Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ

Հունվար 20,2006 00:00

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՈՍ ԿՍՏԵՂԾԻ» Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի գրողների միության նախագահության անունից Լեւոն Անանյանը նամակով իր մտահոգությունն էր հայտնել ԳԱԱ-ի շուրջ ստեղծված անորոշության մասին: «Վերջին տասնհինգ տարիների ընթացքում գիտության կազմակերպման բնագավառում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, որոնք պետք է լուծվեն կառավարության ու գիտնականների համատեղ ջանքերով։ Բայց ակադեմիական կառույցը պետք է պահպանվի իբրեւ Հայաստանում գիտության կազմակերպման կենտրոն, մանավանդ որ Ազգային ակադեմիան մեր ժողովրդի գիտակցության մեջ հիմնավորապես ընկալվում է որպես ազգային պետականության բաղադրիչ»,- ասվում էր նամակում։ Մտահոգությունը, ինչպես հետո պարզվեց, դարձյալ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացության շուրջ էր: Այդ մասին ավելի կոնկրետ Լեւոն Անանյանը չխոսեց, այլ խորհուրդ տվեց զրուցել գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանի հետ: Ամենաանընդունելին ակադեմիայի՝ հ/կ-ի վերածելու մասին առաջարկն է: «Մենք բոլորս մտահոգված ենք ակադեմիայի ճակատագրով. ակադեմիան իբրեւ կառույց պիտի պահպանվի՞, թե՞ ոչ: Էմոցիաները թողնելով մի կողմ՝ հասկանանք, թե ինչն է խնդիրը: Ակադեմիան վերացնելը կօգնի՞ արդյոք գիտության կազմակերպման լավացմանը: Ես կարծում եմ՝ ոչ: Ակադեմիան պետք է աստիճանական էվոլյուցիայի ենթարկվի, եւ ոչ՝ հեղափոխական: Եթե նրանք մտածում են գիտական հետազոտությունները կենտրոնացնել համալսարաններում, այսինքն՝ մոտենալ եվրոպական, ամերիկյան ձեւին, դա հիմա հնարավոր չէ անել, որովհետեւ չկան հմտությունները, որպեսզի կարողանանք դրանք համատեղել: Այս հեղափոխական ճանապարհը քաոս կստեղծի գիտության կազմակերպման գործում: Որովհետեւ մենք 70 տարի նույն ճանապարհով ենք գնացել, եւ փորձը ցույց է տալիս, որ իբր հինը միանգամից փոխում են՝ դրանից լավ բան չի ստացվում: (Պրն Եղիազարյանը միաժամանակ ընդունում է, որ այսօր արդեն հասարակարգը փոխվել է- Հ. Բ.): Հիմա չպետք է թույլ տալ համընդհանուր փլուզում, իսկ հետագայում պետք է ճշտել նախագահության, ընդհանուր ժողովի, ինստիտուտների ֆունկցիաները, ստեղծել մրցակցային դաշտ: Ակադեմիան կարող է ինքը կոորդինացնել այդ ամենը, եթե մի քիչ պակասեն բյուրոկրատական տարրերը, եւ այն դառնա մրցասպարեզ, որտեղ գաղափարներ են մրցում եւ ստանում են գրանտներ՝ ըստ այդ մրցակցության»: Պրն Եղիազարյանը նաեւ հիշեցնում է մի փաստ, որի մասին բոլորը մոռանում են: Դա այն է, որ մենք ունենք «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որով ամրագրված են ԳԱԱ դերը եւ կարգավիճակը: «Օրենքի նկատմամբ նվազագույն հարգանք է պետք: Ուրեմն սա կոմպլեքս խնդիր է: Ակադեմիայի ճակատագիրը որոշելուց առաջ պետք է նախ այդ օրենքը վերանայել»: Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե ԳԱԱ նախագահությունն այսօր միայն փող է ուտում, ապա Ա. Եղիազարյանն օրինակ է բերում իրենց՝ հումանիտար եւ հասարակական գիտությունների բաժանմունքը, որը միշտ էլ ակտիվ աշխատել է: «Բոլորը մատնացույց են անում նախագահությունը, բայց վերջիններս շատ պասիվ են այս հարցում: Այս ամենն ուղղված է նաեւ ակադեմիկոսների դեմ: Սա հին պատմություն ունի. որ ակադեմիկոսները ոչինչ չեն անում… գուցե այստեղ ճշմարտություն կա: Բայց խոսքը, իհարկե, բոլորին չի վերաբերում: Չեմ կարող ասել, որ բոլոր ակադեմիկոսները լավ գիտնական են եւ բոլորն ակտիվ աշխատում են, բայց նաեւ չեմ կարող ասել, որ բոլորը պարապ են: Ինչ վերաբերում է նրանց ընտրությանը, ապա ցանկացած ընտրություն իր մեջ ունի սուբյեկտիվ տարր: Անխուսափելիորեն շատ հաճախ ակադեմիկոս են դառնում մարդիկ, ովքեր այդքան մեծ համբավ չունեն: Իհարկե, նաեւ դրանից հետո պատահում է, որ նրանք այլեւս դադարում են ակտիվ գործունեություն ծավալել»: Ազատ Եղիազարյանը վերապահում ունի նաեւ ինստիտուտների տնօրենների փոփոխության հարցում: Ըստ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, նրանց տարիքն էլ չպետք է գերազանցի 65-ը: Ըստ պրն Եղիազարյանի, պետք է հարցը ոչ թե տարիքի հետ կապել, այլ ժամկետի: «Տնօրենը պետք է աշխատի 2 կամ 3 «սրոկ»: Երբ նույնիսկ մեծ գիտնականը 40 տարի տնօրեն է աշխատում, վերջին 20 տարին նա չի աշխատում, դա հոգեբանական պահ է: Իսկ 10-15 տարի նա կարող է շատ արդյունավետ աշխատել: Եթե մեր Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը մի քանի անգամ ուղեկցել է ՀՀ նախագահին՝ արեւելք կատարած այցերի ժամանակ, ուրեմն լավ մասնագետ է, ի՞նչ կապ ունի, որ 75 տարեկան է»: Գրականության ինստիտուտի տնօրենը նպատակահարմար չի գտնում նաեւ Լեզվի եւ Գրականության ինստիտուտների միացումը, ինչը նախատեսված է իրականացնել առաջիկայում: «Դա գիտականորեն նպատակահարմար չէ, որովհետեւ գրականագիտությունն ու լեզվաբանությունն այնքան են իրարից հեռացել, որ մեկ հաստատության մեջ հնարավոր չէ կոորդինացնել 2-ի աշխատանքները»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. ԳԱԱ կանոնադրությամբ՝ 3 տարին մեկ կառավարությունը ԳԱԱ-ի հետ պետք է հայտարարի ակադեմիկոսի թափուր տեղ: Կանոնադրության խախտմամբ, 6 տարի է՝ ակադեմիկոսի ընտրություններ չեն եղել, եւ ակադեմիկոս դառնալու հնարավորությունից, ի թիվս այլոց, զրկվել է նաեւ Ազատ Եղիազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել