Հաշվի առնելով, որ գրավոր նկատողությունը փակցված է դպրոցում եւ այդ մեկ օրինակը պատասխանողը հայցվորին չի հանձնել, հայցվորն ի վիճակի չի եղել ներկայացնել դատարանին»,- պատճառաբանեց կողմը: Իսկ տնօրեն Արսեն Պետրոսյանը ասաց, որ հրամանի քաղվածքը տրվել է Կ. Գասպարյանին: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930