Լրահոս
Օրվա լրահոսը

«Լինսին»

Դեկտեմբեր 10,2005 00:00

«Լինսին» վերանորոգում է միայն մեծ տարածքներ Մինչդեռ 70-ամյա դպրոցներում փտած են հատակներն ու առաստաղները Մեր տեղեկություններով՝ մայրաքաղաքի թիվ 71 եւ 5 միջնակարգ դպրոցները ընդգրկվել են «Լինսի դպրոցաշինություն» ծրագրով վերանորոգման ենթակա դպրոցների ցանկում, սակայն ինչ-ինչ պատճառներով ցանկից դուրս են մնացել: Նշյալ դպրոցների տնօրեններն էլ «Առավոտին» հավաստիացրին, որ «Լինսիի» ճարտարապետները եկել են, տարածքն ուսումնասիրել, չափագրումներ ու գծագրեր արել, բայց հետո պարզվել է, որ իրենք ցուցակից դուրս են մնացել: Երկուսին էլ պատճառաբանել են, թե այս դպրոցները չեն համապատասխանում «Լինսիի» չափանիշներին, քանի որ չունեն բավականաչափ տարածք, որպեսզի սպորտհրապարակ եւ դպրոցին կից այլ հարմարություններ կառուցեն: Ավելին՝ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցը, որն իր անմխիթար վիճակի համար ընդգրկված է եղել «սոցներդրումներով» վերանորոգվելու ծրագրում, այստեղից էլ է դուրս մնացել: Դպրոցի տնօրեն Անահիտ Սարգսյանին «սոցներդրումներից» այս փաստը պատճառաբանել են այն հանգամանքով, որ «Լինսիում» արդեն կան: Ճիշտ է, այս դպրոցը հարակից տների բնակիչների հողազավթումների հետեւանքով գրեթե տարածք չունի, բայց կառուցվել է 37 թվականին եւ վերանորոգման խիստ կարիք ունի: Միջհարկային ծածկերը փայտաշեն են, սանհանգույցները՝ անմխիթար վիճակում, կոյուղու եւ ջրատար խողովակները՝ վնասված, ինչի հետեւանքով կեղտաջրերը լցվում են նկուղ: Տնօրենի խոսքերով՝ սպորտդահլիճի հատակի տակ հավաքված ջրի խոնավությունից հատակն ամբողջությամբ փտել է: Տանիքը եւս վնասված է: Մոտավորապես նույն տարիքն ունի թիվ 71 դպրոցը: Տնօրեն Գայանե Դեմիրյանի խոսքերով՝ «ճիշտ է, մեզ պաշտոնապես չեն հայտնել, որ մենք «Լինսիում» կանք, սակայն խոսակցություններ եղել են, եւ հետո բոլոր նախադրյալները կային, որ ընդգրկվեինք, 70 տարվա դպրոց է, արտաքինից բարվոք է երեւում, բայց իրականում հիմնանորոգման կարիք ունի: Մեզ էլ ասացին, որ դպրոցը բավականաչափ տարածք չունի»: Ընդ որում՝ այս դպրոցի բակում եւս ժամանակին անօրինական հողազավթումներ են արվել, ինչի հետեւանքով զգալի կրճատվել է դպրոցի տարածքը: Այժմ էլ աշակերտների սպորտհրապարակի հաշվին դպրոցին համարյա կպած գործում է ավտոլվացման կետ, իսկ պատկան մարմինները ի զօրու չեն այն վերացնել: Մեր հարցերին ի պատասխան՝ «Լինսի դպրոցաշինություն» ծրագրի տնօրեն Հրայր Սարգսյանը խիստ զարմացավ, որ այս կամ այն դպրոցն իրեն «հույսեր է տվել», որ ընդգրկվել է «Լինսիում», քանի որ «Մեր ճարտարապետները 100 դպրոց են այցելել եւ ուսումնասիրություններ կատարել, սակայն վերանորոգման ենթակա դպրոցների ցանկը դեռեւս հայտնի չէ»: Պարոն Սարգսյանը չհամաձայնեց ծրագրից խոսել՝ պատճառաբանելով, որ իրենց կենտրոնական գրասենյակից լրագրողներին տեղեկատվություն տալու թույլտվություն չունի: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031