Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

Նոյեմբեր 29,2005 00:00

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՆՎԱԳԱՐԱՆԸ՝ ՏԱՐՕՐԻՆԱԿ «ՄԱՏՈՒՑՄԱՄԲ» Ա. Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի բազմամյա դուդուկահար Արմեն Սարգսյանը մի օր որոշեց «ոչ ավանդական» եղանակով շվի նվագել: Պարզվեց, որ քթով էլ է կարողանում նույնքան հաջող նվագել: «70-ականներին 2 շվիով միաժամանակ նվագել է Յուրի Առաքելյանը, բայց դեռ չեմ լսել, որ քթով ինչ-որ մեկը 2 շվի նվագի»,- հավաստիացնում է երաժիշտը: Նա պատմեց, որ ճանաչված երգչուհի Օֆելյա Համբարձումյանին այնքան էլ դուր չի եկել իր այդ համարը, սակայն նույնը խրախուսվել էր Ռուբեն Մաթեւոսյանի կողմից: «Նա խորհուրդ տվեց անպայման շարունակել նվագել, ասաց՝ զարմանալի է քթի օգնությամբ շվիով ժողովրդական մեղեդի հնչեցնելը»,- հիշեց պրն Սարգսյանը: Դուդուկահարը միաժամանակ 2 շվիով քթով նվագում է ժողովրդական մեղեդիների շարան, որոնց մեջ մտնում են «Հովվականը», «Հովվի կանչը», «Նուբար-Նուբարը», «Ավլեմ-թափեմ փոշին» եւ այլ ստեղծագործություններ: Նրա այդ կատարումների ձայնագրությունները պահվում են Հանրային ռադիոյի ֆոնդում: «Շվիներով համարս լավ է ընդունվում ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում: Ճիշտ է՝ սկզբում զարմանում են, բայց հետո հավանում են, որովհետեւ ամեն ելույթից հետո նորից են բեմ հրավիրում»,- ասում է Ա. Սարգսյանը: Նա աշխատել է ճանաչված անսամբլների ու արվեստագետների՝ Օֆելյա Համբարձումյանի, Հովհաննես Բադալյանի, Նորայր Մնացականյանի ու դուդուկի վարպետներ Վաչե Հովսեփյանի, Խաչիկ Խաչատրյանի, Սողոմոն Սեյրանյանի, Հրանտ Թորոսյանի հետ: Համագործակցությունը Ռուբեն Մաթեւոսյանի հետ այժմ էլ շարունակվում է: Ա. Սարգսյանը նվագում է ոչ միայն դուդուկ եւ շվի, այլեւ հոբոյ, զուռնա եւ կլարնետ: Առաջիկայում պատրաստվում է ոչ ավանդական եղանակով կատարել նաեւ Խաչատուր Ավետիսյանի «Կախարդված ծաղիկները»՝ մի հատվածը դուդուկով, մյուսը հոբոյով, մի բաժինն էլ շվիով: Երազում է այն օրը, երբ համատարած հոգածություն կլինի ազգային երաժշտության ու նվագարանների հանդեպ: Ա. Սարգսյանը ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը (Քրիստափոր Բաբայանի դասարանը), այնուհետեւ Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի փողային բաժնի հոբոյի դասարանը: Այստեղ եւս նրան դասավանդել է Ք. Բաբայանը: «Նա ինձ խորհուրդ չէր տալիս դուդուկ նվագել, քանի որ ես հոբոյահար էի, ասում էր դուդուկն ու հոբոյը միանգամայն տարբեր գործիքներ են, եթե երկուսով նվագես, ոչ մի գործիքին էլ լավ չես տիրապետի: Բայց ես մանկուց երազում էի դուդուկահար դառնալ, հետեւաբար դուդուկի հանդեպ սերս չէի կարող սպանել: Ինչ վերաբերում է շվիին, այդ գործիքով նվագել եմ 6 տարեկանից»,- պատմեց երաժիշտը: Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930