Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորին

Հունվար 10,2006 00:00

Ամանորին շատ չենք թունավորվել Իսկ թռչնագրիպը մոտեցել է մեր սահմաններին, բայց առայժմ, կարծես, սահմանը չի անցել Նախաամանորյա եռուզեռն ու գնումների առատությունն այնպիսի տպավորություն են ստեղծում, թե ողջ տարին մարդիկ սպասել են այդ օրվան, որ վերջապես «մի կուշտ փորով» հաց ուտեն: Բնականաբար, տարին մեկ անգամ մատչելի առատ սեղանը թուլացնում է զգոնությունը յուրաքանչյուրի համար հակացուցված ինչ-ինչ սննդատեսակների նկատմամբ՝ «մի անգամ կարելի է» կարգախոսով: Որպես կանոն, այդ օրերին աճում են հատկապես սրտանոթային հիվանդությունների եւ սննդային թունավորումների դեպքերը: Առաջինը կապված է հիմնականում տոների սկզբում ալկոհոլի չարաշահման հետ, իսկ երկրորդը սկսվում է հունվարի 4-5-ից, երբ նախապես պատրաստված ուտելիքը կորցնում է թարմությունը, իսկ թափելն ափսոս է, պետք է այն մի կերպ «իրացնել»: Ըստ Գյումրիի շտապօգնության ծառայության տվյալների՝ այս տարի էլ, նախորդների պես, ծանրաբեռնվել են ստամոքսներ, խառնվել են միմյանց հետ «չխոսող» ուտելիքի տեսակներ, ինչի արդյունքում գրանցվել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Իսկ Երեւանի շտապօգնության ծառայությունը հունվարի առաջին եռօրյայում արձանագրել է սննդային թունավորման ընդամենը մեկ դեպք՝ սնկից: «Տոնական օրերին կանչերի թիվն առանձնապես չի շատացել, ինչպես սովորաբար լինում է»,- «Առավոտին» տեղեկացրին ծառայությունից: Նույնանման պատասխան ստացանք նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական գծով տեղակալ Էդվարդ Զարդարյանից. «Մի քանի տարի առաջվա համեմատ այս տարի մարդիկ ավելի զգոն են, զգույշ, լավորակ սննդից են օգտվում, փչացած ուտելիքից էլ խուսափում են: Այնպես որ, ոչ մի արտակարգ բան մեզ մոտ մի փնտրեք»: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես շատերն անցկացրել են անկողնում, հիմնականում գրիպի եւ ընդհանրապես՝ մրսածության պատճառով: Մեր հիշատակած երկու կազմակերպություններում էլ այդ հիվանդություններով հիվանդների մեծ հոսք չէր արձանագրվել: Իսկ ահա թռչնագրիպի հետ կապված խուճապը ոչ մի կերպ չի լքում մեր տարածաշրջանը, որքան էլ առողջապահության նախարարությունը համոզում է, որ կանխարգելիչ բոլոր քայլերը ձեռնարկվել են եւ վտանգ Հայաստանին չի սպառնում: Անհանգստությունն ակնհայտ է եւ ոչ անհիմն, որովհետեւ հարեւան Թուրքիայում արդեն հաստատվել են թռչնագրիպի վարակի եւ մահվան դեպքեր, եւ թուրքերն այլեւս ստիպված են չթաքցնել H5N1 ցուպիկի առկայությունն իրենց երկրում: Դրա տրամաբանական հետեւանքն այն է, որ վարակը կարող է հասնել Հայաստան՝ Թուրքիայից մեր երկիր չվող վայրի փետրավորների «օգնությամբ»: Իսկ դրանց որոշ տեսակներ դեկտեմբերի վերջերին արդեն ժամանել են: Նրանց կայանման վայրը նաեւ մարդկանց բնակատեղիներին խիստ մոտիկ է՝ արոտավայրեր, ճահիճներ: Իսկ Ռ. Քոչարյանը գրեթե ամեն օր անցկացնում է խորհրդակցություն՝ համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ: Ըստ տեղեկությունների, այսօր հանդիպելու, հարեւան երկրների «գրիպոզ» իրավիճակը քննարկելու եւ անհրաժեշտ նախազգուշական քայլերն են մշակելու նաեւ մեր թռչնաֆաբրիկաների տնօրենները: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել