Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺԿ-Ն

Դեկտեմբեր 21,2005 00:00

ԱԺԿ-Ն ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է «ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ» Ազգային ժողովրդավարական կուսակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «ԱԺԿ առաջնային նպատակը եղել եւ մնում է երկրում ժողովրդավարության եւ օրենքի իշխանության հաստատումը: Այդ նպատակին հասնելու համար իշխանափոխությունը միջոցներից մեկն է, եթե, իհարկե, իշխանության գան ժողովրդավարական արժեքներ կրող քաղաքական ուժեր, որոնք պատրաստ են համակարգային փոփոխությունների եւ ունեն բավարար գիտելիք, կամք ու կարողություն՝ երկրում ժողովրդավարություն հաստատելու համար: Սահմանադրական փոփոխությունների գործընթացը ցույց տվեց, որ «Արդարություն» դաշինքում ընդգրկված կուսակցությունների մեծամասնության համար իշխանափոխությունն ինքնանպատակ է: Այդ իսկ պատճառով էլ ընտրվեց սահմանադրական հանրաքվեն որպես իշխանափոխության առիթ օգտագործելու քաղաքականությունը: Նման քաղաքականության ձախողումն ի սկզբանե կանխատեսելի էր, քանի որ. ա/ երկրում բացակայում էր հեղափոխական մթնոլորտը, այդ թվում՝ ընդդիմության նկատմամբ բավարար վստահության բացակայության պատճառով, բ/ ընդդիմության ներքին եւ կազմակերպչական ներուժը բավարար չէր հանրաքվեի միանգամայն կանխատեսելի կեղծիքները կանխելու, առավել եւս հեղափոխական մթնոլորտ ձեւավորելու եւ իշխանափոխություն իրականացնելու համար, գ/ կանխատեսելի էր նաեւ, որ եվրոպական կառույցների ճնշման արդյունքում, խորհրդարանական ընդդիմության կողմից ներկայացված որոշ սկզբունքային առաջարկների ընդունումից հետո, սահմանադրական փոփոխություններին հակադրվելու «Արդարություն» դաշինքի քաղաքական գիծը չէր կարող արժանանալ Արեւմուտքի դրական վերաբերմունքին: Ուստի, այդ պարագայում անիրատեսական էր ակնկալել, որ Արեւմուտքը, ինչպես հետխորհրդային մի շարք երկրներում, կստանձնի իշխանությունների բռնի գործողությունները զսպողի դերը, ինչը կարեւոր գործոն է անարյուն հեղափոխություն իրականացնելու համար»: Հայտարարության մեջ նաեւ նշված է, «Արդարություն» դաշինքի որդեգրած «սխալ քաղաքականությունն իշխանություններին հնարավորություն ընձեռեց առանց լուրջ ջանքերի կեղծել հանրաքվեի արդյունքները, որի հետեւանքով ունենք ավելի հուսահատված ժողովուրդ, ավելի թուլացած դիրքերով ընդդիմություն եւ ավելի սանձարձակ ռեժիմ: Իշխանությունը բռնազավթած վարչակարգը, կեղծելով հանրաքվեի արդյունքները, եւս մեկ հարված հասցրեց մեր պետականությանը: Ստեղծված իրավիճակը չափազանց վտանգավոր է երկրի ժողովրդավարական զարգացման հեռանկարների առումով»: Սակայն ԱԺԿ-ն նաեւ գտնում է, որ «ամենեւին սպառված չէ հասարակության՝ երկիրը դեպի զարգացում եւ եվրաինտեգրացում տանելու ներուժը: Այդ ներուժի արդյունավետ դրսեւորումը կախված է իր արժեքային համակարգով եւ գրագետ գործելակերպով իշխանությանն այլընտրանք հանդիսացող ընդդիմության առկայությունից: Մեր կուսակցությունը շարունակելու է հետամուտ լինել այդպիսի այլընտրանքի ձեւավորմանը եւ այդ նպատակին հասնելու համար համագործակցելու է ժողովրդավարական արժեքներին հավատարիմ քաղաքական ու հասարակական կազմակերպությունների եւ անհատների հետ»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել