Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ԳԵՂԵՑԻԿ ՊԱՐՏԻԱ ԵՄ ԽԱՂՈՒՄ»

Դեկտեմբեր 21,2005 00:00

ՖԻԴԵ-ի
նորընծա գավաթակիր Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկ-Մոսկվա-Երեւան չվերթով Երեւան պետք
է ժամաներ երկուշաբթի: Սակայն եղանակի պատճառով օդանավը ոչ
միայն ուշացել էր, այլեւ երեկ վայրէջք էր կատարել Գյումրիում: Նրան դիմավորել էր
ընկերը՝ գյումրեցի շախմատիստ Արա Մինասյանը: Երեկ Լեւոնը վերջապես հասավ Երեւան ու
հանգրվանեց իր մյուս մտերիմ ընկերոջ՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի ընտանիքում,
որտեղ էլ հանդիպեցինք նրան: – Նախ, շնորհավորում եմ փայլուն նվաճման առիթով:
Աշխարհի գավաթը նվաճելուց արդեն մի քանի օր է անցել: Հիմա գիտակցո՞ւմ ես հաղթանակիդ
արժեքը: – Սա իմ առաջին ամենամեծ նվաճումն է: Ուրախ եմ, որ ուրախանում են
հայրենակիցներս, ընկերներս, հարազատներս, մտերիմներս: – Իսկ ի՞նքդ: Գո՞հ ես
քո խաղից: – Չէի ասի, թե մի մեծ բան եմ արել: Յուրաքանչյուր մրցակցի հետ երկուական
հանդիպում էր: Սկզբնական շրջանում անփույթ էի: Օրինակ, Սադվոկասովի հետ վատ խաղացի:
Բայց չգիտեմ, թե ինչո՞ւ՝ համոզված էի, որ պետք է հաղթեմ: Չորրորդ փուլում իսպանացի
Վալյեխոյի հետ սպիտակներով շատ ագրեսիվ հանդես եկա, բայց շուտով պարտված դիրք ստացա:
Բարեբախտաբար, նա չտեսավ հաղթանակի տանող ուղիները: Միայն դրանից հետո հավաքվեցի
ու սկսեցի նորմալ խաղալ: – Մրցակարգով գրեթե ամեն օր հարկադրված էիր խաղալ:
Ծանրաբեռնվածությունը մեծ չէ՞ր: – Ինձ համար՝ չէ: Բայց ամեն օր ինձ աջակցելու
գալիս էին տեղի հայերը՝ Տիգրանը, Վիկտորը, Լեւոնը, Կառլոս հորեղբայրը, Սիրեկան պապիկը,
էլի շատերը: Նրանց բարոյական աջակցությունը շատ մեծ էր: Կարելի է ասել՝ հաղթանակի
կեսը նրանցն է: – Պայքարի թեժ պահին մտածո՞ւմ էիր, որ քո հաղթանակներին սպասում
են Հայաստանում: – Այո: Բացի դա, Գերմանիայից զանգահարում էին մայրս, քույրս,
քրոջս ամուսինը ու ոգեւորում էին: – Երբ նստում ես խաղատախտակի առջեւ, մտածում
ես անպայման հաղթելո՞ւ մասին: – Չէ: Ավելի շատ բավարարվում եմ, երբ լավ պարտիաներ
եմ խաղում, եթե անգամ ոչ-ոքի է գրանցվում, կամ թեկուզ պարտվում եմ: Հաղթանակն ինձ
համար կարեւոր չէ: Աշխատում եմ խաղի ժամանակ հանգիստ լինել: Շատ հաճախ նոր շարունակության
ինչ-ինչ փորձարկումներ եմ կատարում՝ ինձ եմ ստուգում: – Խանտի-Մանսիյսկում
քո ամենալավ պարտիան ո՞րն է: – Որպես այդպիսին, չկա: – Դու Հայաստանի
հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի, աշխարհի առաջնության բրոնզե
մեդալակիր ես: Հիմա արդեն ՖԻԴԵ-ի գավաթակիր: Այս վերջինը իր կարգավիճակով աշխարհի
չեմպիոնի տիտղոսի հետ կարելի՞ է համեմատել: – Ոչ: Ի՞նչ եք ասում: Դրանք տարբեր
բաներ են: Աշխարհի չեմպիոնն անհամեմատ բարձր է: Բայց այս գավաթն ինձ հպարտանալու
իրավունք ընձեռում է: – Վեսելին Տոպալովի հետ, այսպես կոչված, շախմատի վերնագավաթի
մրցամարտ չի՞ նախատեսվում, ինչպես ֆուտբոլում հանդիպում են, ասենք, Եվրոպայի չեմպիոնն
ու գավաթակիրը: – Այդ մասին խոսք չկա: Բայց ինձ համար միշտ էլ հաճելի է ու
պատիվ ուժեղների հետ հանդիպելը: – Ինչքա՞ն ժամանակ է, որ բնակվում ես Բեռլինում:
– Մեկ տարի, բայց արդեն չորս տարի է, ինչ Գերմանիայում եմ: – Դու երբեք
չես խոսում Հայաստանից հեռանալու պատճառների մասին: Հիմա կասե՞ս: – Եկեք անցած
բաները չհիշենք: – Դու պաշտպանում ես Հայաստանի մարզական պատիվը: Հո դրոշը
փոխելու մտադրություն չունե՞ս: – Ոչ: – Հիմա ի՞նչ ծրագրեր ունես: –
Մոտ օրերս մայրս կգա: Նոր տարին Հայաստանում կանցկացնենք: Հավանաբար, Սարգիս պապիկիս
մոտ՝ Նոյեմբերյանի Դովեղ գյուղում: Նա հիմա գյուղի ամենատարեց մարդն է, երկար տարիներ
դպրոցի տնօրենն է եղել: Կարոտել եմ, ինչպես մեր գյուղում են ասում, սինդրիկի համին:
Դա բուժիչ խոտաբույս է: Ափսոս, չգիտեմ, թե գրական լեզվով դրան ինչ են ասում: Երկու
տարի է՝ մսեղեն չեմ օգտագործում: Ուզում եմ հրաժարվել նաեւ ձկնեղենից: Կենդանու միս
ուտելը մի տեսակ սրտիս չի նստում: Իսկ մինչ այդ ուզում եմ շփվել ընկերներիս հետ:
Ինչ վերաբերում է շախմատային ծրագրերիս, հունվարի կեսերին մասնակցելու եմ
Վեյկ ան Զեեում կայանալիք միջազգային գերմրցաշարին: Անկեղծ ասած, իմ այստեղ մնալու
պատճառներից մեկն էլ Հայաստանում ընկերներիս՝ Գաբրիել Սարգսյանի, Արա Մինասյանի,
Արման Փաշիկյանի, Լեւոն Բաբուջյանի, որոնք ինձ օգնում են, հետ այդ մրցաշարին նախապատրաստվելն
է: Հայաստանում մարզվելը լավ է ստացվում: Գերմանիայում մենակ մարզվել ծուլանում եմ:
– Հայաստանում քեզ հասակակից շախմատիստներ կա՞ն, ովքեր կարող են տեղ զբաղեցնել
շախմատային աշխարհի վերնախավում: – Մենք շատ լավ շախմատիստներ ունենք: Վլադիմիր
Հակոբյանը հիմա էլ էլիտայում է: Երիտասարդների մեջ՝ իմ նոր նշած անունները, Կարեն
Ասրյանը: Նրանք ի վիճակի են վերին տեղերի համար պայքարել: Բայց տարիները ցույց են
տալիս, որ ինքնադրսեւորվելու համար պետք է մրցաշարերի շատ մասնակցեն: Բայց չեն կարողանում:
Եթե մասնակցեին, հիմա արդեն թե իրենց վարկանիշով, թե խաղի ուժով գագաթներում կլինեին:
Ես, օրինակ, այս տարի արդեն մոտ 100 պարտիա եմ խաղացել: – Սպիտա՞կ խաղաքարերով
ես քեզ ավելի վստահ զգում, թե՞ սեւերով: – Երբ խաղում ես ուժեղ մրցակցի հետ,
հասկանալի է, սպիտակներով ավելի հանգիստ ես: – Խանտի-Մանսիյսկում գլխավոր
մրցավարը երեւանցի Աշոտ Վարդապետյանն էր: Նրա ներկայությունը քեզ օգնո՞ւմ էր: –
Անպայման: Նա իմ ավագ ընկերն է: Մի քանի անգամ երեկոները հանդիպել ենք: Խաչ ու զրո
էինք խաղում: Դա շատ էր լիցքաթափում ինձ: – Կներես, բայց պիտի հարցնեմ. $100
հազար դրամական մրցանակը ի՞նչ ես որոշե՞լ անել: – Ինչպես ընտանիքս կորոշի:
Մեր ընտանիքը մեծ է: – Ամուսնանալու մտադրություն չունե՞ս: – Ոչ: Չնայած
հայրս հակառակն է պահանջում: Մի ընկերուհի ունեի՝ ռուս էր: Մոտ մեկ տարի միասին ապրեցինք:
Հիմա հեռացել ենք: – 2006-ին ի՞նչ կմաղթես հայաստանցիներին: – Առողջություն,
խաղաղություն եւ երջանկություն: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել