Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկեսում

Հունվար 11,2006 00:00

Կրկեսում ցուրտ էր ու տխուր Որպես ամանորյա ներկայացում երեխաներին մատուցվեց քայլող ձին եւ «սրամիտ» Ձմեռ պապը: «Չինական կրկես»՝ ավետում էր Երեւանի Լեոնիդ Ենգիբարյանի անունը կրող կրկեսի պաստառը: Եվ քանի որ աշխարհում իրենց անկրկնելիությամբ հայտնի չինական կրկեսի արտիստների ելույթից բացի՝ կրկեսում նախատեսված էր նաեւ ամանորյա տոնական միջոցառում, որոշեցինք, որ դրանից լավ բան երեխայի համար չես մտածի: Հունվարի 8-ին գնացինք կրկես: Ավտոտնակի դարպասներ հիշեցնող դռներն արդեն կասկած գցեցին, որ կրկեսում վերջին տասնամյակներին ոչինչ չի փոխվել: Տարտամ կասկածը դահլիճ մտնելուց հետո դարձավ տխուր իրողություն. դահլիճի հնոտ նստարանները, արենայի պատառոտված եւ տեղ-տեղ բավական տեսանելի կարկատաններով կարմիր մահուդը, կարծես դարերի խորքից եկող հնաոճ զարդարված տոնածառը եւ անտանելի ցուրտը թեեւ այնքան էլ տրամադրող չէին, սակայն դահլիճը լեփ-լեցուն էր երեխաներով, եւ չէր բացառվում, որ տեղի ունենալիք ներկայացումը գուցեեւ որոշ չափով սփոփեր առաջին տպավորությունը: Ներկայացումը բացեց շիկահեր եւ երիտասարդ մի կին, որը ոգեւորությամբ ներկայացրեց չին արտիստների հմտությունները՝ չմոռանալով շեշտել, որ մենք՝ հայերս, եւս ունենք լավ արտիստներ, որոնք կրթվել են մեր կրկեսի ստուդիայում: Վստահաբար կարելի էր պնդել, որ գոնե ամսի 8-ին նրանք հաստատ Հայաստանում չէին եւ մեր երկրի կրկեսի պատիվը, ինչպես շիկահերն ասաց, պահում են հեռավոր երկրներում: Գեղեցկատես երկու չինուհիների գուցե գողտրիկ, բայց պարզունակ համարից հետո հայ շիկահերն ազդարարեց, որ այժմ բեմ են դուրս գալու կենդանիները, որոնց վարժեցրել է անձամբ ինքը: Երեւաց ձին, որը Ռավելի «Բոլերոյի» տակ մտրակի հարվածներ ուտելով քայլում էր արենայով (համաձայնեք, առանց որեւէ մեկի մտրակի՝ ձին կաներ նույնը) եւ քայլելուց հետո խոնարհվում: Նրանից ավելի հաճախ խոնարհվում եւ ծափեր էր ակնկալում վարժեցնող կինը: Վիվալդիի «Տարվա եղանակների» տակ ձին սկսեց արագ վազել, իսկ արդեն Խաչատրյանի «Սուսերով պարի» ընթացքում թռավ սուսերներով պատված օղակի միջով: Ձիու դոփյուններից առաստաղի ծեփը սկսեց թափվել նրա գլխին: Ձիուց հետո մի քանի պտույտ արեցին երեք ջայլամները, իսկ նրանց հաջորդած լամային ոչ մի կերպ չկարողացան համոզել թռչել խոչընդոտի վրայով. վերջինս իրեն անընդհատ ետնաբեմ էր նետում: Շատ պատվավոր պտույտի ելավ (ընդ որում՝ կառքին բազմած) առյուծի ձագուկը, որին կրկեսին էր նվիրել Գագիկ Ծառուկյանը: Դրանից հետո հայտարարվեց ընդմիջում, որից առաջ շիկահերն առաջարկեց ընդմիջման ընթացքում առաջացող ձանձրույթը փարատել առյուծի ձագուկի հետ լուսանկարվելով եւ ձիու մեջքին նստած՝ ասպարեզով պտտվելով: Ավելորդ է ասել, որ լուսանկարվել կարելի էր բացառապես տեղի լուսանկարչի միջոցով, որը յուրաքանչյուր նկարի համար 500 դրամ էր վերցնում՝ հավանաբար չիմանալով, որ լուսանկարչական արվեստն՝ ի տարբերություն մեր կրկեսի, բավական զարգացած է եւ ընդամենը 50 դրամով կարելի էր այդ հարցը լուծել: Բեմում իր հմտությունները խնայած ձին ընդմիջմանը դանդա՜ղ ճեմում էր՝ մեկ մի, մեկ մյուս երեխան մեջքին. մեկ պտույտը ձին իրականացնում էր 500 դրամով: Ընդմիջումից հետո մեջտեղ եկավ Ձմեռ պապը: Իրեն երկար չսպասեցնելով՝ եկավ նաեւ մանկահասակ Ձյունանուշիկը: Նրանց հետ ասպարեզ եկան, ինչպես հետո պարզվեց, Քաջ Նազարը՝ շղթայակապ արջուկի հետ: Նազարը արջին օղու շշից թափանցիկ հեղուկ խմեցրեց՝ խիստ զվարճացնելով Ձմեռ պապին, որը, դատելով արված հումորներից, եւս դեմ չէր մինչեւ ներկայացումը մեկ-երկու բաժակ այդ թափանցիկ խմիչքից ընդունել. «Բա՛, Նոր տարի է, արջն էլ պետք է խմի, չէ՞, ի՜մ թոռնիկներ»: Մի խոսքով, որքան էլ չին տղաներն՝ առանց իրենց խնայելու, անում էին այն, ինչ գիտեն եւ կարող են, դահլիճում ցուրտը սաստկանում էր, կրկեսը րոպե առաջ լքելու ցանկությունը՝ ավելանում: Ներկայացման վերջում շիկահերը դարձյալ հիշեցրեց, որ առյուծի ձագի հետ լուսանկարվել չհասցնողների սխալը հնարավոր է շտկել ներկայացումից հետո: Ավելի՛ն, կարելի է լուսանկարվել նաեւ Ձմեռ պապի հետ: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել