Լրահոս
Օրվա լրահոսը

2006

Դեկտեմբեր 10,2005 00:00

2006 ԹՎԱԿԱՆՆ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԼԻՆԻ Ձիասպորտի ֆեդերացիան մրցաշրջան-2005-ն ամփոփելու է եկող տարվա հունվարի սկզբներին: Սակայն օրերս մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հարցազրույց անցկացրեց ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանի հետ: – Պարոն Հայրապետյան, անցնող տարին ընդհանուր գծերով ինչպե՞ս կբնութագրեք: – Քանի դեռ վերջնական ամփոփումը չենք ավարտել, հիմա չեմ ուզում կոնկրետ բաներ ասել: Իսկ ընդհանուր գծերով տարին գնահատում եմ դրական՝ այն առումով, որ համեմատած 2004 թվականի հետ, մրցումների քանակը հանրապետությունում երկու անգամ ավելացել է: Մեր մարզիկները մասնակցել են նաեւ արտագնա մրցումների, ինչպես, օրինակ, Վրաստանում: Հիմա էլ մեր նժույգավարներից մեկը պատրաստվում է մոտ օրերս Դուբայում հանդես գալ միջազգային խոշոր մրցաշարում: Այնպես որ, կարելի է ասել՝ մրցաշրջանը մեզ համար դեռեւս չի ավարտվել: – Հայաստանում տարածված է արգելքների հաղթահարումը: Բայց ձիասպորտում կան նաեւ այլ մրցաձեւեր: Դրանք արմատավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվո՞ւմ են: – Անշուշտ: Հիմա մեր ծրագրերի մեջ մտնում է նաեւ գեղավարգը հանրապետությունում ակտիվացնելը: Արդեն ունենք այդ գործով զբաղվող մարզիչ: Ինչ վերաբերում է արագավազքին, դա ձիերի համար մի փորձաշրջան է, որի ընթացքում կենդանիները նախապատրաստվում են մեծ սպորտ մտնելուն: Այս երկու ուղղություններով լուրջ գործունեություն ենք ծավալել: – Ձմռանը ձիասպորտը Հայաստանում, կարծես, քուն է մտնում: Շուրջտարյա մարզումային ու մրցումային պայմաններ ստեղծելու ուղղությամբ ինչ-որ բան արվո՞ւմ է: – Չէի ասի, թե մարզաձեւը ձմռանը կանգ է առնում: Ճիշտ է, մի կարճ ժամանակ մրցումներ չեն կազմակերպվում: Բայց առավելագույնը երկու ամսվա ընթացքում Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում շահագործման ենք հանձնելու ձմեռային ծածկած մանեժը: Դա հնարավորություն կտա ամբողջ տարի եւ մարզվել, եւ մրցումներ կազմակերպել: – Հանրապետությունում ներկայումս ձիասպորտի շուրջ 13 ակումբ է գործում: Մարզաձեւը զարգացնելու միասնական ծրագիր կա՞: – Դրանք բոլորն էլ աշխատում են համագործակցված ինչպես ֆեդերացիայի, այնպես էլ միմյանց հետ: Ֆեդերացիան մի գերխնդիր ունի. ակումբներից պահանջում է հնարավորին չափ շատ երեխաներ ներգրավել ձիասպորտ ու այդ նպատակով անհրաժեշտության դեպքում մասնագետներ տրամադրում նրանց: Չկա մի ակումբ, որն աշխատի ֆեդերացիայից անկախ: Այդ համագործակցության արդյունքում, կարծում եմ, մենք լուրջ հաջողություններ պետք է արձանագրենք: Ավելացնեմ նաեւ, որ ֆեդերացիան իր միջոցներով երեխաներին անվճար անգլերեն է սովորեցնում, համակարգչային դասընթացներ ու անհրաժեշտ այլ բաներ է կազմակերպում: – Ազգային հավաքական ունե՞նք: – Այո: Ավագ մարզիչն էլ Մերուժան Մելքոնյանն է: Սակայն պիտի ասեմ, որ հավաքականը դեռ ձեւավորման, կայացման փուլում է: Տասնհինգ տարի մարզաձեւով զբաղվող չի եղել: Վերջին երեք տարիներին է, որ ձիասպորտն աշխուժացել է: Այդքան կարճ ժամանակաընթացքում, բնականաբար, ամեն բան կատարյալ վիճակի հասցնել, մեծ հաջողություններ ունենալ հնարավոր չէ: Մի օրինակ բերեմ. ձիասպորտում մարզիկ են եւ նժույգավարը, եւ նժույգը: Լուրջ մրցումների մասնակցելու համար մեկ ձի նախապատրաստելը պահանջում է 3-5 տարի: Այն ժամանակվա կենդանիները արդեն տարիքն առել են: Հիմա մենք սկսել ենք երիտասարդ ձիեր նախապատրաստել: Դրան զուգահեռ՝ աճեցնում ենք պատանի ու երիտասարդ նժույգավարներ: Այստեղ ես շատ եմ կարեւորում այն, որ եկող տարի մեր կազմակերպելիք մրցումների, որոնց թիվն այս տարվա համեմատ առնվազն երեք անգամ ավելացրել ենք, առյուծի բաժինը նախատեսված է երեխաների համար: Սա պետք է աշխուժացնել: Դրա համար միջազգային ֆեդերացիայի հետ պայմանավորվածություն ունենք, որպեսզի ապրիլին մի քանի ամսով մարզիչ-մասնագետ գա Հայաստան, աշխատի ու նոր դպրոց ստեղծի: Միջազգային ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության բազմաթիվ այլ ծրագրեր էլ ունենք, ինչպես, օրինակ, եկող տարվա սեպտեմբերին Երեւանում անցկացվելիք օլիմպիական վարկանիշով միջազգային մրցաշարը: – Ի՞նչ է արվում Շարժայի շեյխից նվեր ստացված չորս զտարյուն նժույգների հետ: – Այդ ձիերը տրվել են հիմնականում ձիաբուծությունը զարգացնելու համար: Երկուսը գարնանը ծննդաբերելու են, իսկ արուները գարնանից աստիճանաբար կնախապատրաստվեն մրցումների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել