Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԱԿԻ

Դեկտեմբեր 01,2005 00:00

ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ «Միջազգային մոնիտորինգային բյուրո» կազմակերպության կայքէջում հրապարակվել է Արտաշես Գեղամյանի մեկնաբանությունը: Նա մեջբերել է ԵԽԽՎ նախագահ Ռընե վան դեր Լինդենի հայտարարությունը, թե ԵԽ-ի համար շատ կարեւոր է, որ հանրաքվեին նախորդող ամբողջ գործընթացը եւ քվեարկությունն անցնեն բաց ու թափանցիկ մթնոլորտում, եւ ապահովվեն հավասար հնարավորություններ նախագծի կողմնակիցների եւ հակառակորդների համար՝ նաեւ հեռուստաընկերություններով: Արտաշես Գեղամյանը մինչդեռ հիշեցրել է, որ ո՛չ իրեն, ո՛չ իր գործընկերներին որեւէ հեռուստաալիք չի տրամադրել եթեր: Հիշատակված է նաեւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Էլսի Հասթինգսի համանման պահանջը, որն առավել կտրուկ էր Հայաստանի իշխանություններից պահանջել ապահովել հավասար հնարավորություններ: Արտաշես Գեղամյանը նաեւ հայտնել է, որ հանրաքվեի նախապատրաստության ամբողջ ընթացքում իրենք միջազգային դիտորդներին տեղեկացրել են, թե ինչ խոչընդոտներ են հարուցում տեղական իշխանությունները: Եվ ընդգծել, որ իշխանությունն անտեսեց ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի համառ հորդորները, եւ վերջիններս որեւէ համարժեք գնահատական չտվեցին դրան. «Ստիպված ենք խոսել կա՛մ ԵԱՀԿ-ի ոչ հետեւողականության, կա՛մ իշխանությունների լկտիության, կա՛մ միջազգային կազմակերպությունների «երկակի չափանիշների» մասին: Ես առավել հակված եմ վերջին տարբերակին: Եվ ահա թե ինչու: Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրն արեւմտյան հեղինակավոր ԶԼՄ-ներում հայտնվեց ԵԱՀԿ գործող նախագահ Դմիտրի Ռյուպելի հարցազրույցը, որի գլխավոր թեզիսն էր՝ պետք չէ ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում եւ Հայաստանում, քանի որ այդ երկու հակամարտող երկրներն այժմ շատ մոտ են ԼՂ խնդրի լուծմանը, եւ եթե այժմ ձախողվի հարաբերությունների կարգավորումը՝ հակամարտության կարգավորումը կհետաձգվի անորոշ ժամանակով: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ հանուն ԼԴ ճգնաժամի հանգուցալուծմամբ շահագրգռվածության՝ Արեւմուտքը զոհաբերեց Հայաստանի ընտրական գործընթացները եւ հանրաքվեն ճանաչեց միջազգային չափանիշներին համապատասխանող»: Ա. Ի.Հ. Գ. Երեկվա հարցազրույցում տեղ էր գտել վրիպակ: Արտաշես Գեղամյանն ասել էր. «Իշխանական ուժերի կողմից տեղամասային հանձնաժողովներ էին գործուղվել 14 հազարից ավելի անդամներ: Նրանցից եւ ոչ մեկը պարկեշտ չգտնվեց կանխելու իրականացված ընտրակեղծիքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել