Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԼԻԲԵԿՅԱՆԸ

Հունվար 12,2006 00:00

ԷԼԻԲԵԿՅԱՆԸ ՉԻ ԳՏՆՈՒՄ ԻՐ ՏԵՂԸ Նրա կարծիքով՝ Հայաստանն իր բարձրակարգ նկարիչներին լավ չի պահում Հունվարի երկրորդ կեսին «Գեւորգյան» ցուցասրահում կբացվի անվանի նկարիչ Հենրի Էլիբեկյանի «Ինքնադիմանկարն իմ ժամանակակիցն է» նկարաշարը: Հերթական նախագծի էպիկենտրոնը նկարչի՝ ժամանակի եւ տարածության մեջ դրված տիեզերական եսն է, որը միշտ ընդվզող, ագրեսիվ ու գերլարված է: Սեփական եսի պրիզմայով է նա անցկացնում մեր օրերի բարոյաէթիկական դեֆորմացիաները՝ արվեստի դաշտ բերելով մարդկային ճիչն ու ցասումը: «Առավոտի» հետ զրույցի սկզբում տարբեր տարիներին մի շարք «նախազգուշական» ակցիաներ անցկացրած 70-ամյա նկարիչը նորանկախ Հայաստանի կյանքը համարելով աբսուրդ՝ նկատեց. «Պարզապես գժվում եմ, փողոցում ամեն տասը մետրի վրա լսում եմ երաժշտություն, որը էս քաղաքի հերն անիծում է: Մտածում եմ՝ վերջնականապես փախչեմ-գնամ Մոսկվա, բայց դա հարցի լուծում չէ: Հայաստան պետությունը թող իր բարձրակարգ նկարիչներին, որոնք ամենաուժեղ զորքն են համաշխարհային ստանդարտների մեջ, դեսանտ ուղարկի, գնանք գրավենք եվրոպական երկրները, փող բերենք: Եթե իրենք այդքան ուղեղ չունեն, մենք իրենց սովորեցնենք: Կան, չէ՞, մեծահարուստներ, ովքեր փողերի վրա սուրճ են պատրաստում ու խորոված, իսկ նրանք ինչո՞ւ մեր նկարները չեն գնում: Ումի՞ց ենք պակաս, ինչո՞ւ պետք է ապրենք ավելի վատ, քան եվրոպացիները»: Այսուհանդերձ, ճանաչված նկարիչը կարծում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Նա համոզված է, որ կարելի է դեմոկրատական երկիր կառուցել՝ բառի իսկական իմաստով: «Եթե երկու հոգի ելույթ են ունենում ու խոսում, թե ինչպես կարելի է պետություն ստեղծել, դա դեռ չի նշանակում, թե հեղափոխություն է տեղի ունենում: Օրինակ՝ հարգում եմ Պուտինին, ոչ թե նրա համար, որ ռուսահպատակ եմ, այլ որովհետեւ նա կարողանում է պայքարել չինովնիկների, կաշառակերների դեմ»,- հավաստիացնում է Հ. Էլիբեկյանը: Չմոռանալով իր հայ լինելը, նկարիչը ընդգծում է, որ իր դաստիարակությամբ հայ չէ, որովհետեւ նախանձ չէ, որովհետեւ ազատ է: «Ամենավտանգավորը, որ ազգիս մեջ վախի զգացում կա: Գուցե դա դեռ էն ժամանակներից է գալիս, որովհետեւ տարբեր ժողովուրդներ բռնել են մեզ ու բռնաբարել: Այո, պատմությունը մեր դաժան է եղել, բայց երբ հիմա բռնաբարող չկա, ինչո՞ւ ենք մենք մեզ բռնաբարում: Կրկնում եմ՝ ինչո՞ւ չենք կարող դեմոկրատ լինել: Պարզապես մեր վատն այն է, որ թվում է, թե բոլորս ամեն ինչ հասկանում ենք: Մյուս կողմից՝ եթե դա իրոք այդպես է, ինչո՞ւ չենք մասնակցում պետական գործընթացներին: Մի բանում համոզված եմ. հայաստանյան գործընթացներին պիտի մասնակցեն աշխարհի հայերը: Հիմա էլ ՀՀ քաղաքացի դառնալով, հնարավորություն ունեն եւ իրենց բերել հայրենիք, եւ իրենց փողերը»,- վստահեցնում է Էլիբեկյանը: Հիշեցնենք, որ նկարիչ Հենրի Էլիբեկյանի ստեղծագործությունները վաղուց գտնվում են Արեւելքի ժողովուրդների, Բախրուշինի անվան պետական կենտրոնական թանգարաններում, Մոսկվայի Սախարովի անվան, «Խաղաղություն, առաջընթաց եւ մարդու իրավունքներ» կենտրոնում, Տրետյակովյան պատկերասրահում եւ այլ քաղաքների նմանատիպ օջախներում, ինչպես նաեւ անհատական հավաքածուներում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել