Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Դեկտեմբեր 07,2005 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ Չեղյալ հայտարարելով շենքի կառուցման համար կնքված վարկային պայմանագիրը Օրեր առաջ «Առավոտի» խմբագրությանն իրենց հայտարարությունն էին ուղարկել Հյուսիսային Հայաստանի՝ Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9/9ա շենքի բնակիչները: Հայտարարությունը գրավոր էր եւ ստորագրված, իրավաբանական ձեւակերպմամբ «պատշաճ» էր: Գյումրեցիները տեղեկացնում էին, որ աղետից հետո քաղաքի կենտրոնական մասում կառուցվեց իրենց շենքը՝ անհատական վարկային միջոցների հաշվին: Կառավարությունն էլ հաստատեց «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը»: Սակայն կարգը հաստատելուց, վարկային պայմանագիր կնքելուց հետո վերոնշյալ բազմաբնակարան շենքը «վերջնական ավարտին չի հասցվել»: Համաձայն վարկային պայմանագրի, որը կնքվել էր «Շիրակինվեստբանկի» հետ, վարկը տրամադրվում էր 16 տարի ժամկետով, վարկառուի «վարկային գիծն» էլ երկու միլիոն չորս հարյուր հազար դրամ էր կազմում, իսկ հիմնական գումարի մարումն էլ սկսվում էր վարկի առաջին մասի ստացման օրվանից սկսած երեք տարի հետո: Ավելին, «վարկառուն հայտարարում էր, որ սույն պայմանագիրը ստորագրելիս ինքը գործում է սթափ մտքով, առանց որեւէ խաբեության, մոլորության կամ սպառնալիքի ազդեցության ներքո, լիովին գիտակցում եւ հասկանում էր սույն պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների իրավական բնույթը եւ հետեւանքները, գործում է իր անկաշկանդ կամքով եւ ցանկությամբ»: Պայմանագրի այս «քնարական» կետը, սակայն, չգիտես ինչու, չէր նախատեսված մյուս կողմի՝ պետություն-վարկատուի համար: Գյումրեցիները հայտարարում էին, որ առանց իրենց՝ «Վերականգնող» կոոպերատիվի ընդհանուր ժողովի որոշման, կանչել են որոշ բնակիչների, ասելով, որ «կատարվում է բնակարանների վերաբաշխում եւ բնակարանների սենյակների թվի կրճատում»: Ըստ բողոքողների, մարզպետարանի աշխատակցուհի Հասմիկ Մելքոնյանը հանդես գալով ՀՀ կառավարության անունից, տեղեկացրել էր, որ այս դեկտեմբերից փոխվելու է շենքի կարգավիճակը, «կիսավարտ շենքը պետականացվել է» եւ, բնականաբար, ուժը կորցրած են համարվելու անհատական ֆինանսավարկային շատուշատ պայմանագրեր, որոնցից մի քանիսը ուղարկվել էին նաեւ խմբագրություն: «Հասմիկ Մելքոնյանը հաճախակի վանկարկում է ՀՀ կառավարության տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի, ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Խաչատուր Վարդանյանի, ՀՀ ֆինանսների նախարարության վարկերի բաժնի աշխատակից Վահե Ջիլավյանի անունները»,- ասված էր հայտարարության մեջ: ՀՀ կառավարության լրատվության պատասխանատու Մերի Հարությունյանը բառացիորեն մեզ փոխանցեց հետեւյալը. «Կառավարությունը ի պաշտոնե այս հարցով չի զբաղվել եւ որեւէ մեկին իր անունից հանդես գալու լիազորություններով չի լիազորել»: Սակայն զարմանալի զուգադիպությամբ Մ. Հարությունյանի հետ խոսելուց 5 րոպե հետո մեզ հեռաձայնեց Շիրակի մարզպետարանի լրատվության պատասխանատու, նույն ինքը «կառավարության լիազոր-ներկայացուցիչ» Հասմիկ Մելքոնյանը, ասելով, թե տեղյակ է խմբագրություն ուղարկած բողոքին: Իսկ քիչ անց հեռաձայնեց կոոպերատիվի նախագահ Հովհաննես Փորսուղյանը, որին հետաքրքրում էր հայտարարության տակ ստորագրողների անհատական տվյալները, ինչը խմբագրությունը չտրամադրեց եւ մտադիր չէ տրամադրելու՝ ԶԼՄ օրենքի «Աղբյուրի պաշտպանության մասին» հոդվածի համաձայն: Հ. Մելքոնյանը ֆաքսով «Առավոտին» էր փոխանցել նաեւ Ամալյա Սիմոնյանի, Լեւոն Աբգարյանի, Բուրաստան Վարոսյանի, Նադյա Առաքելյանի, Սերգեյ Խաչատրյանի, Մկրտիչ Գրիգորյանի, Գուրգեն Աբիսողոմյանի, Սամվել Գրիգորյանի բնակարաններին առնչվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ հիշատակված բնակիչներն այդ տարածքը զբաղեցնում են ապօրինի եւ ենթակա են վտարման: «Առավոտի» հարցին, թե որտեղից է նա տիրապետում այս ինֆորմացիային, Հ. Մելքոնյանը պատասխանեց, որ մարզպետի հրամանով եղել է բնակարանների բաշխման հանձնաժողովի անդամ: Նշենք, որ խմբագրություն ուղարկած գյումրեցիների հայտարարության մեջ կան նաեւ կրիմինալ հնչեղություն ունեցող պնդումներ՝ մասնավորապես մահացած դերասանուհու՝ Նինա Բոխյանի մեկ սենյականոցի վաճառքի եւ մահացած Սեդա Մկրտչյանի բնակարանն այլ բնակիչներով զբաղեցնելու մասին: Նման հայտարարությունները պետք է որ գրավեին համապատասխան մարմինների ուշադրությունը: Իսկ ընդհանրապես, որքանո՞վ է իրավական առանց դատարանի՝ շենքի կարգավիճակը փոխելը, երբ փայատերերի եւ ՀՀ ֆինանսների նախարարության միջեւ կնքված վարկային պայմանագիրն առանց կողմերի համաձայնության ենթակա չէր փոփոխման: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել