Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սովորական»

Դեկտեմբեր 21,2005 00:00

«Սովորական» դպրոցական կրքեր «Բարձր հովանավորներ», «ագենտ աշակերտներ» եւ տնօրենի պայքար փոխտնօրենի դեմ Երկուշաբթի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան էին եկել Հունան Ավետիսյանի անվան 74 դպրոցի 20-ից ավելի մանկավարժներ: Նրանք եկել էին սատարելու իրենց տնօրենին՝ Արսեն Պետրոսյանին: Վերջինիս այս տարվա հոկտեմբերի 6-ի կայացրած հրամանը վիճարկում էր փոխտնօրեն Կարինե Գասպարյանը: Փոխտնօրենը նայելով իր գործընկերներին՝ ասաց. «Պարզ է, որ նրանք տնօրենի կողմը պիտի լինեին: Կնիքն ում մոտ է, դասաբաշխումը ում մոտ է, երկու կոպեկն ում մոտ է՝ խեղճ ուսուցիչը նրա կողմն էլ կլինի»: Սակայն նրան հակադարձեցին իր գործընկերները, հավաստելով. «Մենք խեղճ չենք»: Տնօրենի ներկայացուցիչը՝ փաստաբան Գագիկ Սոլոմոնյանը միջնորդեց, որ դատարանը հարցաքննի մի շարք վկաների, որոնք կպարզաբանեին, օրինակ, թե «քննական հարցաշարը ինչու է Կ. Գասպարյանը սխալ կազմել» կամ «մանկխորհրդի ժամանակ ինչպես է իրեն դրսեւորել նախկին ուսմասվարը»: Հայցվորի ներկայացուցիչը՝ փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանն առարկեց միջնորդության դեմ, նկատելով, որ դրանք «տնօրենի կողմից կազմակերպված գործողություններ են՝ վարկաբեկելու Կ. Գասպարյանի անձը»: Դատարանը միջնորդությունը մերժեց: Դատավոր Իշխան Բարսեղյանին հետաքրքրում էր, թե ինչու Կ. Գասպարյանը առայսօր չի ներկայացրել իր աշխատանքային պլանը տնօրենին, ինչին հակադարձելով՝ Գասպարյանը պատասխանեց. «Նախ տնօրենը չի պահանջել, հավանաբար՝ միտումնավոր, որովհետեւ ուներ այլ պլաններ»: Իսկ աշխատանքային պլանը, ըստ Կ. Գասպարյանի, եղել է տնօրենի սեղանին դրված: Ի դեպ, տնօրեն Ա.Պետրոսյանը ներկայացրել էր առարկություններ, որտեղ նշել էր, որ վերեւից եղած ճնշումների արդյունքում ստիպված է եղել Կ. Գասպարյանին նշանակել ուսմասվար: Փաստաբանի հարցին էլ, թե ո՞ւմ կողմից է ճնշում եղել, տնօրեն Պետրոսյանը պատասխանեց այսպես. «Էական չէ, թե ով է ճնշում գործադրել, հայցվորը շատ լավ գիտի»: Տնօրենը չմեկնաբանեց նաեւ իր իսկ գրածը, այն է՝ Կ. Գասպարյանը հովանավորելով մի քանի միջակ մասնագետների, հայտարարել է, թե կոլեկտիվի հետ է. «Չեմ նշի, թե ովքեր են թույլ մասնագետները, գրածներիս մեջ ամեն ինչ իրական է»: Հայցվորը պահանջում էր վերականգնել իրեն փոխտնօրենի պաշտոնում, իսկ տնօրենը պատճառաբանում էր, որ կոլեկտիվի 54 անդամներից 46-ը կողմ է, որ նա չաշխատի իբրեւ փոխտնօրեն: Ի վերջո, դատարանը մերժեց փոխտնօրենի հայցը եւ Կ. Գասպարյանը մեզ հայտնեց, որ դիմելու է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Տեղեկացանք, որ թվով 52 մանկավարժ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաղդասարյանին, խնդրելով նրան՝ «ի մոտո ծանոթացնել դպրոցում տիրող իրավիճակին», որի սկզբնապատճառը, իրենց կարծիքով, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ, մաթեմատիկայի ուսուցչուհի Կ. Գասպարյանն է: Ուսուցիչներն իրենց նամակում նույնպես ակնարկում են «վերին ատյաններում պաշտոնավարող մի հովանավորի» մասին, որի «ճնշման» արդյունքում ուսուցչուհին դառնում է ուսմասվար: «Սատանայական մի ճարպկությամբ ողջ օրը նա շրջում էր միջանցքներով՝ կարգապահություն հաստատելու պատրվակով, այդ ընթացքում բացել-փակելով դասարանների դռները, խանգարելով դասերը: Յուրաքանչյուր անկարգ աշակերտ վայելում էր նրա հովանավորությունը»,- գեղարվեստական ոճով դիմում են ուսուցիչները ԱԺ նախագահին: Սակայն ուշադրության արժանի է այն, որ Կ. Գասպարյանը շարունակում է աշխատել մաթեմատիկայի ուսուցիչ այն դպրոցում, որի ուսուցիչները գրում են. «Իր ագենտ աշակերտներից կորզում է այնպիսի տեղեկություններ ուսուցիչների մասին, որ տիպիկ է 1937թ. քննիչներին»: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել